Հավի փորոտիքով պատրաստված տժվժիկը չունի այն սուր հոտն ու համը, որը շատերին դուր չի գալիս տավարի լյարդով պատրաստած տժվժիկի պարագայում: Եթե ընդհանրապես չեք սիրում լյարդի հոտը, ապա հավի տժվժիկը կարող եք պատրաստել միայն քարաճիկից եւ սրտից, թեեւ հավի լյարդի համը շատ ավելի մեղմ է: Նշեմ, որ հաճախ եւ տավարի եւ գառան եւ հավի լյարդին սխալմամբ թոք են ասում:
Անհրաժեշտ մթերքները
Հավի քարաճիկ- 500 գրամ
Հավի սիրտ-500 գրամ
Հավի լյարդ- 300 գրամ
Սոխ- 2 մեծ կամ 4 փոքր
Սխտոր- 4-5 պճեղ
Թարմ կանաչ պղպեղ -1 հատ (ցանկալի է կծու լինի)
Թարմ կամ սեփական հյութի մեջ պահածոյացված լոլիկ-3-4 հատ
Թարմ կանաչի- կես կապ (մաղադանոս, համեմ, սամիթ)
Բուսական յուղ-3 ճաշի գդալ
Կարագ-50 գրամ
Աղ, սեւ եւ կարմիր պղպեղ, չորացրած ուրց կամ ծիթրոն` ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը
Հավի փորոտիքը լավ լվացեք: Քարաճիկը (ստամոքսը) լվանալիս ուշադիր եղեք` երբեմն լավ մաքրած չեն լինում:
Կտրատեք հավասարաչափ: Սրտիկները միջից կիսեք եւ հեռացրեք աորտան, ուշադիր եղեք նաեւ հանկարծ լերդացած արյուն չմնա: Լյարդը նույնպես կտորների բաժանեք:
Թավան լավ տաքացրեք եւ սկզբում մեջը լցրեք քարաճիկը, որն ամենաերկարն է եփվում, կափարիչը փակեք եւ թույլ կրակով թողեք շոգեխաշվի` առանց ջուր կամ յուղ ավելացնելու: Մոտ 8-10 րոպեից ավելացրեք նաեւ սիրտը: Քանի որ լյարդը շատ նուրբ է եւ շատ արագ է եփվում, պետք է ավելացնել ամենավերջում, երբ եփված կլինեն անգամ բանջարեղենները:
Սիրտն ավելացնելուց հետո կրկին փակեք կափարիչով եւ թողեք եւս 10-12 րոպե: Այդ ընթացքում մաքրեք եւ շերտատեք բանջարեղենը` սոխը, սխտորը, պղպեղը, լոլիկները:
Ավելացրեք սոխն ու պղպեղը, չորացրած կանաչին, մնացած համեմունքները` բացի աղից: Մի նկատառում` եթե անգամ կծվի սիրահար չեք, այս ճաշատեսակին անպայման կծու ավելացրեք, այդպես շատ ավելի համեղ կլինի, գոնե աղացած կարմիր պղպեղը կծու արեք: Խառնեք եւ թողեք եւս 5-10 րոպե` արդեն առանց կափարիչի: Եթե զգաք, որ հեղուկը լրիվ գոլորշիացել է, ավելացրեք բուսական յուղը, որ սկսի տապակվել: Եւս 10 րոպեից ավելացրեք սխտորը, լոլիկն ու աղը: Նորից խառնեք, կափարիչը փակեք, 5 րոպեից էլ ավելացրեք կտրատած լյարդը եւ կարագը: Կրկին փակեք կափարիչը եւ թողեք եւս 10-12 րոպե: Ինչպես վերը նշեցի` լյարդը շատ արագ է եփվում, իսկ երկար եփելու դեպքում` կոպտանում է: Այնպես որ` շատ չթողնեք եփվի: 10-12 րոպեից ավելացրեք կտրատած թարմ կանաչին, անջատեք գազօջախը, կափարիչը փակ թողեք եւս 10-15 րոպե, որից հետո կարող եք մատուցել: Վստահեցնում եմ` շատ համեղ է:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ
Սփրթնած և անհրապույր մսի և բանջարեղենի վրա տված մասսա: Միսը նկարահանելիս մի քիչ ավելի ուշադիր պետք է լինել, գեղեցիկ ձևավորել և դասավորել ինգրիդիենտները, լույսն ու ստվերը կարգավորել, գույները ավելի վառ սարքել, որպեսզի պոմիդորն ու միսը տարբերվեն նկարի վրա: Մի խոսքով, երկար ժամանակ ես նման ճաշատեսակ չեմ ուտելու՝ այս ֆոտոներից հետո: