«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանի՝ Կոմանդոսի, համոզմամբ, հավասար պայմաններ է ստեղծելու զինծառայողների համար: Ըստ նրա՝ այլեւս չեն լինի արտոնյալներ:
«Ոնց եք պատկերացնում՝ ճի՞շտ է, որ մեկը ծառայում է, մեկը՝ ոչ: Թող գնան բանակ, ծառայեն, գան, դրանից հետո կուզեն՝ կսովորեն, կուզեն՝ կաշխատեն: Սովորողին չի խանգարի երկու տարի բանակում ծառայելը ու ծառայությունից հետո սովորելը: Այս օրենքը դրական առաջընթաց է բերելու»,- Aravot.am-ին ասաց Կոմանդոսը:
Անդրադառնալով այս օրենքի նախագծի ընդդիմախոսների փաստարկներին, թե այս օրենքը իր թեւերն է փռում տարբեր հիվանդությունների անվան տակ բանակից ազատվողների վրա՝ Կոմանդոսն ասաց. «Իհարկե, չարաշահումներ կլինեն, բայց օրենքի ընդունումից հետո ավելի քիչ կլինեն այդ չարաշահումները: Ես այդ հարցերով չեմ զբաղվում, բայց ամեն օրենք իր դրական ու բացասական կողմերն ունեն, այս օրենքում ավելի շատ դրական կողմեր կան, բացասական կողմեր չեմ տեսնում»:
Անդրադառնալով Ժնեւում Սարգսյան-Ալիեւ հանդիպումից հետո ձեռք բերված պայմանավորվածությանը ու դրան հաջորդող սահմանին վերջին օրերին առաջացած լարվածությանը՝ Կոմանդոսն ասաց, որ եթե տարիներ առաջ բանակցություններից սպասումներ ուներ, հիմա հասկացել է՝ Ալիեւն իր ծրագիրն ունի. «Ալիեւն իր ծրագիրն ունի, այն է՝ սահմանին մշտապես լարվածությունը պահել, որովհետեւ դա իր փրկությունն է՝ իր ժողովրդին իր ձեռքում պահելու առումով: Ալիեւն ուզում է ցույց տալ իր հասարակությանը, որ Ադրբեջանի թշնամին հայն է, ոչ թե ինքը: Բայց ամբողջ աշխարհն է հասկացել, որ նա ստում է, այդ մարդը ոչ խիղճ ունի, ոչ՝ ամոթ…մտածելու բան չկա, մեր սարերը մեզ պաշտպանում են, մենք ենք ու մեր սարերը, առաջ չէի հասկանում, բայց հիմա այնքան ուրախ եմ, որ մեր սարերի մեջ ենք, ոչ մի տեղից չեն կարողանա մեզ հաղթել: Մեր բանակը մարտունակ է, վերջին տեխնիկական սարքավորումներն եք ստանում, որոնք մեզ թույլ են տալիս լավ պաշտպանվել, նկատել եք չէ, որ ապրիլյան պատերազմից հետո ադրբեջանական ոչ մի խումբ չի կարողանում մոտենալ ու հարձակվել մեր զինվորների վրա, իրավիճակը մենք վերահսկում ենք: Դրոններ ենք արտադրում, այնպիսի գործողություններ ենք կատարում, որոնք դժվար էր առաջ անել, որովհետև գումար չկար: Անընդհատ խոսվում է՝ Ադրբեջանը հսկայական զենք-զինամթերք ունի, նորերն է գնում, բայց իրենց զենքը ոնց որ թանգարանային լինի, չեն տիրապետում այդ զենքին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ