Լրահոս
Օրվա լրահոսը

Ծածկագիր (պատմվածք)

Հոկտեմբեր 29,2017 15:05

-Տու~…, տու~…,-լսվեց հեռախոսի ընկալուչում: Փայլակը կրկին հավաքեց հեռախոսահամարը, ապա` երրորդ… և վերջապես չորրորդ անգամ հեռախոսի ընկալուչում լսվեց հակադարձ ազդանշանը:

-Ալլո՜,-արձագանքեց տղամարդու հոգնած ձայնը ընկալուչում:

-Ներեցեք, ես Հրարփիին  եմ խնդրում,-ասաց Փայլակը` դեմքին լուրջ արտահայտություն տալով:

Հոգնած ու ալարկոտ տղամարդու ձայնը կանչեց Հրարփիին, իսկ Փայլակը մտքում հաշվում էր անցնող  վայրկյանները. ահա նա նազանքով վեր է կենում տեղից, գալիս ու սեղանի վրայից վերցնում է ընկալուչը:

Չ՛է, չստացվեց:

Նա վեր է կենում նստած տեղից, բացում է ննջասենյակի դուռը, դանդաղ քայլերով մոտենում է հեռախոսին, վերցնում ընկալուչը:

Ո՛չ, նորից չստացվեց:

Նա դանդաղ վեր է կենում պառկած տեղից, հորանջելով ձգում թևերը, մատները նրբորեն սահեցնում աչքերի վրայով, մոտենում հայելուն, ուղղում մազերը, հարթեցնում ճմրթված ներքնաշորի ծալքերը,ապա բացում դուռը, դուրս գալիս միջանցք, մտնում ճաշասենյակ…

Նորից չստացվեց:

Հրարփին հապաղում է, ուրեմն ինչ-որ բան այն չէ, նա շա՜տ է դանդաղում…

-Ալլո՛,-վերջապես լսվեց ընկալուչում Հրարփիի քնկոտ ձայնը:

-Բարև՛, Հրարփի, ես եմ:

-Իսկ դու ո՞վ ես:

-Ով փնտրում է, միշտ գտնում է:

-Չեմ կարողանում գլխի ընկնել, ձայնդ արձագանքելով է գալիս:

-Ինչպե՞ս թե, այդքան շուտ ես մոռացե՞լ, ընդամենը մեկ տարի էլ չի անցել:

-Բայց ո՞վ է, սատանան տանի, ասեք, թե չէ ընկալուչը վայր կդնեմ:

Փայլակը վախենալով, որ նա հիմա իսկապես ընկալուչը վայր կդնի, իսկ ինքը հազիվ է միացել ու գուցե այսօր էլ չմիանա, արագ արձագանքեց:

-Այդ ես ե՛մ, Փայլակը,-դողացող ձայնով գոռաց նա խոսափողում:

-Ա~ա~, արջուկ, դու՞ ես, ինչու՞ հենց սկզբից չասացիր, լավ չի լսվում, և ձայնդ սարսափելի աղավաղված է, արձագանքում է:

Փայլակը պատկերացնում էր, թե ինչպես է նրա դեմքին խորամանկ ժպիտը խաղում, իսկ սև ու խոշոր աչքերը փայլում հաճույքից, որ իրեն ձեռ է առնում:

-Հրարփի՛, ես վատ լուր եմ լսել վերջերս քո մասին, ճի՞շտ է, որ ավտովթարի ես ենթարկվել:

-Իսկ դու սխալ չես լսել, ե՞րբ և ումի՞ց իմացար,-հարցրեց Հրարփին:

-Իմ մի ծանոթից, որը նույնպես ձեզ մոտ՝ Լոս-Անջելեսում է ապրում:

-Երեկ եմ հիվանդանոցից դուրս գրվել, ձախ ոտքս ներքևի մասից կոտրվածք էր ստացել, առայժմ հենափայտերով եմ շարժվում:

-Ցավում եմ, դրա համար էլ հեռախոսին այդքան ուշ մոտեցա՞ր, շուտափույթ ապաքինում եմ ցանկանում, շատ  մի նեղվիր, ամեն ինչ լավ կլինի:

-Հույսով եմ, որ այդպես էլ կլինի, փորձանք էր, պետք է դիմանամ:

-Լավ երկար չեմ զբաղեցնի, ցանկանում էի ճշմարտությունն իմանալ,-ասաց Փայլակը,-երբ կազդուրվես երկար կզրուցենք, ցտեսություն:

-Ցտեսություն,-լսվեց Հրարփիի անտարբեր ու նվաղուն ձայնը:

«Ահա և վե՞րջ»,-հարցրեց Փայլակը բարձրաձայն, զգալով, որ Հրարփին շատ էր ընկճված ու հուսահատ, առայժմ ձախողվել էին նրա բոլոր պլանները, այլևս պետք էր դիմանալ նոր փորձություններին:

Իսկ լսափողում կարծես դեռ լսվում էր Հրարփիի անհամաչափ շնչառությունը:

Ա~խ, Հրարփի՛,եթե դու զգայիր այն հուզմունքը, որ պատեց Փայլակի հոգուն, երբ դու հաստատեցիր այդ չարաբաստիկ ավտովթարի լուրը, որի պատճառով էլ նա չկարողացավ շարունակել զրույցը, ապա այլ կերպ կվարվեիր՝ զրույցը շարունակելու համար:

Փայլակն ավարտելով հեռախոսային կարճ երկխոսությունը, հուզված մոտեցավ համակարգչին և իրենից անկախ պատրաստվեց նամակ գրել Հրարփիին: Նրա մոտ միշտ էլ գրվածքը ավելի հաջող էր ստացվում, քան բանավոր խոսքը, որի համար էլ Հրարփին  սիրով էր կարդում նրա գրվածքները:

«Բա՛րև Հրարփի:

Հուսով եմ, որ դու շուտով կապաքինվես:Քո առողջականը ինձ շատ տխրեցրեց, ես շատ հուզվեցի, դրա համար էլ չկարողացա երկար խոսել, հնարավոր է, որ քեզ էլ վշտացնեի, սրտիս մոտ չէին քո հևասպառ երկու խոսքը, հուսով եմ, որ երկար չես տառապի, ամեն ինչ լավ կլինի, դու արագ կապաքինվես և նորից կպատրաստվես քո պլանները իրականացնելու գործընթացին:

Այո՛, հնարավոր է, որ շատ դժվարություններ են սպասում քեզ, բայց դու պետք է չընկճվես: Ես շատ կուզենայի, որ այն կյանքով լի աղջիկը, որին միշտ տեսել եմ ես, լիներ ավելի հոգեպես առողջ ու հպարտ, ինչպիսին էիր քո էությամբ:

Բայց միևնույնն է, իմ սերը քո նկատմամբ չի պակասել, միայն ավելի հուսահատ է դարձել ու ինձ հաճախ հունից հանում է: Ինձ թվում է, թե ես դեռ երկար կտառապեմ, ոչինչ, տառապանքն էլ է հարստացնում մարդուն, ասել է հայտնի մարդկանցից մեկը: Վերջին ամիսներին, քո հեռանալուց հետո, ինձ կորցրել էի, բայց չէի ցանկանում քեզ անհանգստացնել,հիմա փոթորիկը անցել է,խաղաղ հանգրվանի եմ մոտենում:  Դանդաղորեն նոր կյանք եմ մտնում, զրոյից դեպի վերև եմ բարձրանում և իմ էներգիան տեղափոխել եմ միայն սիրածս աշխատանքի վրա:

Արդեն գրել եմ 100-ից ավելի պատմություններ և հրատարակել առանձին գրքով, եթե հանգամանքների բերումով դու այցելես հայրենիք, գուցե մենք հանդիպենք և այդ գիրքը քեզ նվիրեմ: Հնարավոր է, որ դու շատ ես նեղվել ու լաց եղել պատահած արհավիրքից, բայց կարծում եմ հիմա  արդեն դժվարն անցել է:

Ինձ ինչպես ցանկանում ես, հիշիր` ուսուցիչ, եղբայր, ընկեր, միևնույն է, դրանից ոչինչ չի փոխվում: Ես շատ-շատ եմ ափսոսում, որ կիսատ մնաց մեր պարապմունքները, բայց դու պետք է անպայման ԲՈՒՀ ընդունվես, և ես շնորհավորեմ քեզ այդ առթիվ: Ես լռում եմ, չեմ ուզում իմ զգացմունքները քո վզին փաթաթել: Ուղղակի սարսափելի է, որ դու այդ վիճակում ես հայտնվել, ների’ր, որ այդպես եմ գրում: Մի’ տխրիր և մի’ հուսահատվիր, ես սիրում եմ ազատությունը և հարգում եմ ուրիշի ազատությունը: Դու ընտրել ես քո կյանքի ճանապարհը, նրա ընթացքը և գնում ես ճակատագրին ընդառաջ, թող այդպես լինի: Դա ես հարգում և ընդունում եմ: Ազնվորեն ասեմ, որ այժմ ինձ ոչ ոք չի հետաքրքրում: Դու  նեղացրիր ինձ, իմ աշակերտուհի, չէ որ ուսուցչին պետք է հարգել, իսկ դու, անհոգի գտնվեցիր, հեռացար և գուցե հավիտյան: Վերջացնում եմ, եթե գրածներս հետաքրքիր չեն, կարող ես չկարդալ, ես չեմ նեղանա: Բայց եթե ցանկանում ես մինչև վերջ կարդալ, ապա զինվիր համբերությամբ, որպեսզի հետագայում կարդաս նաև գրածս վիպակը, որի գլխավոր հերոսուհին դու ես լինելու,  իսկ հերոսը՝ ես, նվաստս: Ասեմ, որ այդ վիպակի հիման վրա արդեն նկարահանվել է տասը րոպեանոց տեսահոլովակ, որը դրված է «Մոլորակ» հեռուստատեսության կայքում և ցանկության դեպքում կարող ես այն դիտել ու բաղդատել քեզ դերակատար հերոսուհու հետ:

Հրարփի, ՛ լսի՛ր, թե ինչ եմ ասում, դու ուզում ես, ատի՛ր, ամենևին մոռացի՛ր, ուշադրություն մի՛ դարձրու ինձ վրա, բայց խնդրում եմ` հանկարծ ինձ չխղճաս: Ատում եմ այդ բառը: Ես իմ ապրած դեռևս կարճ կյանքում ավելի շատ տառապանքներ եմ կրել, քան երջանիկ օրեր տեսել, այնպես որ տիրապետում եմ տառապանքից պատվով դուրս գալու արվեստին: Ես ուրիշ մարդ եմ, անսովոր, նման չեմ մեծամասնություն կազմող խառնամբոխին: Խորհուրդ տալ` կարող ես, իսկ խղճալ ինձ` ես քեզ թույլ չեմ տալիս և թույլ չեմ տա հետագայում էլ: Ամեն ինչ այս աշխարհում անցողիկ է, պետք է ուղղակի մի քիչ դիմանալ ու դիմակայել չարիքին, ինչպիսին անպատասխան սերն է: Ես չափազանց զգայուն մարդ եմ, կոպիտ ու անհոգի չեմ, սիրում եմ բարին, գեղեցիկը, արվեստը, երաժշտությունը, հոգեկան հարստությունը, նույնիսկ` տառապանքը, որը ինչպես նշեցի վերևում, հաճախ հարստացնում է մարդուն: Մենք կմնանք լավ բարեկամներ, ես այդպես եմ կարծում, բայց սրտին չես կարող հրամայել, նա նեղացած է այս աշխարհից քո պատճառով և կհաշտվի աշխարհի հետ, եթե ոչ քո, այլ մեկ ուրիշի միջոցով, որը նույն սիրո զգացմունքները կարթնացնի իմ մեջ ապագայում:

Սովորություն չունեմ նամակը վերջացնելուց հետո` կարդալ, գիտեմ, որ եթե կարդամ գրածս, հազիվ թե այդ տեսքով ուղարկեմ, քանի որ այնտեղ արտահայտված խառնիխուռն ու հակասակն մտքերն ինձ կստիպեն խմբագրելու և մշակելու դրանք, ուստի վերջացնում եմ և մկնիկի ցուցիչը դնելով «Send» կոճակին՝ սեղմում եմ նրա ձախ կոճակը: Ես գրել եմ նամակս այս պահի տրամաբանությամբ, և կարող է ճիշտ չընկալվել քո կողմից, բայց դա արդեն իմ խնդիրը չէ: Ահա և վերջ, մնաս բարյավ: Քեզ դեռևս անսահման սիրող` Փայլակ»:

Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031