«Իմ ցանկությունների մասին եթե դուք իմանայիք… տարբեր ժամանակներում մամուլը գրել է, որ դառնալու եմ նախագահ, ոստիկանապետ: Նման հարց իմ հեռու մտքերում էլ չի եղել»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Հիշեցնենք, «Ժամանակը» հրապարակել էր, որ 2018 թվականի ապրիլից հետո նախատեսվող կառավարման համակարգի փոփոխություններում ՀՅԴ-ին փոխվարչապետի պաշտոն է առաջարկվելու, որին հավակնում է Աղվան Վարդանյանը:
Բայց Աղվան Վարդանյանը նաեւ նկատում է`«աշխարհը պտտվում է եւ ոչինչ չի բացառվում»:
Անդրադառնալով խորհրդարանում այսօր սկսված 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկումներին էլ , Աղվան Վարդանյանն ասաց`ոլորտային քննարկումներ են իրականացվել եւ իր առաջին տպավորությունն այս նախագծից դրական է: Ասում է` բյուջեի հիմնական ցուցանիշները ընթացիկ եւ կապիտալ ծախսերի չափաբաժինը, վերջին տարիներին համաչափ չեն եղել: Տարիներ շարունակ կապիտալ ծախսերը չեն ավելացվել: Եկող տարի նախատեսվում է մոտ 100 միլիարդով ավելացնել բյուջեն, որի 70-ը գնալու է դեպի կապիտալ ծախսերի ավելացում: Սա, Աղվան Վարդանյանին հույս է տալիս: Կառավարությունն էլ է խոստանում, որ այս եւ եկող տարիները լինելու են զարգացման եւ հնարավորություն է լինելու աշխատավարձերին եւ թոշակների բարձրացմանն անդրադառնալ:
«Համարձակ քայլի է գնացել կառավարությունը»,- ասում է նա`հավելելով, որ աշխատավարձերի, թոշակների բարձրացման հնարավոր կլինի գնալ գոնե հինգ տոկոս աճի պայմաններում: Բայց այն փոփոխությունները, որոնք հիմա կատարվում են ոլորտներում, նույն առողջապահության եւ սոցիալական համակարգերում, հույս են ներշնչում, որ քաղաքացու շահերից դրական միտումներ են նախատեսվում: Ավելին, իր գնահատմամբ, դրական միտումներն արդեն առկա են: Ուստի, ինքն այդ բարեփոխումներն ավելի է գնահատում, քան մի քանի հազար դրամով թոշակի կամ աշխատավարձի ավելացումը:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ