Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանցի մրցանակակիր. «Շատ ուրախալի է նման փառատոն տեսնելը» (Ֆոտոշարք)

Հոկտեմբեր 28,2017 23:12

Հոկտեմբերի 28-ին ամփոփվեց Հայաստանում առաջին անգամ անցկացվող գեղարվեստական տպագրության միջազգային բիենալեն։ Փառատոնին ներկայացված էին 227 արվեստագետների 447 աշխատանքներ 50 երկրից։

Միջազգային ժյուրիի նախագահ Ինգա Հեամեգիի խոսքերով՝ ժյուրիի համար շատ դժվար է եղել ներկայացած աշխատանքներից ընտրել լավագույնները. «Մենք լավ ժյուրի ենք եղել, հենց այդ պատճառով էլ գոհ չենք․ քանի որ մրցանակներին արժանի էին ավելի շատ արվեստագետներ։ Բարդ գործ էր դեմոկրատիայի պատճառով։ Դա զուտ մաթեմատիկա է, ինչը ներկայացված է թղթապանակներում»։

Երկօրյա քննարկումներից հետո ժյուրին հայտարարեց հաղթողների անունները՝ Գրան Պրի մրցանակին արժանացավ Դարինա Պեևան (Darina Peeva) Բուլղարիայից, առաջին տեղը գրավեց Թոմաշ Վինիարսկին (Tomasz Winiarski) Լեհաստանից , երկրորդ տեղը՝ Մինզի Յանգը (minjie Zhang) Չինաստանից, երրորդ տեղը՝ Արման Վահանյանը՝ Հայաստանից: Ժյուրիի կողմից հատուկ մրցանակ շնորհվեց նաև Ուռլիչ Վոլֆին (Urlich J.Wolff) Գերմանիայից, ինչպես նաև լեհ ժյուրիի անդամ Մաթեուշ Օտրեբայի կողմից հատուկ մրցանակի արժանացավ Էստոնիայի ներկայացուցիչ Գուդրուն Հեամագիին (Gudrun Heamagi)։

Գլխավոր մրցանակներից բացի՝ ժյուրիի անդամները պատվոգրեր տվեցին Հունաստանի, Թայլանդի, Ավստրիայի, ԱՄՆ-ի,  Չինաստանի, Ֆրանսիայի,  Լեհաստանի, Սերբիայի, Իրաքի թվով 12 ներկայացուցիչներին։ Հայաստանից պատվոգրերի արժանացան  Ռիմա Նանյանը  և Տիգրան Սահակյանը։

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ Սոնա Հարությունյանը Aravot-ի հետ զրույցում նշեց, որ տպավորված է հանրության նման արձագանքով։  «Երբ նախաձեռնում էինք, չէինք սպասում, որ կունենանք 955 հայտ և որ այս որակի աշխատանքներ։ Հատկապես ուրախալի էր այն, որ միջազգային ժյուրին գլխավոր մրցանակներից բացի՝ իր կողմից  5-րդ մրցանակը սահմանեց։ Դրա հետ մեկտեղ պատվոգրերի քանակը վկայում է այն մասին, որ որակապես շատ լավ աշխատանքներ ենք ունեցել»,-ասաց նա: Նաև նշեց, որ Հայաստանի համար մեծ ձեռքբերում է այն,որ հայ մասնակիցները  ևս մրցանակներ ստացան։

Երրորդ տեղը զբաղեցրած Արման Վահանյանը կիսվեց տպավորություններով՝ կարևոր համարելով նման նախաձեռնության կազմակերպումը։ «Շատ ուրախալի է այս  ոլորտում աշխատող արվեստագետների համար նման փառատոն տեսնելը, քանի որ Հայաստանում այս ոլորտը այնքան էլ տարածված չէ»։ Պատվոգրի արժանացած Ռիմա Նանյանը կարևոր համարեց  մասնակցությունը, նշելով որ տպավորված է՝ ներկայացրած երեք աշխատանքներն էլ տեսնելով ընտրվածների թվում։ «Սա այս ոլորտում արվող մեծ քայլերից մեկն է հենց թեկուզ ոլորտի մասնագետների  համար։ Կարծում եմ՝ դանդաղ քայլերով, բայց առաջ ենք գնում,  հենց միայն նման  ցուցադրության շնորհիվ»,- իր խոսքում նշեց երիտասարդ նկարիչը։

Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031