Լրահոս
Օրվա լրահոսը

Երվանդ Մանարյան. «Ամենաթանկ հուշերիցս մեկը Փափազյանի հուշարարը լինելն է»

Հոկտեմբեր 28,2017 21:40

Վերջերս լրացավ հայ թատրոնում իր ուրույն տեղն ունեցող դերասան, սցենարիստ և ռեժիսոր Երվանդ Մանարյանի ծննդյան  92-ամյակը: Նա խաղացել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Հարսնացուն հյուսիսից», «Տժվժիկը», «Տերն ու ծառան»: Նշվածներից երկուսի ՝«Տժվժիկ»-ի, «Տերն ու ծառան»-ի, սցենարի հեղինակը ևս Մանարյանն է: Նա սիրով համաձայնեց հարցազրույց տալ:

-Պարոն Մանարյան, բոլոր մեծերը ուսուցիչ են ունեցել, իսկ ո՞վ է եղել Ձեր ուսուցիչը:

-Ծնողներս, նրանք երկուսն էլ դերասաններ էին: Նրանք իրանահայ բեմում ճանաչված էին որպես Մանար ամուսիններ: Նախկինում դերասանները հավաքվում էին և իրենց տներում էին փորձեր անում, ներկայացումներ տալիս ընդ որում մեկ անգամ:Հազվադեպ էր լինում, որ մեկ ներկայացումը մի քանի անգամ խաղային: Մանկուց ես այդ ամենը տեսել եմ, և երբ փորձերը սկսվում էին, ես և եղբայրս՝ Արամը, նստում էինք և սկսում նայել ներկայացումները:

-Հիշում ե՞ք ձեր առաջին քայլերը բեմում…

– Երբ աչքերս բացել եմ այդ եմ տեսել, այդպիսով դժվարանում եմ ասել, որն է առաջինը, որը ՝երկրորդը: Նախկինում, երբ ծնողներս փորձեր էին անում, երբեմն ես հուշարար էի լինում, առանց հուշարար նրանք փորձեր չէին անում, թերևս ամենաթանկ հուշերիցս մեկը Փափազյանի հուշարարը լինելն է:

-Ո՞րն է ձեր կերտած ամենասիրելի կերպարը:

– Դժվար է ասել…Թերևս բոլորին քաջ ծանոթ Երվանդի կերպարը «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմից, որը ինձ հետ նույնացրել են: Նույնիսկ այն ժամանակ վիճելի խնդիր առաջացավ՝ որոշել էին կերպարի անունը Երվանդ Խրիստաֆորիչ թողնել՝ իմ հայրանվամբ, հետո ասացին, որ պետք է գնանք Ռուսաստանից հարս բերենք: Այ, դա չընդունեցի, հրաժարվեցի նկարահանվել: Բայց միևնույն է, որոշեցին, որ ով էլ կերտի այդ դերը՝ կերպարի անունը չեն փոխի: Ես մտափոխվեցի և խաղացի այդ դերը:

-Նախկինում եղե՞լ է այնպիսի մտավախություն, որ հանդիսատեսը ճիշտ չի ըմբռնի ձեր գրած սցենարները:

-Լինում է, ինչու ոչ,բայց եթե նման բան է լինում, հանդիսատեսը մեղավոր չէ, ուրեմն ես պետք է ինձ փոխեմ: Այնպես պետք է անել, որ և՛ քո ուզածը ստացվի, և՛ հանդիսատեսը հասկանա, հավանաբար, դրամատուրգիայի մեջ դժվար լուծելի խնդիրներից մեկը հենց դա է:

-Ո՞րն է Ձեզ ավելի հոգեհարազատ՝ թատրոնը, թե՞ կինոն:

-Միանշանակ թատրոնը: Ես թատրոնից եմ կինո գնացել, ընդ որում, գնացել եմ եղբորս համար և պարզվեց, որ շատ չեմ տարբերում թատրոնը կինոյից: Առաջինը,որում նրա խնդրանքով հանդես եկա, «Կարինե» ֆիլմում լուսանկարչի կերպարն էր: Ես ինձ շատ ազատ եմ զգացել կինոյում, ինչպես թատրոնում,հավանաբար, դա հենց հաջողության գրավական եղավ:

-Զուգահեռներ անցկացնենք այսօրվա և նախկին ստեղծագործած դերասանների միջև: Փոխվե՞լ են արդյոք, կա՞ն տարբերություններ:

-Կան իհարկե, ժամանակները փոխվում  ու իրենց հետքն են թողնում կերտողի վրա, դերասանն էլ այդ կերտողներից մեկն է: Մեր ժամանակի կերտողը մեր դերասաններն են, նրանք են, որ այսօրվա բարքերը պետք է բեմ հանեն:

-Ձեր խոսքը երիտասարդ սերնդի դերասաններին:

-Դերասանությունը մեծ նվիրում է պահանջում, իսկ նվիրումն առանց զոհողությունների չի լինում: Որևէ մարդ, եթե թեկուզ մի չնչին բան զոհաբերում է, միայն հարգանքի է արժանի, որովհետև նա վերցնում է ավելի քիչ, քան տալիս է և լինում է այնպես, որ հաճախ տալիս է և ոչինչ չի ստանում:

 Զրուցեց Ադրինե ՆԻԴԵԼՅԱՆԸ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031