Տավուշի մարզի համայնքների մեծ մասը, հատկապես՝ գյուղական փոքր համայնքները, ինտերնետային կայքեր չունեն: Համայնքները կայքեր բացելու, դրանք սպասարկելու համար ֆինանսական միջոցների եւ սպասարկող մասնագետների խնդիր ունեն:
Մարզի խոշոր համայնքներն ունեն ինտերնետային կայքեր, սակայն դրանց աշխատանքում շատ խախտումներ, բացթողումներ կան: Օրինակ, համայնքապետարանի ինտերնետային կայքում առկա են համայնքի ավագանու կազմի մասին հնացած տեղեկություններ, ավագանու որոշումները այնտեղ տեղադրված չեն:
Տավուշի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ բաժնի վարիչ Անի Մելիքսեթյանն ասաց, որ համայնքների ինտերնետային կայքեր ունենալու խնդիրը կլուծվի համայնքների խոշորացումից հետո:
«Տեղեկատվության ազատության մասին» օրենքով եւ ՏԻՄ օրենքով համայնքների ղեկավարները,որպես տեղեկատվություն տնօրինողներ, եռամսյակը , կիսամյակը կամ ծայրահեղ դեպքում տարին մեկ անգամ պարտավոր են հաշվետվությամբ հանդես գալ հանրության առաջ: Այդ պարտադիր տեղեկատվությունը` հանրության համար իրականացվող կամ նախատեսվող աշխատանքներն ու ծառայությունները, համայնքի բյուջեն, հաստիքացուցակները, պաշտոնատար անձանց անուն-ազգանունները, մասնագիտությունները, աշխատանքային հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեները, քաղաքացիների ընդունելության կարգը, քաղաքացիներից ստացված հարցումների վերաբերյալ վիճակագրական տվյալները եւ այլն, կարող էին տեղադրվել համայնքների ինտերնետային կայքերում:
Անի Մելիքսեթյանը հայտնեց, որ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցները եւս ինտերնետային կայքեր գործարկելու առումով խնդիրներ ունեն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ