Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացան խորհրդակցություններ Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների, ինչպես նաև ԱՊՀ գործադիր քարտուղարության ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցություններն անցկացվեցին «ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցությունը Եվրամիության հետ» և «ԵԱՀԿ-ում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցությունը եվրոպական անվտանգության հարցերի շուրջ» թեմաների շուրջ։
Իր բացման խոսքում ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը կարևորեց արդեն երկու տասնամյակ ԱՊՀ երկրների արտաքին գերատեսչությունների միջև անցկացվող խորհրդակցությունների ձևաչափը՝ նշելով, որ այն հնարավորություն է ընձեռնում իրականացնել մտքերի փոխանակում արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի լայն շրջանակի շուրջ։ Նա անդրադարձավ ԵՄ և եվրոպական այլ կառույցների հետ Հայաստանի համագործակցությանը՝ հավելելով, որ այն ընթանում է տարբեր ինտեգրացիոն ձևաչափերում ՀՀ կողմից ավելի վաղ ստանձնած պարտավորություններին համահունչ։ Մասնակիցներն իրենց աջակցությունը հայտնեցին ԵԱՏՄ-ի և ԵՄ միջև հնարավոր երկխոսությանը, ինչը կխթանի երկու կառույցների միջև առևտրատնտեսական համագործակցությունը:
Խորհրդակցությունների երկրորդ մասում բացման խոսքով հանդես եկավ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը: Նա կարևորեց ԵԱՀԿ բոլոր երեք հարթություններում ԱՊՀ անդամ պետությունների միջև համագործակցությունը:
Մասնակիցներն անդրադարձ կատարեցին սովորական սպառազինությունների վերահսկման ռեժիմի ամրապնդման, ԵԱՀԿ տարածաշրջանում տնտեսական փոխկապակցվածության միջոցով բաժանարար գծերի և փակ սահմանների հաղթահարման, մարդու սոցիալական, տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության, ԵԱՀԿ հաստատությունների գործունեության հարցերին:
Խորհրդակցությունների շրջանակում ԱՊՀ պետությունների պատվիրակությունները հանդիպեցին նաև ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել խորհրդակցությունների անցկացման ավանդույթը՝ որպես քաղաքական փոխգործակցության արդյունավետ գործիքակազմ։
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն