Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Սարգսյանի եւ Վիգեն Սարգսյանի առաջարկների տարբերությունը

Հոկտեմբեր 28,2017 16:00

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը` տարկետման վերացման եւ 18 տարեկաններին բանակ զորակոչելու 20-ամյա վեճի մասին:

1997 թվականի հունիսին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը խորհրդարանին ներկայացրեց «Զինապարտության մասին» օրենքի նախագիծը, որը ենթադրում էր վերացնել տարկետումը եւ 18 տարին լրացած բոլոր երիտասարդներին բանակ զորակոչել: Նախագիծը դարձավ ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանի եւ Վազգեն Սարգսյանի առճակատման պատճառ: Բաբկեն Արարքցյանը հրաժարականի դիմում ներկայացրեց: Խորհրդարան եկավ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հարցը լուծվեց ոչ-ոքի. նախագիծն անցավ առաջին ընթերցմամբ եւ անուշադրության մատնվեց, խորհրդարանն էլ մերժեց Բաբկեն Արարքցյանի հրաժարականը: Այսօր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ներկայացրած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» եւ «Պաշտպանության մասին» նախագծերի հիմնական քննարկման թեման հենց տարկետման իրավունքի վերացումն է եւ 18 տարին լրացած երիտասարդներին բանակ զորակոչելը: Այն ժամանակ Վազգեն Սարգսյանն իր առաջարկը հիմնավորում էր այսպես` կգա ժամանակ, եւ մենք չենք կարողանա զորակոչ ապահովել: Հիմա Վիգեն Սարգսյանն ասում է` սոցիալական արդարության հարց ենք լուծում:

1997 թվականին իշխող ՀՀՇ-ի ներկայացուցիչ եւ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Իգիթյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ 20 տարի առաջ զորակոչը վտանգի տակ էր արդեն. «Այսօր պետք է հասկանալ, որ բանակում քանակը կարեւոր է, բայց երկրորդական: Բանակում տեխնիկական միջոցների օգտագործումը, ռազմավարական եւ մարտավարական հնարքները շատ ավելի կարեւոր են, քան շարքային ծառայողների քանակը: Այսօր ծառայողը ոչ թե, պայմանական ասած, կալաշնիկովով կանգնած մարդն է, այլ ժամանակակից զենքին տիրապետող, համակարգչային գիտելիքների եւ հնարքների տիրապետողը: Այս ուղղությամբ է գնացել 20 տարիների ընթացքում զարգացումը: Բարդ տեխնոլոգիական զարգացում է եղել, եւ այսօր կրթված մասնագետը դառնում է ավելի կարեւոր»:

– Վիգեն Սարգսյանը պնդում է, որ այսպիսով իրենք փորձում են սոցիալական արդարության հարց լուծել: Հավատո՞ւմ եք այդ փաստարկին:

– Ես չեմ կարծում, որ ծառայությունից խուսափելու կամ երեխաներին այլ երկիր տանելու մեջ սոցիալական պատճառ կա: Չեմ կարծում, որ որեւէ մեկը տանում է իր երեխային, ասենք, Ռուսաստանի քաղաքացի դարձնելու, քանի որ արդարություն չկա: Հիմնական պատճառն, ըստ իս, այն է, որ բնակչության մոտ երեխաների կյանքի համար չկա երաշխիք: Թե՛ բանակի ներսում տիրող մթնոլորտը, թե՛ սահմաններում տիրող իրավիճակը մարդկանց մեջ բացասական տրամադրություններ են առաջացնում: Ամեն օր մենք հաղորդագրություններում կարդում ենք, որ ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից զինվոր է մահացել, կամ ադրբեջանական կողմը «Սպայկ» է կիրառել, զինվոր է զոհվել: Սա է խնդիրը, որ պետությունը, բանակը եւ քաղաքական իշխանությունը պետք է փորձի լուծել, որպեսզի այսպիսի դեպքերը լինեն շատ արտառոց, ոչ թե առօրյա: Սա եթե ապահովվի, մնացյալ հարցերը կդառնան երկրորդական:

– Իրականում գիտության «ողնաշարը կոտրելու» վտանգ չե՞ք տեսնում այս մոտեցման մեջ:

– Ես երկու վտանգ եմ այստեղ տեսնում: Նախ` արտագաղթի: Նրանք, ովքեր իրենց ապագան կապում են գիտության հետ, իհարկե, կգտնեն տարբերակներ եւ ձեւեր ու կարտագաղթեն: Երկրորդը` արդեն ասացի, այսօրվա բանակը 20 տարի առաջվա բանակը չէ: Երբ ես էի ծառայության տարիքում, օրինակ, ռադիոլոկացիոն կայանում ծառայելու համար մի քանի ամիս էինք սովորեցնում այդ տեխնիկայով աշխատելու համար: Բայց այսօրվա տեխնիկան պահանջում է բոլորովին այլ աստիճանի եւ մակարդակի գիտելիքներ: Այսօրվա բանակի զինվորը պետք է կրթված լինի եւ ունակ` ժամանակակից տեխնիկայով աշխատելու: Իսկ այդպիսի մարդկանց կարիք մեր բանակն ունի` թե՛ շարքային, թե՛ սպայական կազմում:

Իսկ այս խոսակցությունների հիմնական պատճառն այն է, որ երիտասարդներն այսօր զոհվում են թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի սահմաններում, եւ որեւէ քաղաքական միջոցներ չեն կիրառվում, որպեսզի նման դեպքերը դառնան եզակի:

– Օրինակ՝ ի՞նչ քաղաքական միջոց պետք է ձեռնարկվի. Սերժ Սարգսյանն Ալիեւի հետ ջենթլմենական պայմանավորվածություն ձեռք բերեց, որը Ալիեւը խախտեց:

– Այո, Ալիեւը խախտեց: Եվ մենք տեսնո՞ւմ ենք, արդյոք, ԱԳՆ-ի դիմումները տարբեր միջազգային կառույցներին, ԵԱՀԿ Մինսկի խմբին, արդյոք մեր պատվիրակները հանդիպումներ են ունենում եւ բարձրացնո՞ւմ են այս հարցը, արդյոք Սերժ Սարգսյանը Ժնեւում հանդիպման ժամանակ բարձրացրե՞լ էր այդ հարցը, որ եթե Ադրբեջանը կրկին խախտեց պայմանավորվածությունը, Հայաստանը հրաժարվում է բանակցություններից, եւ պայման դնի, որ մինչեւ կողմերը Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները չկատարեն` առաջ չենք շարժվի: Այս ամենը եթե անմիջական արդյունք էլ չտա, գոնե հասարակությունը կտեսնի, որ անկախ այդ մեկ հանդիպումից՝ զինվորի կյանքը, մարդու կյանքը համար մեկ խնդիրն է:

– Հայկական կողմի այս «անգործությունը» զուտ անփութությա՞ն արդյունք է:

– Ես կարծում եմ՝ քաղաքական փորձի բացակայության եւ Հայաստանի իշխանության ձեւավորման մթնոլորտի արդյունքն է:

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

27.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031