Լրահոս
Օրվա լրահոսը

«Կնոջը փակել են գոմում, կապել ոտքերը». ի՞նչ տեսակներ ունի բռնությունը (Տեսանյութ)

Հոկտեմբեր 30,2017 13:30

Կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալը եւս բռնություն է

«Կանանց ռեսուրսային կենտրոնե» հ/կ-ի իրավաբան, փաստաբան Նվարդ Փիլիպոսյանը համոզված է, որ հայ հասարակությունում «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքն անհրաժեշտություն է: «Մենք առնչվել ենք շատ դեպքերի, երբ բռնության ենթարկված կանայք դիմել են մեզ իրենց խնդիրներով: Գործնականում չկան մեխանիզմներ, որոնց միջոցով մենք կկարողանայինք նրանց պաշտպանել նման իրավիճակներում: Առաջնահերթ, խոսքն այն իրավիճակների մասին է, երբ կնոջ առողջությանը եւ կյանքին անմիջական վտանգ է սպառնում՝ շարունակական ֆիզիկական բռնության պատճառով»,-«Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» աղմկոտ օրինագծին՝ ասում է Նվարդ Փիլիպոսյանը:

Նրա բնորոշմամբ՝ հաճախ բռնության ենթարկվող կանայք շարունակում են բռնարարի հետ նույն տանիքի տակ ապրել, քանի որ երեխաների հարցը կա, կամ՝ գնալու տեղ չունեն. «Ասում են, որ ամուսնալուծությունը կարող է լուծում լինել, բայց լինում է նաեւ այնպես, որ անգամ ամուսնալուծությունից հետո բռնարարը շարունակում է հետապնդել կնոջը, գնալ նրա աշխատանքի վայր, ֆիզիկապես վնասել, անվանարկել կնոջը, եւ այլն: Այս ամենի դեմ պայքարելու միջոցներ ներկայիս օրենսդրությունը չունի: Եթե անգամ ոստիկանություն են դիմում, կատարվածը սպառնալիք է համարվում, մինչդեռ այն ավելին է, քան սպառնալիք, ուստի քրեական գործ չի հարուցվում: Քրեական օրենսդրությունը պաշտպանում է այն դեպքում, երբ արդեն քրեական գործ է հարուցվում, երբ կան հանցագործության ապացույցներ: Բայց երբ անձի կյանքին վտանգ է սպառնում, կինն, օրինակ, կացնահարվում է նախկին ամուսնու կողմից: Ունենք նաեւ կանանց սպանության դեպքեր»:

Նվարդ Փիլիպոսյանն առանձնացնում է բռնության հիմնական տեսակները. «Ֆիզիկականը, որն ամենաակնառուն է: Հոգեբանական, երբ անձին հոգեկան տառապանքներ են պատճառում, օրինակ՝ սահմանափակում են ազատությունը: Ունենք դեպք, երբ կնոջը փակել են գոմում, կապել ոտքերը…: Բռնությունը նաեւ տնտեսական է լինում, երբ անձին, օրինակ, թույլ չեն տալիս աշխատել, կամ աշխատավարձը վերցնում են ձեռքից: Մեզանում ընդունված չէ համարել, որ ամուսին-կին հարաբերություններում կարող է լինել սեռական բռնություն, բայց իրականում բռնություն ասելով՝ հասկանում ենք, երբ անձն իր կամքին հակառակ է ինչ-որ բան անում: Եթե ստեղծվել է իրավիճակ, երբ կինը չի ցանկանում ամուսնու հետ սեռական հարաբերության մեջ մտնել, եւ դա տեղի է ունենում նրա կամքին հակառակ, դա եւս բռնություն է: Էլ չասած դեպքերի մասին, երբ երեխաների հանդեպ է ընտանիքում սեռական բռնություն կիրառվում: Այս պարագայում երեխան ավելի քիչ պաշտպանության միջոցներ ունի»:

Նվարդ Փիլիպոսյանը նաեւ ընդգծում է՝ իրավունքի մեկնաբանությունը եւս տրամաբանության շրջանակներում պետք է մեկնաբանվի, ուստի, եթե օրինակ՝ ծնողները երեխային թույլ չեն տալիս մոտենալ կրակին, ապա նման դաստիարակչական նորմը ոչ մի կերպ չի կարող բռնություն համարվել:

ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ»

28.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031