Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը խոստանում է ապագայում ապահովել միջինը 5%-անոց տնտեսական աճ

Հոկտեմբեր 30,2017 11:16

2018-ի բյուջեի նախագծի քննարկումներն ԱԺ-ում սկսված են: Այսօր ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն իր բացման խոսքում լավատեսական խոստում տվեց՝ այնպիսի հարկաբյուջետային քաղաքականություն են առաջարկում, որը հիմքեր կստեղծի ապագայում ապահովել միջինում 5%-անոց տնտեսական աճ:

Կարեն Կարապետյանն ասաց. «Հաշվի առնելով կառավարության հնգամյա ծրագրի նպատակադրումները՝ 2018թ-ի բյուջեում հարկաբյուջետային քաղաքականության մոտեցումների մեջ փոփոխություններ ենք կատարել: Միջնաժամկետ հորիզոնում, չնայած հարկաբյուջետային քաղաքականությունը շարունակելու է սահմանափակված մնալ պարտքի կայունության ապահովման անհրաժեշտությամբ, այնուամենայնիվ, հարկաբյուջետային քաղաքականությունն իրականացվելու է ծախսային կառուցվածքի վերանայմամբ՝ առավել շեշտադրելով կապիտալ ծախսերի իրականացման անհրաժեշտությունը տնտեսական աճի կայունության ապահովման հարցում»:

Կարեն Կարապետյանը նշեց, որ վերջին մի քանի տարիներին մեր տնտեսությունը բնութագրվում է արտաքինից ներթափանցող բացասական ցնցումներով, որի արդյունքում գրանցվել է տնտեսական աճի ցածր մակարդակ եւ նվազեցրել տնտեսական աճի ներուժը. «Ընթացիկ զարգացումները չնայած հուսադրող են, բայց տնտեսական աճի հիմքերը դեռեւս բավարար ամուր չեն, երկարաժամկետ բարձր տնտեսական աճին հավակնելու համար: Այլ կերպ ասած՝ առաջարկվող հարկաբյուջետային քաղաքականությունը հիմքեր կստեղծի ապագայում՝ ապահովելով միջինում 5%-անոց տնտեսական աճ, ինչն էլ հնարավորություն կտա ավելի արդյունավետ լուծել մեր առջեւ ծառացած խնդիրները , թե՛ կայուն երկարաժամկետ զարգացման առումով, եւ թե՛ սոցիալական բնույթով»:

Այդ ցուցանիշին հասնելու համար, ըստ Կարեն Կարապետյանի, բոլորից մեծ ջանքեր եւ մեծ աշխատանք է պահանջվում:

Տնտեսական աճ, երկրի անվտանգություն, սոցիալական ապահովություն. Ըստ վարչապետի, պետք է առանցքում լինեն այս խնդիրները: Նրա խոսքով՝ «Եկամտային քաղաքականությունը լինելու է հավասարակշռված թե ստվերային տնտեսության կրճատման, թե գործարար միջավայրի բարելավման տեսանկյունից…Ես վստահ եմ եւ հուսով եմ, որ մենք բոլորս կօգտագործենք այս հնարավորությունը, կաշխատենք մաքսիմալ արդյունավետ, պրագմատիկ եւ ռացիոնալ, որպեսզի ստանանք մեր երկրի եւ քաղաքացու համար այս պահին հնարավոր լավագույն արդյունքը»:

Նա բոլորին մաղթեց արդյունավետ աշխատանք եւ լավ տրամադրություն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031