Վստահ է Կոմպոզիտորների միության նախագահի թեկնածու Վարդան Աճեմյանը
«Առավոտը» կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պետական մրցանակի դափնեկիր, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Վարդան Աճեմյանի հետ հանդիպման համար երկու առիթ ուներ: Ըստ մեր տեղեկությունների՝ Ազգային օպերային թատրոնը կոմպոզիտորին առաջարկել է վերաբեմադրել «Կիկոսի մահը» օպերան, մյուսը՝ ՀՀ կոմպոզիտորների միության հոկտեմբերի 29-ին կայանալիք հերթական համագումարում միության նախագահի՝ իր թեկնածությունն առաջադրելն է:
Հաստատելով այն, որ «Կիկոսի մահը» իր դիպլոմային աշխատանքն է եղել (ուսանել է Ղազարոս Սարյանի դասարանում), որի համար գնահատվել է «5+» եւ այդ մասին գրվել է «Պրավդայում»՝ որպես երեւույթ, Վարդան Աճեմյանը հիշեց. «Ստացա միանգամից 3 ուղեգիր. առաջինը այս օպերայի բեմադրության հնարավորությունն էր, երկրորդը՝ ասպիրանտուրայում ուսումս շարունակելը, երրորդը՝ դարձա կոմպոզիտորների միության անդամ»: Հավելեց նաեւ, թե «Կիկոսի մահը» Ազգային օպերային թատրոնում բեմադրվել է 1980թ.: Լիբրետոն մեծանուն ռեժիսոր Վարդան Աճեմյանինն է, ռեժիսորը՝ Տիգրան Լեւոնյանը, բեմադրող դիրիժորը՝ Յուրի Դավթյանը:
Հարցին՝ ինչո՞ւ իր մեծանուն պապը չբեմադրեց օպերան, մեր զրուցակիցը պատասխանեց. «Իսկապես, ինձ համար աշխարհի ամենալավ մարդը՝ պապս պետք է բեմադրեր, բայց չհասցրեց: Նա ընդամենը դիտեց օպերայի առաջին պատկերը: Ի դեպ, օպերային թատրոնում մի քանի անգամ վերաբեմադրվեց օպերան, բայց ինձ հարազատ է լեւոնյանական բեմադրությունը: Ավելի ուշ՝ 1990թ., ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանը, որը ղեկավարում էր այն ժամանակ գործող մանկական օպերային թատրոնը, երիտասարդ արտիստների ուժերով անդրադարձավ օպերայիս: Դիրիժորն էր Աթանես Առաքելյանը»:
Հետաքրքրությանը՝ ասում են, թե «Կիկոսի մահը» օպերայով հետաքրքրվել է նույնիսկ Մոսկվան, պարոն Աճեմյանը նախ նշեց, թե պապը՝ Վարդան Աճեմյանը, լիբրետոյի վրա գրել է «ուրախ օպերա», եւ մեր զրուցակցի խոսքերով՝ թումանյանական հեքիաթը աճեմյանական լիբրետոյի շնորհիվ դարձել է «ոչ այնքան մանկական, որքան մեծահասակների համար» օպերա, հետո հայտնեց. «Ներկայիս Բորիս Պոկրովսկու անվան կամերային օպերային թատրոնի հիմնադիր Պոկրովսկու կողմից ստացա առաջարկ: Լիբրետոն թարգմանել էր Թամար Դեմուրյանը: Բայց 1988-ի երկրաշարժն ու դրան հաջորդող տարիները թույլ չտվեցին համագործակցությունը կայանա»: Հարցրինք՝ ճի՞շտ է այն տեղեկությունը, որ Ազգային օպերային թատրոնի կողմից առաջարկը ստանալուն պես պայման է դրել, որ բեմադրող ռեժիսորը անպայման Մոսկվայից լինի: Պարոն Աճեմյանը դարձյալ հիշեց լեւոնյանական ներկայացումը, նշեց, որ բեմադրության մեջ ընդգրկված էին օպերային այնպիսի հայտնի արտիստներ, ինչպիսին են Ելենա Վարդանյանը, Սուսաննա Մարտիրոսյանը, Հենրիկ Ալավերդյանը, Կառլոս Մարկոսյանը եւ այլք, հետո ասաց. «Դա այնքան էլ այդպես չէ: Իհարկե, ցանկալի էր, որ ռեժիսորը լինի Պոկրովսկու անվան թատրոնից, քանի որ այնտեղ կան մեկ-երկու ռեժիսորներ, որոնք ծանոթ են օպերային: Կուզեի այս հարցով խորհրդակցել Կոնստանտին Օրբելյանի հետ: Հնարավոր է, որ մաեստրոյի առաջարկած ռեժիսորն իր մտահղացմամբ ինձ գոհացնի…»:
Կոմպոզիտորը դժգոհելու առիթ չունի Հայաստանում եւ արտերկրում իր ստեղծագործությունները հնչեցնելու կապակցությամբ. միայն վերջերս Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Երիտասարդական պետական սիմֆոնիկ նվագախումբը կատարեց նրա 4-րդ սիմֆոնիան՝ նվիրված եղեռնի զոհերի հիշատակին, շուրջ 10 տարի է՝ կոմպոզիտորի ալտ-սաքսոֆոնի, դաշնամուրի եւ լարային նվագախմբի համար գրված երկը, որի պատվիրատուն Ֆրանսիայի մշակույթի կենտրոնն է, ներառված է այդ երկրի ուսումնական ծրագրերում, արտասահմանում տպագրվել են կոմպոզիտորի շուրջ 20 ստեղծագործություններ: Ի վերջո՝ 2015թ. պետական մրցանակի է արժանացել՝ «Հնչյունի թատրոն» ստեղծագործության համար՝ գրված դաշնամուրի, գոսերի եւ լարային նվագախմբի համար եւ այլն:
Իսկ թե ինչո՞ւ է այսքանից հետո ուզում «անցավ գլուխը ցավի տակ դնել»՝ առաջադրվելով Կոմպոզիտորների միության նախագահի թեկնածու, Վարդան Աճեմյանն ասաց. «Ընտրվելուց հետո առաջին հերթին անհրաժեշտ եմ համարում քարոզել այն արժեքները, որ ձեռք ենք բերել փառահեղ 85 տարիների ընթացքում՝ սկսած Կոմիտասից՝ Խաչատրյան, Բաբաջանյան, Միրզոյան, Հարությունյան, Սարյան… եւ, որ ամենակարեւորն է՝ ունեմ համախոհներ: Մշտապես ականջիս հնչում են միության անկրկնելի նախագահ, Դիլիջանի ստեղծագործական տան հիմնադիր Էդվարդ Միրզոյանի խոսքերը՝ եթե կա կասկած, ապա հարցը պետք է լուծել հօգուտ կասկածի: Իսկ արվեստագետները մի փոքր կասկած պետք է ունենան: Հիշում եմ այն տարիները, երբ Դիլիջանն ընդունում էր արտասահմանից անվանի ստեղծագործողների՝ Շոստակովիչից մինչեւ Բրիտտեն, Խաչատրյան… Անվանի կոմպոզիտորները իրենց ստեղծագործությունների մասին կարծիքներ էին խնդրում: Հեքիաթային տարիներ էին, ստեղծագործական մթնոլորտ կար: Այո, հաճախ բանավեճեր էին ընթանում… Հիմա, օրինակ՝ կոնսերվատորիայում, ունենք հիանալի երիտասարդներ, մեկը մյուսին օգնում են, մեկը մյուսի հաջողությամբ ուրախանում… Կրկնում եմ՝ միայն համախոհների բանակի դեպքում կգործի բառի իսկական իմաստով ստեղծագործական միությունը: Անհրաժեշտ է վերականգնել Դիլիջանի ստեղծագործական տան երբեմնի համբավը, այն դարձնել աշխարհի երաժշտական կենտրոն»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
28.10.2017