Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Սրբազանի համարձակ որոշումը. Գյումրիում գրկել էին Հասմիկ Պապյանին՝չթողնելով հեռանալ (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հոկտեմբեր 29,2017 14:22

Երեկ երեկոյան Գյումրու «Սուրբ Աստվածածին Յոթվերք» եկեղեցում տեղի ունեցավ համաշխարհային հռչակ ունեցող հայ օպերային երգչուհի, սոպրանո Հասմիկ Պապյանի բացառիկ համերգը՝ «Նվիրում» խորագրով։ Մեկ ժամ շարունակ գյումրեցիները վայելեցին նրա կոմիտասյան կատարումները։ Ի սկզբանե հայտարարված էր, որ համերգի մուտքն ազատ է, եկեղեցու դռները բաց են բոլորի առջև։ Եկեղեցին այնքան մարդաշատ էր, որ ունկնդիրներից շատերը կանգնել էին երկրորդ հարկում(Տես լուսանկարում)։

Համերգի կազմակերպիչ «ԱՐՏ PR» ընկերության  հիմնադիր տնօրեն Գայանե Դավթյանը ունկնդիրներին հորդորեց չծափահարել ամեն մի կատարումից հետո, ծափահարել վերջում։

Շիրակի հոգևոր առաջնորդ Միքայել Աջապահյանն էլ խնդրեց եկեղեցում պահպանել բոլոր «պատշաճություններն ու պարկեշտություններն»՝ անջատել բջջային հեռախոսները և ծափահարել ոչ թե եկեղեցում, այլ եկեղեցուց դուրս, երբ դուրս կգա երգչուհին։

«Սա բավական համարձակ քայլ էր մեր՝ եկեղեցական իշխանության կողմից արտոնելու համար համերգը եկեղեցում»,- շեշտեց Սրբազանը։

Նկատենք, որ կանանցից շատերը եկել էին ունկնդրելու գլխաշորերով։ Ու թեև ներկաները համերգի ամբողջ ընթացքում զսպեցին իրենց՝ ծափահարություններ չհնչեցնելով ու քար լռություն պահպանելով, սակայն եղավ մի պահ, երբ ակամա, մոռանալով խոստումը, ոտքի կանգնեցին ու ծափահարեցին։ «Հայաստան» կատարում էլ հոտնկայս ունկնդրեցին՝ մի մարդու պես ոտքի կանգնելով։

Մի քանի ունկնդիրներ համերգի ամբողջ ընթացքում հուզմունքից արտասվում էին։ Երբ Հասմիկ Պապյանն ուզում էր ավարտել համերգը, լսվեց Միքայել Սրբազանի ձայնը․«Կոմիտասի «Հայր Մերը» կատարիր, նոր գնա»։

Իսկ երբ համերգն ավարտվեց, գյումրեցիները շրջափակեցին Հասմիկ Պապյանին, չէին թողնում հեռանար, մոտենում, փաթաթվում էին, բռնում նրա ձեռքերը, գրկում, համբուրում էին, իրենց շնորհակալությունը հայտնում, բացականչում էին՝«քեզ մեռնեմ Հասմիկ»։ Երկրպագուները հերթ էին կանգնել՝ նրա հետ լուսանկարվելու, նրա ստորագրությունը վերցնելու համար։

Զգացվում էր, որ  երգչուհին հաճույք էր ստանում գյումրեցիների հետ շփումից։ Նա ասաց, որ Գյումրու հետ հազար թելով է կապված, իր մանկությունն անցել է Գյումրու Սլաբոդկա թաղամասում, կիսով չափ գյումրեցի է։ «Իմ բոլոր հաջողությունները, իմ բոլոր ձեռքբերումները ես կապում եմ հայ լինելու, Հայաստանում ծնված լինելու հետ։ Ես իմ հարազատներին, իմ արմատներին եմ շնորհակալ, իմ ծնողներին, իմ հող ու ջրին եմ շնորհակալ։Ուզում եմ ասել, որ այստեղից երբեք չեմ գնացել, անչափ շնորհակալ եմ այս առիթի համար»,-ասաց երգչուհին։

Գյումրիում «Նվիրում» խորագրով համերգ տալու գաղափարի մասին կիսվելով՝ Հասմիկ Պապյանը հայտարարել էր․ «Գյումրիի հետ իմ հոգևոր կապն անբացատրելի է, դա գալիս է իմ մանկությունից։ Մայրս գյումրեցի է, երեխա ժամանակ ամառային արձակուրդները մշտապես անցկացրել եմ Գյումրիում։ «Յոթ Վերք» եկեղեցին մեծ խորհուրդ ունի, դա բոլորին է հայտնի։ Քանի որ, որքան ես տեղյակ եմ, մինչև այժմ նմանօրինակ համերգային կատարում չի եղել այստեղ, նպատակահարմար գտանք այս «խորհրդավոր» վայրը՝ միասին հարգանքի տուրք տալու Մեծն Կոմիտասին։ Նվիրում՝ Գյումրիին, վերադարձ դեպի արմատներ։ Ակնկալում եմ միայն աղոթք՝ առ Գյումրի, առ Հայաստան և հայ ժողովուրդ»։

Լրագրողների հետ զրույցում Հասմիկ Պապյանը կիսվեց Գյումրիում անցկացրած իր մանկության հիշողություններով։ Նա ասաց, որ գյումրեցիների նիստուկացը, շենքն ու շնորհքը հյուրասիրությունը, մարդասիրությունն աննկարագրելի արժեքներ են, որոնք միշտ ուղեկցում են իրեն։ Օպերային երգչուհին նշեց, որ Գյումրիում ամենաշատը կարոտում է մարդկանց։ Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց, թե եկեղեցում երաժշտության միջոցով աղոթք բարձրացնելիս՝ ի՞նչ էր խնդրում Աստծուց Գյումրու ու ողջ Հայաստանի համար։

«Հայրենիքի, Գյումրիի, հայ ժողովրդի համար խնդրում եմ լավ ժամանակներ, ողջամտություն, խնդրում եմ, որ այդքան երկար սպասված, անդադար սպասված ժամանակները գան, այդ սպասումները երբեք չեն վերջանում․․․Ուզում եմ գա այդ օրը, որ մեր ժողովուրդն ապրի արժանավայել կյանքով, մեր  ժողովուրդը իսկապես արժանի է լավ ապրելու։ Աղոթք, որ խաղաղություն լինի, սա ամենակարևորն է, որ մեր զինվորները ողջ, առողջ տուն վերադառնան, մեր սահմաններն անառիկ մնան, մեր մայրերի աչքերը չթրջվեն։ Շատ բան կա խնդրելու։ Ես պետք է ասեմ, որ  ոչինչ չի փոխվել, հատկապես գյումրեցիների կամքը, ես տեսնում եմ, որ իրենց հումորը, համը, հոտը կյանքի հանդեպ, լավատեսությունը կա, և  ես կուզենայի, որ  այդ լավ ժամանակները գային վերջապես»,- ասաց երգչուհին։ Նա նաև նշեց, որ «Սուրբ Յոթ վերք» եկեղեցում համերգ տալը եղել է իր գաղափարը, որի իրագործման համար շնորհակալ է Միքայել Սրբազանին։

Ըստ նրա, այս եկեղեցում ուրիշ էներգետիկա կա, Եվրոպայում կաթոլիկ եկեղեցիները օգտագործվում են որպես համերգասրահ, կուզենար,  որ մեր եկեղեցիները նույնպես լցնենք մաքուր երաժշտությամբ, երեխաները գան ու աղոթքի հետ լսեն այդ երաժշտությունը։

Գյումրեցիները նույն ջերմությամբ ընդունեցին նաև դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանին, որը նույնպես կիսով չափ գյումրեցի է, բնակվում է Գերմանիայում ու երաժշտական աշխարհում համարվում է «Դաշնամուրի բանաստեղծուհի»։

Նա բազմաթիվ մրցույթների դափնեկիր է։ «Նա փայլուն դաշնակահար է՝ օժտված մեկ ձայնով և կրակոտ տեխնիկայով», -նրա մասին այսպիսի կարծիք է արտահայտել «Նյու Յորք Թայմս» պարբերականը։

Դաշնակահարուհին առաջին անգամն էր համագործակցում Հասմիկ Պապայանի հետ։ Նա այնպես էր հուզված, որ չէր կարողանում իր զգացողություններն արտահայտել բառերով։ «Իմ տպավորություններն այնքան հոգևոր են, որ հնարավոր չէ բառերով նկարագրել, հատկապես, երբ Կոմիտասից հետո ինչ զգացումով ես լցվում»-ասաց դաշնակահարուհին։

«Հոգուդ մեռնեմ, շատ շնորհակալ ենք քեզ»-լրագրողների հարցազրույցները նման խոսքերով հաճախ էին ընդհատում երկրպագուները։

Գյումրեցիները, չբավարարվելով իրենց շնորհակալությունը երգչուհուն ու դաշնակահարուհուն եկեղեցում հայտնելով, լուսանկարներ են գցել ու գրառումներ  կատարել նաև սոցիալական ցանցերում։ Որոշ օգտատերեր նաև հեռախոսով ուղիղ եթեր են մտել՝ իրենց ընկերների համար նույնպես հնարավորություն ստեղծելով ունկնդրել բացառիկ համերգը։

Օգտատերերից մեկը, համերգից լուսանկար հրապարակելով, գրել է․ «Հրաշք ու աննկարագրելի կոմիտասյան՝ Հասմիկ Պապյանի աստվածային ձայնը Սուրբ Աստվածածին /Յոթ վերք/ եկեղեցում»: Նրանցից մեկն էլ նշել է ․«Անկրկնելի երեկո Գյումրու «Յոթ Վերք» եկեղեցում աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանի հետ Մեծն Կոմիտասի երաժշտության ներքո»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031