Լրահոս
Օրվա լրահոսը

Չի բացառվում, որ վաղը Մոսկվայից զանգ չի հնչի, ասվի՝ Կրեմլի փորձագետները եկել այն եզրակացության, որ համաձայնագիրը դեմ է Ռուսաստանի շահերին. ՀԺ

Հոկտեմբեր 28,2017 11:18

ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը երեկ լրագրողի հարցին, թե ի  վերջո, նոյեմբերին կստորագրվի՞ ԵՄ-ի հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, պատասխանել է․ «Ես մարգարե չեմ, սպասենք նոյեմբերին»:

Հիրավի՝ սա ժամանակակից հայ պաշտոնյայի բավական անկեղծ պատասխան է, որովհետեւ Հայաստանը վաղուց արդեն ոչ թե միջազգային հարաբերությունների կանխատեսելի սուբյեկտ է, այլ սատանան գիտի, թե ինչ, որի գործողությունները կարելի է կանխատեսել ոչ թե տրամաբանության, այլ գրբացության, սուրճի բաժակ նայելու միջոցով։ Նույնիսկ այս մեթոդները երբեմն անզոր են գտնվում, եւ ամենավստահելի միջոցը թերեւս մարգարե լինելն է։

Իհարկե, հայաստանյան պաշտոնյաների հայտարարություններից որակապես տարբերվում է ԵՄ-ի Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով Եվրամիության հանձնակատար Յոհաննես Հանի այն հայտարարությունը, որ երեկ արել է Տալինում։ «Ուզում եմ սկզբից եւեթ հստակ ասել, որ Հայաստանի հետ պայմանագիրը ստորագրվելու է, դրանում կասկած չկա, եւ գրեթե հաստատ է, որ դա տեղի է ունենալու գագաթնաժողովի շրջանակներում կամ հենց գագաթնաժողովի ժամանակ: Սա հստակ է: Դրա շուրջ որեւէ քննարկում չկա»,- ասել է նա։

Պարոն Հանը այստեղ արդեն մարգարե լինելու հայտ է ներկայացնում, բայց նրա նախադասության մեջ ներառված «գրեթե հաստատ է» արտահայտությունը նրան վերադարձնում է սովորական մահկանացուների շարքը։

Եվ սրանով պետք է արձանագրել, որ հարցի հստակ եւ աներկբա պատասխանը այս պահին ոչ ոք չգիտի՝ ոչ Եվրամիության, եւ ոչ էլ հայաստանյան պաշտոնյաները՝ ընդհուպ մինչեւ Սերժ Սարգսյան, որովհետեւ որեւէ մեկը չի կարող տեսականորեն բացառել, որ վաղը Մոսկվայից զանգ չի հնչի, եւ չի ասվի, որ Կրեմլի փորձագետները վերլուծել են համաձայնագրի տեքստը եւ եկել այն եզրակացության, որ դա դեմ է Ռուսաստանի շահերին, եւ դրա ստորագրումը կարող է բերել Ադրբեջանի հետ նոր պատերազմի։

Հ․Գ․- 2 Նյութը պատրաստ էր հրապարակման, երբ Հ1-ի լուրերից տեղեկացանք, որ երեկ ՀՀԿ քաղաքական դպրոցում Սերժ Սարգսյանը հայտարարել է․ «Մենք նոյեմբերի 24-ին ԵՄ-ի հետ պիտի փաստաթուղթ ստորագրենք»։ Արդեն ուզում էինք ջնջել նյութը, երբ ավելացրեց․ «Եթե նորից այլ խնդիրներ չառաջանան»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031