Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անձնականը՝ մի կողմ

Հոկտեմբեր 28,2017 10:00

Պաշտպանության նախարարի ներկայացրած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի խորհրդարանական քննարկումն, իմ կարծիքով, ընթացավ սխալ ուղղությամբ: Թեեւ սխալ, բայց հայաստանյան քաղաքական մշակույթին չափազանց հատուկ անձնական շեշտադրումներով. «բա դու ծառայե՞լ ես բանակում», «բա դու վաբշե խոսելու տեղ չունես, որովհետեւ բանակում չես ծառայել», «բա դու ո՞նց ես ծառայել», «բա դո՞ւ ինչու ես պատվոգիր ստացել»: Այդ ամենն, իհարկե, շատ հետաքրքիր է, բայց օրենքի բովանդակության հետ կապ չունի:

Ընդհանրապես «դու այսինչ թեմայով իրավունք չունես խոսելու, որովհետեւ…» արտահայտությունն, իմ կարծիքով, փաստարկ չէ: Բոլորն ամեն ինչի մասին իրավունք ունեն խոսելու. Շմայսը՝ բարեկրթությունից, Վազգեն Խաչիկյանը՝ կոռուպցիայի դեմ պայքարից, Ռոբերտ Քոչարյանը՝ ժողովրդավարությունից եւ մամուլի ազատությունից: Ոչ մեկի բերանը պետք չի փակել «ում կովը բառաչեր» փաստարկով՝ այս պարագայում վեճի բովանդակությունն է փոխվում:

Այնուամենայնիվ, տուրք տալով խորհրդարանական քննարկումների «թրենդին», խոստովանեմ՝ ես խորհրդային բանակում չեմ ծառայել (իմ երիտասարդության ժամանակ բանակը խորհրդային էր): Կոնսերվատորիան ավարտելուց հետո ես երեք տարի աշխատել եմ գյուղում որպես ուսուցիչ, եւ դա օրինական կերպով ազատում էր բանակից: Այն պահի դրությամբ (1983-86 թվականներ) նման օրենքի մեջ, կարծում եմ, տրամաբանություն կար: Հսկայական մարդկային ռեսուրսներ ունեցող պետությունը գտնում էր, որ բարձրագույն կրթությամբ երիտասարդների մի մասը պետք է լրացնի գյուղական դպրոցների թափուր տեղերը: Իհարկե, կային երիտասարդներ, որոնք կաշառք էին տալիս դպրոցի տնօրենին կամ «շրջժողկրթբաժվարին» եւ շարունակում էին անհոգ ապրել Երեւանում: Բայց անձամբ ես, ինչպես հասկանում եք, դասավանդում էի բարեխղճորեն (ցանկացողները կարող են ստուգել), եւ այդ երեք տարիների փորձն օգտակար էր թե ինձ, եւ թե, հուսով եմ, իմ աշակերտների եւ գործընկերների համար:

Այժմ (2017 թվականին) ես նույնպես տրամաբանություն եմ տեսնում առաջարկվող փոփոխությունների մեջ. բարձրագույն կրթությամբ երիտասարդը կարող է օգտակար լինել բանակին եւ արտոնյալ պայմաններով երեք տարի ծառայել որպես սպա (եթե ուզում է) կամ բուհ ընդունվելուց առաջ երկու տարի ծառայել որպես զինվոր: Իհարկե, այստեղ էլ կարող են լինել կոռուպցիոն սողանցքներ, որոնց մասին պատգամավորները պետք է մտածեն մինչեւ երկրորդ ընթերցումը: Բայց սկզբունքը ճիշտ է՝ ժամանակակից բանակը եւ ժամանակակից պատերազմը շատ ավելի «տեխնոլոգիական են», քան թեկուզ 20 տարի առաջ: Այսօր ավելի, քան երբեւէ պետք են կրթված, զարգացած մասնագետ-սպաներ:

…Իսկ երիտասարդները կարող են չանհանգստանալ. ով ասելիք ունի գիտության մեջ կամ որեւէ այլ ասպարեզում, անպայման իր խոսքը կասի: Բանակը չի խանգարի:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Ես այս թեմայով կարծիք գրեթէ չեմ յայտնում, քանի որ ես եւս բանակում չեմ ծառայել։ Բայց կարծում եմ աշխարհը շուռ չի գայ, եթէ երկու խօսք ասեմ 🙂

    Դպրոցից յետոյ բոլորը պէտք է գնան բանակ։ Բանակ գնալը չի կարող ազդել յետագայ ուսումնառութեան եւ գիտութեամբ զբաղուելու վրայ։

    Բայց կայ մի մեծ ԲԱՅՑ։ Բանակը պէտք է բարեփոխուի՝ ԻՐԱՊԷՍ եւ ոչ ձեւական։ Այնտեղ կան խորհրդային տարիներից մեզ հասած յոռի եւ այլանդակ բարքեր, որոնց «քոքը» պէտք է կտրել։

    Ոնց էլ խօսենք, Իսրայէլը պիտի յիշատակենք։ Դէ առանց դրա չի լինի. նմանութիւններ շատ ունենք։ Այնտեղ զինուորներն աւելի յաճախակի են տուն գնում (գրեթէ ամէն ուրբաթ-շաբաթ) եւ աւտոբուսները ձրի են նրանց համար։ Լաւ կը լինէր՝ մեզ մօտ էլ այդպէս լինէր։

    Ես կարծում եմ, որ աղջիկները եւս պիտի բանակ գնան՝ թէեւ աւելի նուազ ծանրաբեռնուածութեամբ, քան տղաները։

    Եկէք խոստովանենք, որ մեր աղջիկները սպորտ քիչ են անում, ուստի բանակը լաւ կը լինէր նրանց համար։ Իսկ տղաների համար բանակն օգնում է ինքնուրոյնութիւն ձեռք բերել։ Մեր տղաներն, ի տարբերութիւն աղջիկների, պակաս ինքնուրոյն են մեծանում։

    Իհարկէ, պատերազմող երկրում կոչ անել բոլորին գնալ բանակ, այդքան էլ բարոյական չէ իմ կողմից . այստեղ կայ առաջնագծի խնդիր։ Այս հարցում ես իմ լուծումներն ունեմ, բայց սա քննարկման այլ թեմա է։

    Ինչ վերաբերում է խորհրդարանական քննարկումներին, ապա այո՛ մի քիչ լրջութիւնը չէր խանգարի։ Յարգելի՛ պատգամաւորներ, դուք մանկապարտէզում չէք։

  2. Artur Lazarian says:

    Չգիտէի, որ 3 երեք տարի ուսուցիչ էք աշխատել։ Ո՞ր գիւղում։ Երգի դասատու է՞ք եղել։ Նորմալ աշխատավարձ էի՞ն տալիս, թէ՞ դա համարւում էր բանակի փոխարէն։

  3. Լավատես says:

    Երիտասարդի համար բանակում երկու երեք տարի ծառայելը պետք է նույնքան բնական լինի, ինչ երեխայի համար միջնակարգ դպրոցում տասը տասներկու տարի սովորելը, եթե մանկապարտեզում ու տանը երեխային նախնական գրել կարդալ ու հաշվել են սովորեցնում ու երեխայի համար դպրոց գնալը հաճելի է, որովհետեւ կարողանում է ինքնաբացահայտվել, նույնը պետք է կատարվի երիտասարդի համար՝ նախքան բանակ գնալը անպայման պետք են նախապատրաստական հավաքներ ու դասընթացներ՝ սկսած մանկապարտեզից ու դպրոցից ու տանը ընտանիքում, վերջացրած հատուկ նախաբանակային մի ամսով զորահավաքներով, դրանից հետո երիտասարդները իրենք մեծ հաճույքով կգնան բանակ ծառայելու: Մանկապարտեզից ու դպրոցից տղա երեխային դաստիարակել որպես ապագա հայ տղամարդու (հայ տղամարդու կանոնագիրք պետք է գրվի) եւ աղջիկ երեխային՝ որպես ապագա հայ կնոջ (նմանապես՝ հայ կնոջ կանոնագիրք):

  4. Ruben says:

    1. «Դուք ցանկանու՞մ եք ծառայել այսօրվա բանակում»
    2. «Ինչու՞»
    Հանրային հարցում արեք եւ ամեն ինչ պարզ կդառնա:

  5. vartan says:

    Բանակում ծառայելը երիտասարդի համար նորմալ մի բան է իսկ չծառայելը աննորմալ է.

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031