Վանաձորում երեկ կայացավ հայկական կոխ ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը։ Մայրաքաղաքի, հանրապետության մարզերի եւ Արցախի շուրջ 100 մարզիկներ մրցեցին ութ քաշային կարգերում։
Մեծահասակների Հայաստանի չեմպիոն դարձան Արթուր Մանուկյանը (55 կգ), Էդմոն Մանուկյանը (60 կգ), Արման Գաբրիելյանը (66 կգ), Տիգրան Վարոսյանը (73կգ), Կարեն Ստեփանյանը (81 կգ), Դավիթ Սարգսյանը (90 կգ), Սամվել Հակոբյանը (100 կգ) եւ Ազատ Աբրահամյանը (100+ կգ)։
Մարզիկներին ողջունեցին ու պարգեւատրեցին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, փոխնախարար Գաբրիել Ղազարյանը, հայկական կոխ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ, ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալուստյանը, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական խաղերի չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը, ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ, ինչպես նաեւ Վանաձորի քաղաքապետը։
Վաղինակ Գալուստյանը գոհ է առաջնության մակարդակից եւ համոզված է, որ այն անցավ հետաքրքիր ու համառ պայքարում: Նրա խոսքով. «Հեռանկարային մարզիկներ ունենք, որոնք կարող են Հայաստանը հաջող ներկայացնել միջազգային գորգերում։ Հանդիսականի վերաբերմունքն էլ հաճելիորեն զարմացրեց։ Նրանք նույնպես ողջունում են առաջնության անցկացումը, հայկական կոխ ըմբշամարտի պահպանումն ու զարգացումը»,- ասաց Վաղինակ Գալուստյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ armnoc.am-ի