Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի փոխնախագահ Դմիտրի Նովիկովը կարծում է, որ հաղորդավար Քսենյա Սոբչակի խոսքերը հնարավոր չէ լրջորեն քննարկել, քանի որ նա սխալ է ընկալում փաստերը կամ «ցանկալին ընդունում է իրականի տեղ», գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Կիրակի հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակը, որը որոշել է առաջադրվել Ռուսաստանի նախագահական ընտրություններում, Instagram-ում գրել էր, որ խորհրդային առաջնորդ Իոսիֆ Ստալինը Ռուսաստանը մեկ հարյուրամյակ հետ է գցել: Նրա խոսքով՝ «ոչ մի մարդ իր ժողովրդի նկատմամբ նման հանցագործություն չի գործել, որքան Ստալինը»:
«Եթե այդ ամենը՝ գիտական առաջընթացը, հարյուրավոր նոր հետազոտական ինստիտուտները, հարյուրավոր նոր ուսումական ինստիտուտները, անգրագիտության վերացումը, մշակութային բեկումը, ինդուստրիալիզացիան, եթե այդ ամենը նշանակում է «երկիրը հետ գցել», ապա Քսենյան այնքան չի տիրապետում փաստերին կամ այնքան է ցանկալին ընդունում իրականության տեղ, որ պարզապես դա հնարավոր չէ լուրջ քննարկել»,- ասել է Նովիկովը:
Պատգամավորը հիշեցրել է, որ Ստալինի օրոք երկրում հիմնվել է 360 նոր քաղաք, 9000 ձեռնարկություն: Նրա խոսքով՝ անգամ Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենածանր պայմաններում Խորհրդային Միությունը կարողացել է արագորեն առաջ անցնել ԱՄՆ-ից ատոմային զենքի մշակման գործում:
«Եվ դրանով պաշտպանել և՛ մեր երկիրը, և՛ աշխարհը հնարավոր ատոմային հարվածից և երրորդ համաշխարհային պատերազմից: Իսկ այն մասին, որ ԱՄՆ-ը ամենալուրջ մտադրություններն ուներ այդ հարցում, նրանք պատրաստ էին օգտագործել սպառազինության այդ նոր տեսակը, վկայում է Հիրոսիմայի և Նագասակիի վրա հարվածը»,- եզրափակել է Նովիկովը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: