Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեղեցի, որը դիմակայել է կայծակին ու հեղեղումներին. Սուրբ Արտավազիկը փորձում են փրկել քայքայումից (Ֆոտոշարք, տեսանյութ)

Հոկտեմբեր 28,2017 23:56

Արագածոտնի մարզի Բյուրական գյուղից ոչ հեռու գտնվող խոնարհված եկեղեցին հայտնի է Սուրբ Արտավասիկ, Արտավազիկ, Արդավասիկ անուններով: Վարկած կա, որ եկեղեցին այսպես է կոչվում ի պատիվ կառուցողի՝ Արտավազդի: Մեկ այլ պատմություն առավել ուշագրավ է եւ կապված է եկեղեցու արևելյան կողմում՝ ձորակի մյուս հատվածում գտնվող 13-րդ դարի հսկա կոթող-խաչքարի հետ:  Ըստ ավանդության, այստեղ մահացած մի ճգնավոր մնում է անթաղ, և հրեշտակը նրա համար տեղ է պատրաստում՝ ասելով. «Արդ ավասիկ, երթ և ամփոփեա զայն… »: Այստեղից էլ  եկեղեցու անունը`«Արտավասիկ»:

Տուֆակերտ փոքրիկ տաճարն 8-րդ դարում ունեցել է զանգակատուն. այժմ գմբեթը, թաղածածկերը փլված են, պատերը՝ «զարդարված» եկեղեցի այցելածների անուններով: Սուրբ Արտավազիկի տարածքը ժամանակին աղբի մեջ կորած էր. պատերից ներս էլ կովերն էին հանգրվանում: Բյուրականցիներն են մաքրել ու բարեկարգել տարածքը:

Սրբատեղին Մշակույթի նախարարության միջոցներով առաջին անգամ վերականգնվում է: Ամրակայման աշխատանքները մեկ ամիս է՝ ընթանում են, միայն թե եկեղեցին ամբողջությամբ վերականգնել հնարավոր չէ. ֆինանսական միջոցները բավարար չեն, եղածն են պահպանում: «Բազմաթիվ նման հուշարձաններ կան, որոնք վթարված են, եւ պետությունը չի կարողանում միջոցներ հատկացնել»,-եկեղեցի այցելած լրագրողների հետ զրույցում այսօր ասաց նախարարության Պատմության եւ մշակութային հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը:

1990-ականներին եկեղեցին զգալի վնասվել է կայծակի հարվածից. գմբեթը փլվել-ընկել է ձորակը, որի պռնկին գտնվում է հուշարձանը: Գմբեթավոր կառույցը դիմակայել է նաեւ հեղեղումներին, սակայն ջուրն արել է իր «սեւ գործն» ու քայքայել պատերը:

«Դժգոհ եմ, լավ չի վիճակը: Շատ ավելին պետք է տեսնեինք կատարված աշխատանքների: Հուսամ, որ մեր վերահսկողության ուժեղացմանը կգումարվի շինարարների պատասխանատվությունը, եւ արդյունք կունենանք: Հակառակ դեպքում, խիստ մեթոդների կդիմենք»,-մարզ կատարած այցն այսպես ամփոփեց Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Նա տեղեկացրեց, որ պարբերաբար այցելելու է նախարարության միջոցներով վերականգնվող եկեղեցիներ եւ հետեւելու, որպեսզի գործընթացը հանրային վերահսկողության ներքո լինի:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031