Հոկտեմբերի 28-ին Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս` նվիրված «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 9-րդ փառատոնին:
Փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունու խոսքով՝ այս տարվա փառատոնը, որը թվով 9-րդն է, ճանապարհ է հարթում դեպի 10-րդ փառատոն, որը երջանիկ պատահականությամբ համընկնում է հայկական անիմացիայի 80-ամյակի հետ և նշվելու է մեծ շուքով։ «Չնայած, որ այս տարվա «ՌեԱնիմանիան» մասշտաբներով զիջում է նախորդ տարվա փառատոնին, այդուհանդերձ մրցութային ծրագրերի համար ներկայացվող հայտերի քանակը շարունակում է աճել՝ արտադրության երկրների քանակի աճին զուգընթաց՝ այս տարի գրանցելով շուրջ 2500 հայտ աշխարհի մոտ 100 երկրներից»,- փաստեց փառատոնի հիմնադիր տնօրենը։ Նա ընդգծեց, որ փառատոնն արդեն իր պատվավոր տեղն է գրավել միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնների շարքում և վստահ քայլերով առաջ է շարժվում՝ այդ թվում հովանավորների և գործընկերների հավատարիմ աջակցության շնորհիվ։ ՀՀ մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Արմենուհի Ղազարյանն իր հերթին իր ուրախությունը հայտնեց արդեն 9-րդ «ՌեԱնիմանիայի» մեկնարկի առթիվ՝ նշելով, որ փառատոնը գտնվում է Մշակույթի նախարարության կենտրոնում ևմշտապես կարող է ապավինել կառույցի աջակցությանը։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը «ՌեԱնիմանիա» փառատոնի հետ համագործակցում է նրա ստեղծման իսկ օրվանից։ «Մեզ համար կրկին ուրախալի է մասնակցել արդեն 9-րդ փառատոնին, որը ևս մեկ անգամ արժանին է մատուցում ֆրանսիական արտադրանքին ու ստեղծագործություններին։ Այս տարի ներկայացվելու է ֆրանսիական 2 լիամետրաժ ֆիլմ, այդ թվում՝ Մաթիո Զեթինգջիօղլուի «Burn in love» վավերագրական անիմացիոն ֆիլմը (արտամրցութային ծրագիր) և փառատոնի փակման ֆիլմը՝ «Էռնեստ և Սելեստին» սիրված անիմացիոն ֆիլմի հեղինակներ Բենժամեն Ռեների և Պատրիկ Էմբերի նոր՝«Մեծ փիս աղվեսն ու այլ պատմություններ» անիմացիոն կինոնկարը»,- նշեց Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ժոնաթան Լաքոտը։ Ընդհանուր առմամբ այս տարի ընտրվել է ֆրանսիական 32 ֆիլմ, որոնք ցուցադրվելու են 5 տարբեր անվանակարգերում՝ լիամետրաժ, կարճամետրաժ, ուսանողների ավարտական աշխատանքներ, հեռուստատեսային և ուսուցողական, ինչպես նաև երաժշտական ֆիլմեր։ Դեսպանը շեշտեց, որ «ՌեԱնիմանիան» այսօր անիմացիայի ոլորտում դարձել է Ֆրանսիայի արտոնյալ գործընկերը, ինչի ապացույցը այս տարի մրցույթին ներկայացված ֆիլմերի քանակն է՝ 186 ֆրանսիական ֆիլմ բոլոր անվանակարգերում: Բացի այդ, այս տարվա փառատոնը արժանին կմատուցի 2016-2017թթ. արտադրված ֆրանսիական կարճամետրաժ անիմացիոն լավագույն ֆիլմերի եզակի ընտրանուն:
Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանն իր ուրախությունը հայտնեց առ այն, որ Բրիտանական խորհուրդը շարունակում է համագործակցությունը «ՌեԱնիմանիա» փառատոնի հետ: «Ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս փառատոնը ներկայանում է հարուստ ծրագրով: Մենք աջակցել ենք բրիտանական «Վան Գոգի կրքերը» ֆիլմի ցուցադրությանը: Ուրախ ենք, որ հենց այս ֆիլմով է փառատոնը մեկնարկում: Փառատոնի շրջանակում մեր աջակցությամբ հյուրընկալվել է նաև այդ ֆիլմի պրոդյուսեր Շոն Բոբիթը»,- նշեց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրենը՝ հավելելով, որ Բոբիթն իր այցի շրջանակում կհանդիպի ֆիլմարտադրության ոլորտի հայ մասնագետների հետ և կանցկացնի վարպետության դասընթացներ ոլորտի մասնագետների համար:
«Վան Գոգի կրքերը» ֆիլմի պրոդյուսեր Շոն Բոբիթը նշեց, որ այսօր իր ներկայությունը փառատոնին պայմանավորված է Վրեժ Քասունու ջանքերով և ֆիլմի հանդեպ մեծ հետաքրքրությամբ։ Ֆիլմը 1 տարուց ավելի տևած բանակցությունների արդյունքում այսօր հանդիսավոր կերպով կբացի փառատոնը։ «Ճիշտ է, ֆիլմի ստեղծմանը մասնակցած շուրջ 120 նկարիչների թվում հայազգի նկարիչներ չկային, բայց մասնակիցների աշխարհագրությունը բազմազան է, իսկ ֆիլմի հանդեպ հետաքրքրությունը՝ համատարած՝ անկախ ազգությունից և մշակութային պատկանելությունից և դա Վան Գոգի ժառանգության համաշխարհային արժեքի մասին է խոսում։ Այնպես որ ուրախ եմ, որ ֆիլմը նախքան ցուցադրությունն արդեն մեծ արձագանք է ստացել նաև Երևանում՝ «ՌեԱնիմանիա» փառատոնի շրջանակում»,- նշեց պրոդյուսերը։
Նշենք, որ նկատի ունենալով բացման ֆիլմին ներկա գտնվելու ցանկություն ունեցողների մեծ քանակը՝ «Վոն Գոգի կրքերը» ֆիլմը կցուցադրվի ևս մեկ անգամ՝ հոկտեմբերի 31-ին՝ ժամը 20։15-ին, «Մոսկվա» կինոթատրոնի Կապույտ դահլիճում։
«ՌեԱնիմանիա» Երևանի Միջազգային Անիմացիոն Կինոյի և Պատկերապատման Արվեստի Փառատոն