Վանաձորի քաղաքապետարանը սկսել է համայնքի վարչական տարածքում 1988թ. երկրաշարժից հետո ինքնակամ տեղադրված տաղավարների եւ ժամանակավոր կառույցների ապամոնտաժման գործընթաց:
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ասում է, որ այդ տաղավարները գցում են քաղաքի ճարտարապետական տեսքը. «Բացի երեւի առեւտրով զբաղվողները, որ այդտեղից օգուտ ունեն, ոչ մեկին հաճույքի չի պատճառում այդ ապօրինի կցակառույցները, որոնք երկար տարիներ գործում են: Այսօր շուկայի ներսում նոսր վաճառատեղեր են, իսկ դուրսը վերածվել է տոնավաճառի»:
Առաջին փուլով նախատեսվում է ազատել քաղաքի վարչական տարածքով անցնող Մ-6 եւ Մ-8 (Բաղրամյան պողոտա Շիրակի խճուղի, Նարեկացի փողոց, Թումանյան փողոց, Զորավար Անդրանիկի փողոց, Երեւանյան խճուղի) միջպետական ճանապարհներին հարող տարածքների եւ քաղաքաշինական հատուկ կարգավորման գոտում (Վարդանանց, Շիրակացի, Թումանյան եւ Գրիգոր Լուսավորիչ փողոցներով պարփակված հատված` ներառյալ Տիգրան Մեծ պողոտան) գտնվող ինքնակամ տեղադրված տաղավարներն ու ժամանակավոր կառույցներով զբաղեցված հողամասերը:
«Մենք, կմտածենք, եթե կարողանանք տեղ կհատկացնենք, որ նմանատիպ տոնավաճառները կամ շուկայում ներսում լինեն կամ այլ տարածք կտրամադրենք: Շուկայի փողոցի երթեւեկելի մասը, կներեք, բայց հիմա վերածվել է միջնադարյան շուկայի»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքապետը:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ