ՀՀ վարչապետի ելույթը ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացման կապակցությամբ
Հարգելի գործընկերներ,այսօրվանից մեկնարկում են Հայաստանի Հանրապետության 2018 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները: Մաղթում եմ և հույս եմ հայտնում, որ կլինեն արդյունավետ քննարկումներ: Նաև մեր պատրաստակամությունն ենք հայտնում՝ բոլոր հարցերին բաց, հրապարակային, կոնստրուկտիվ, օպտիմալ լուծումների գտնելուն ուղղված քննարկումների: Համոզված եմ, որ քննարկումների արդյունքում կունենանք այս պահի դրությամբ մեր երկրի և քաղաքացիների շահերը լավագույնս արտահայտող և մեր զարգացման ծրագրերի ընթացքն ապահովող բյուջե 2018 թ. համար: Հաշվի առնելով մեր կառավարության 2017-2022 թթ. ծրագրի նպատակադրումները՝ 2018 թ. բյուջեում հարկաբյուջետային քաղաքականության մոտեցումների մեջ մենք փոփոխություններ են նախագծել:
Միջնաժամկետ հորիզոնում, չնայած հարկաբյուջետային քաղաքականությունը շարունակվելու է սահմանափակված մնալ պարտքի կայունության ապահովման անհրաժեշտությամբ, այնուամենայնիվ, հարկաբյուջետային քաղաքականությունն իրականացվելու է ծախսային կառուցվածքի վերանայմամբ՝ առավել շեշտադրելով կապիտալ ծախսերի իրականացման անհրաժեշտությունը տնտեսական աճի կայուն հիմքերի ապահովման հարցում:
Պետական բյուջեի նախագիծը բավական ծավալուն փաստաթուղթ է, և Ազգային ժողովում, մասնավորապես, հանձնաժողովների նիստերում նախատեսվում է դրա խորը քննարկումը:
Այդ կապակցությամբ այսօր չեմ ծանրաբեռնի ձեր ուշադրությունն առանձին մանրամասներով՝ նաև նկատի ունենալով, որ թե՛ դուք, և թե՛ հանրությունն առաջիկա օրերին հնարավորություն կունենաք ստանալ ֆինանսների նախարարի և գործադիր իշխանության մարմինների ներկայացուցիչների պարզաբանումները բյուջեի նախագծի վերաբերյալ: Դրա հետ մեկտեղ՝ կցանկանայի շեշտադրել բյուջեի նախագծի հիմքում ընկած մի քանի դրույթներ.
1. Վերջին մի քանի տարիներին Հայաստանի տնտեսությունը բնութագրվում է արտաքին աշխարհից ներթափանցող բացասական ցնցումներով, որի արդյունքում գրանցվել է տնտեսական աճի ցածր մակարդակ՝ աստիճանաբար նվազեցնելով տնտեսական աճի ներուժը: Ընթացիկ զարգացումները չնայած հուսադրող են, սակայն տնտեսական աճի հիմքերը դեռևս բավարար ամուր չեն՝ երկարաժամկետ բարձր տնտեսական աճին հավակնելու համար: 2017 թ. հաստատվեց բյուջետային մի շրջանակ, որը բնորոշում է տնտեսական իրավիճակի կայունացումը:
Ինչ վերաբերում է 2018 թ. բյուջետային շրջանակին, ապա վերջինով ծրագրել ենք այնպիսի հարկաբյուջետային քաղաքականություն, որը կկանխորոշի հետագա տնտեսական զարգացումների մեկնարկը:
Այլ կերպ ասած, առաջարկվող հարկաբյուջետային քաղաքականությունը հիմքեր կստեղծի՝ ապագայում ապահովելու միջինում 5 տոկոսանոց տնտեսական աճ, ինչն էլ հնարավորություն կտա ավելի արդյունավետ լուծել մեր առջև ծառացած խնդիրները թե´ կայուն երկարաժամկետ զարգացման առումով, և թե´ սոցիալական բնույթի: Նշված ցուցանիշին հասնելը բոլորիցս մեծ ջանքեր և ծավալուն աշխատանք կպահանջի:
2. Պետական բյուջեի ծախսային քաղաքականությունը հիմնված է լինելու հստակ կանոնների վրա, որի առանցքում դրվել են ինչպես տնտեսական աճը, երկրի անվտանգությունը, այնպես էլ սոցիալական նպատակայնությունը: Նշված քաղաքականությունը կապահովի երկրի գրավչության աստիճանի բարձրացումը՝ ձևավորելով կայուն երկարաժամկետ, անվտանգ զարգացման ամուր հիմք:
3. Մեր եկամտային քաղաքականությունը լինելու է հավասարակշռված՝ թե՛ ստվերային տնտեսության կրճատման, և թե՛ գործարար միջավայրի բարելավման տեսանկյունից: Այստեղ կարևորվել է արդյունավետ եկամտային համակարգի հիմքերի ձևավորումը, որը կապահովի հարկային եկամուտների կայուն առաջընթացը ՀՆԱ աճից, ինչպես նպատակադրված է Կառավարության ծրագրում:
Այս քննարկումները լավ հնարավորություն են միասին մանրամասն ուսումնասիրելու մեր ամենակարևոր փաստաթղթերից մեկը, և ես վստահ եմ և հուսով եմ, որ մենք բոլորս կօգտագործենք այս հնարավորությունը, աշխատենք մաքսիմալ արդյունավետ, պրագմատիկ և ռացիոնալ, որպեսզի ստանանք մեր երկրի և քաղաքացու համար այս պահին հնարավոր լավագույն արդյունքը:Եվս մեկ անգամ բոլորիս ցանկանում եմ արդյունավետ աշխատանք և լավ տրամադրություն:Շնորհակալություն:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ