Հոկտեմբերի 28-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի մեծ դահլիճում կայացավ աշխարհահռչակ փորձագետ Բրայան Թրեյսիի՝ «Առաջխաղացման ռազմավարություն» հեղինակային սեմինարը (Стратегия прорыва /Breakthrough strategy): Լեգենդար փորձագետը Հայաստան է ժամանել skill.am հարթակի հատուկ հրավերով՝ World’s Top Speakers in Armenia (Աշխարհի լավագույն բանախոսները Հայաստանում) բացառիկ նախագծի շրջանակում՝ որպես առաջին խոսնակ:
Հաջողության և բիզնեսի զարգացման աշխարհահռչակ փորձագետ Բրայան Թրեյսին իր ամենահեղինակավոր ծրագրի շրջանակում ներկայացրել է ինչպես ճիշտ սահմանել նպատակները, հաղթահարել ներքին խոչընդոտները, բացահայտել ներքին կարողությունները, ունենալ առաջխաղացում բիզնեսում և կյանքում, ինչ հմտություններ են անհրաժեշտ զարգացնել և ինչպես:
Լեգենդար փորձագետը կիսվեց հաջողության բանաձևի իր տեսլականով և, դիմելով ներկաներին, ասաց. «Էական չէ, թե որտեղից ես եկել, կարևոր է միայն, թե դեպի ուր ես գնում: Դուրս եկեք կոմֆորտի տարածքից: Աճը հնարավոր է միայն այն դեպքում, երբ դուք պատրաստ եք զգալ ձեզ անհարմար և դիսկոմֆորտ, երբ որևէ նոր բան եք փորձում: Հաջողակ մարդիկ միշտ փնտրում են ուրիշներին օգնելու հնարավորություններ: Անհաջողակները միշտ հարցնում են. «Ի՞նչ կա այդտեղ ինձ համար»: Հաջողության բանաձևը գիտակցությունը կենտրոնացնել է այն երևույթների վրա, որոնք ցանկալի են, և ոչ նրանց վրա, որոնցից վախենում ես»:
Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Բրայան Թրեյսիի՝ Հայաստան այցին՝ Skill.am հարթակի հիմնադիր Սերգեյ Ուսնունցը նշեց.
«Skill նախագծի նպատակն է մեկ հարթակում ներկայացնել տեղական և միջազգային թրեյներների, խորհրդատուների, փորձագետների մասնակցությամբ Հայաստանում իրականացվող ֆորումներ, գիտաժողովներ, սեմինարներ, թրեյնինգներ, վորքշոփեր, վարպետության դասեր, վերապատրաստմանը, կարողությունների զարգացմանն ուղղված այլ միջոցառումներ: Տարբեր փորագետների հետ երկար խորհրդակցելուց հետո որոշեցինք մեր՝ այս բացառիկ World’s Top Speakers in Armenia նախագծի շրջանակում՝ որպես առաջին խոսնակ հրավիրել հենց Բրայան Թրեյսիին: Նա ունի բազմաթիվ հաջողված ծրագրեր, սակայն ընտրեցինք «Առաջխաղացման ռազմավարություն» սեմինարը, որովհետև այն ունի միլիոնավոր լսարան և իր ամենահեղինակավոր ծրագրերից է: Ծրագիրը ուղղված է մարդկանց անձային և մասնագիտական աճին, իրենց ընտանիքում, բիզնեսում և առհասարակ այլ միջավայրերում առաջխաղացմանն ու զարգացմանը»:
Աշխարհահռչակ փորձագետին ուկնդրելու էին եկել ավելի քան 700 մասնակիցներ՝ գործարարներ, առաջատար և խոշոր կազմակերպությունների սեփականատերեր, հաղորդակցությունների, մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի մասնագետներ, բիզնես խորհրդատուներ, թրեյներներ, ԶԼՄ ներկայացուցիչներ և այլք ինչպես Հայաստանից, այնպես էլ Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Պարսկաստանից, Բելգիայից, ԱՄՆ-ից:
Սեմինարի մասնակից, “Brand on” մարքեթինգային ընկերության տնօրեն Արման Արզումանյանը, կիսվելով իր տպավորություններով, ասաց. «Բավականին երկար ժամանակ ուսումնասիրել եմ Թրեյսիի աշխատությունները, գրքերը: Ես առաջնորդվում եմ նրա տեսլականով, Թրեյսիին մոտիվացիա է հանդիսանում յուրաքանչյուր գործարարի համար: Նա աշխարհի լավագույն բիզնես փորձագետն է, վաղուց էի ցանկանում մասնակցել իր սեմինարներին, նույնիսկ մտածում էի մեկնել որևէ երկիր, որտեղ ինքն անցկացնում է թրեյնինգներ: Բայց ի ուրախություն ինձ, նա ինքը ժամանեց Հայաստան: Շնորհակալ եմ կազմակերպիչներին մեզ նման հնարավորություն ընձեռելու համար»:
Մամուլի հաղորդագրություն