Լրահոս
Օրվա լրահոսը

Կատալոնիա եւ Արցախ. տարբեր հանգամանքներ եւ անհամեմատելի կարգավիճակներ

Հոկտեմբեր 28,2017 10:31

Կատալոնիայի խորհրդարանը ընթացակարգային երկրորդ քայլը կատարեց, քվեարկելով Իսպանիայից անջատվելու եւ անկախություն հռչակելու բանաձեւը: Սպասվածը այժմ պաշտոնական Մադրիդի դիրքորոշումն է, որի ուղղությամբ արդեն նախապես իսպանական իշխանությունները կատարել էին հայտարարություններ:

Այստեղ դժվար թե իրավականորեն համատեղվեն տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման իրավունքի միջազգային սկզբունքները: Կան իրավական արդարացում փնտրող խնդիրներ, թե` ի նպաստ անկախության հանրաքվեին կատալոնացիների մեծամասնությունը չի մասնակցել. կամ նաեւ պատմական առումով Կատալոնիայի ժողովուրդը ըստ էության միեւնույն իսպանացի ժողովրդի մի հատվածն է, որն ունի կրոնական, մշակութային, լեզվական բացարձակ ընդհանրություններ եւ դրանով իսկ անջատվելու իրավական դրույթները չի ամբողջացնում: Սա եւ նման առարկությունները եւ հակափաստարկները հայտնապես պիտի շարունակվեն Կատալոնիայի կարգավիճակը ճշտորոշելու համար:

Բայց խնդիրը Կատալոնիայից ավելի թվում է, թե վերաբերում է ամբողջ Եվրոպային: Չի բացառվում, որ միջազգային մամուլում հետզհետե սկսի երեւալ Եվրոպայի Միության կազմաքանդման մասին քաղաքական կանխատեսումների տեսություններ:

Համաեվրոպական տարողությամբ գոյություն ունեցող, համեցող եւ որոշակի մագլցողականություններով հատկանշվող տագնապները` փախստականների, տնտեսական, ֆինանսական եւ մանավանդ ապահովական առումներով կուղեկցվեն նաեւ ԵՄ-ից ելքերով: «Բրեքզիթ»-ը նշված համաեվրոպական ճգնաժամերի պատճառականությունը ներառել էր իր հիմնավորումների մեջ:

Անջատողական տրամադրությունների ենթադրյալ հաջորդականությունը, հավանաբար, իբրև ենթահիմնավորում ունենա նաեւ այս տագնապները: Իսկ այս առումով, նկատի ունենալով ժողովրդագրական պատկերը եվրոպական աշխարհագրական այլ միջավայրերում, Կատալոնիայի օրինակին հետեւողներ կարող են լինել։

Պատահական չի կարելի համարել Լեհաստանի բարձրաստիճան պաշտոնատարի Երեւանում կատարած ակնարկը` Արեւելյան գործընկերության շրջանակներում կնքվելիք ընդլայնված եւ համապարփակ համագործակցությունից հեռանկարային անցում կատարելու դեպի ԵՄ-ի անդամակցություն: ԵՄ-ից ելքերի դիմաց դեպի ԵՄ-ի անդամակցության մասին բարձրաձայն նշելու պաշտոնական օրինակ է Վարշավայի հղած ուղերձը Երեւանին:

Հայկական դիտանկյունի ոսպնյակը այս դեպքում ավելի կենտրոնանում է այն անտեղի համեմատությունների վրա, որոնք կատարվում են Կատալոնիայի եւ Արցախի միջեւ: Իբրեւ առաջին պարզ հստակեցում, որը ընդգծում է համեմատելիության անտեղիությունն այն է, որ Կատալոնիան մի երկրի` Իսպանիայի, տարածքային ամբողջականությունից է դուրս գալիս, մինչ Արցախը երբեք մաս չի կազմել Ադրբեջանի տարածքի: Բռնակցումը այս դեպքում հիմնովին հակադրվում է միջազգայնորեն ընդունված ինքնորոշման իրավունքին. սկզբունքով նաեւ՝ տարածքային ամբողջականության, տրված լինելով որ բռնի միջոցներով, հակաժողովրդավարական եղանակով է դա արվել. դեռևս չենք խոսում տարբեր ազգի, ժողովրդի, կրոնի, մշակույթի, պատմության հանգամանքների մասին. կայացած որոշման հիման վրա Արցախին տրվել է ադրբեջանական տարածքում ինքնավար մարզի կարգավիճակ: Առավել եւս. Մադրիդը որեւէ տեսակի սումգայիթյան քաղաքականություն չի կիրառել կատալոնացիների նկատմամբ:

Այս անհամատեղելիությանն իրազեկ են նաեւ ԵՄ-ի արեւելյան գործընկերության ծրագրի պատասխանատուները, երբ ընդլայնված եւ համապարփակ համագործակցության փաստաթղթում արցախյան հակամարտության նկատմամբ նշել են` տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունք, ժողովուրդների իրավահավասարության եւ ուժի կիրառման բացառման միջազգային սկզբունքները:

Անհամեմատելիության պարզ ու ամփոփ սկզբունքը հետեւյալն է. Կատալոնիան անջատվում է Իսպանիայի տարածքային ամբողջականությունից: Արցախը երբեք մաս չի կազմել Ադրբեջանի տարածքային ամբողջականության:

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031