«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է երգիչ-երգահան Արտո Թունջբոյաջյանը:
-Արտո, նախորդ մեր զրույցներում ասում էիք, որ նպատակ ունեք Հայաստանը դարձնել արվեստի կենտրոն։ Ստացվե՞լ է մի բան։
-Ավելի լավ է խոսենք այն մասին, թե ինչ չի հաջողվել, որովհետև եթե մի բան հաջողվում է, ճիշտ է, մի պահ ուրախանում եմ, բայց միտքս միշտ զբաղված է նրանով, թե ինչն է պակաս մնացել անելու։ Գործը ստացվելու գործը սկսվում է ճիշտ կազմակերպելուց և ներկայացնելուց։ Ես շատ եմ ուզում, այդքան հարուստներ կան, արվեստագետներ կան, եթե ջանքերը համատեղեն՝ կարող ենք Հայաստանը Կովկասի արվեստի կենտրոն դարձնել։ Որ փող ունեցողը փող բերի, միտք ունեցողը միտք բերի։ Իսկ թե ինչու չի ստացվում, չեմ հասկանում։ Ես չեմ հասկանում մարդկանց, որոնք հեռվից սիրում են հայրենիքը, հեռվից հայրենասիրությունը չեմ հասկանում։ Ասենք՝ ինչո՞ւ System of a down-ը չգա Հայաստանում ռոքի կենտրոն կամ «հեվի մեթալ» կենտրոն ստեղծի, պատկերացնո՞ւմ եք, Ռուսաստանից, Վրաստանից տարբեր այլ երկրներից կգային Հայաստան։ Եթե պետք է այդ միտքն իրականություն դարձնելու համար մեռնեմ, պատրաստ եմ դրան։ Հիմա Հայաստանում տնտեսական վիճակը լավ չէ, բայց դրանից բացի չկան մտքեր, որոնք առաջ կմղեն երկիրը, քամու հոսանքի հետ գնում-գալիս ենք։ Հազար ու մի պատճառ ենք բերում, Ռուսաստանը չի թողնում կամ մի ուրիշ պատճառ ենք գտնում։ Իսկ ես ասում եմ՝ ամեն բան մաքուր անենք, հացը մաքուր սարքենք, խնձորը մաքուր աճեցնենք, արվեստի մեջ նորություններ անենք։ Ռուսաստան-մուսաստանները դրա հետ կապ չունեն։ Ռուսները վերցնում են մեր երկաթուղին, օդանավակայանը կամ սահմանի վերահսկողությունը, բայց դրանից զատ, մենք կարող ենք շատ բան անել, որ չենք անում։
-Կարծում եք՝ ցանկության ու քաղաքական կամքի բացակայությա՞ն խնդիր է։
-Կազմակերպվելու խնդիր է, մենք մի մարդու հետևից գնացող ժողովուրդ չենք։ Ես անգամ երգ եմ գրել, որ որքան էլ լավ լինեմ, քո ճանապարհով ես գնալու, իսկ եթե իմ կողքին լինես, թագավոր կամ թագուհի կսարքեմ։ Օրինակ՝ յուրաքանչյուրը մեկ դոլար տա, հսկայական գործեր կարող ենք անել։ Սահմանամերձ գյուղերը կարող ենք լազերային ապահովություն անել։ Եթե փոքր երկիր ես, չի նշանակում, որ ապուշ ես ու աղքատ պիտի լինես։
Սիրանույշ ՊԱՊՅԱՆ