Լրահոս
Օրվա լրահոսը

Վկան հայտնել էր, որ դպրոցի մոտից դասվարին չի փախցրել

Հոկտեմբեր 28,2017 15:30

Մարզի արդարացված դասվարն ասել էր. «Պաշտպան չի ունեցել, սուտ մատնության պատասխանատվության մասին` չի պատկերացրել»

Վերջերս սոցիալական ցանցերում բուռն քննարկման առիթ դարձավ Պետական համալսարանի դասախոսին ուսանողի կողմից փախցնելու լուրը: Նույն այդ օրերին վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում էր Արմավիրի մարզից բողոք բերվածի գործով դատական քննությունը:

Ուշագրավ այս քրեական գործով տուժող ըստ էության չի եղել: Գործում չկային իրեղեն ապացույցներ, դատական ծախսեր, պահանջ:

Արմավիրի մարզի դատարանը ճանաչել էր ամբաստանյալ Շ.Կարապետյանի անմեղությունն ապացույցների անբավարարության հիմքով: Իսկ նախաքննության ընթացքում կին դասվարի նկատմամբ ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը վերացվել էր: Մեղադրող Կ. Ներսիսյանը դիմել է վերաքննիչ քրեական դատարան, որպեսզի բեկանվի արդարացման դատավճիռը եւ կայացվի մեղադրական դատավճիռ:

Միջնակարգ դպրոցի դասվարն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Այս գործը մեկ անգամ արդեն իսկ բեկանվել էր, քանի որ առաջին անգամ մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատապարտել էր կնոջը 6 ամիս ժամկետով ազատազրկման։ Դատարանը վճռել էր ազատազրկման ձեւով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանել փորձաշրջան 1 տարի ժամկետով։

Սուտ մատնության համար մեղադրվող կինը ցուցմունք էր տվել, որ 3 ամիս շարունակ հանդիպել է վկա Գ. Նազարյանի հետ: Վկայի հետ հանդիպման մասին տեղյակ չեն եղել անգամ իր ծնողները: Այդ իր «թաքուն» գաղտնիքն էր, ասել է թե՝ անձնական գաղտնիքը: Ըստ գործով «ձեռք բերված» ապացույցների, նա անցյալ տարվա հունվարի 14-ին Գ. Նազարյանի հետ գնացել է նրա հարազատների տուն: Եվ քանի որ ուշ ժամ է եղել, հեռախոսն էլ անջատված էր, աղջկա ծնողներին թվացել է, թե «նրան Գ. Նազարյանն առեւանգել է, դիմել են ոստիկանություն»։ Երբ Գ. Նազարյանի հետ գնացել են տուն, տեսել է, որ ծնողներն անհանգստացած են, զայրացած, լարված, այդ պատճառով նրանց ճիշտը չի ասել, մանավանդ տեղեկացել է, որ ծնողները ոստիկանություն հաղորդում են տվել:

Նա նույնպես գնացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, ուր պնդել է ծնողների տված հաղորդումը, հայտնելով, թե Գ. Նազարյանն իր 2 ընկերների հետ «նախնական համաձայնության գալով, առեւանգել է իրեն, սակայն չի գիտակցել, թե ինչ հետեւանքներ կունենա իր կողմից տված հաղորդումը»։

Ի դեպ, այն դպրոցը, որտեղ դասվար է աշխատել Շ. Կարապետյանը, աշխատել են նաեւ տուժողի մայրը եւ մորաքույրը։

Աղջկա ծնողները դեմ էին Գ. Նազարյանի հանդիպումներին: Շ.-ն հայտնել էր, որ երբ տուժողը եկել է իրեն դպրոց ուղեկցելու, հայրը թույլ չի տվել:

Սովորականի նման «դեպքի օրը» Շ.-ն գնացել է դպրոց, մասնակցել մանկավարժական խորհրդի նիստին: Երբ նիստից հետո դուրս է եկել, Գ. Նազարյանը նրան ուղեկցել է իր մորաքրոջ տուն:

Մանկավարժը նկարագրել է, թե ինչու է ստել. «Հասա տուն, ծնողներս ջղայնացած էին ինձ վրա եւ ես ստիպված ասացի, թե ինձ առեւանգել են։ Գնացինք ոստիկանություն, հաղորդում տվեցի՝ ելնելով ծնողներիս հաղորդումից, մտածեցի` լուրջ բան չի լինի։ Գ.-ին երբ ձերբակալեցին` ստիպված ասացի իրականությունը եւ փոխեցի ցուցմունքը»։

Ամբաստանվողը ցուցմունք տալիս ասել էր, թե. «Ոստիկանությանը շեղելու նպատակ չի ունեցել: Պաշտպան չի ունեցել, սուտ մատնության պատասխանատվության մասին` չի պատկերացրել»։ Ինչ վերաբերում է ցուցմունքը փոխելուն, նա ասել է, որ իրեն որեւէ մեկը չի խնդրել փոխել ցուցմունքը, ցանկացել է ճիշտն ասել։ Նա դատարանից խնդրել էր «իր չգիտակցված քայլի համար իրեն չմեղադրել»:

Վկա Գ. Նազարյանը ցուցմունք էր տվել, որ Շ.-ին չի առեւանգել, իրենք` փոխադարձ համաձայնությամբ, գնացել են իր մորաքրոջ տուն, որպեսզի Շ. Կարապետյանին ծանոթացնի հարազատների հետ։

Մորաքրոջ տնից հետո գնացել են տատիկի տուն: Այդ ժամանակ էլ տեղեկացել են, որ Շուշանիկի ծնողները ոստիկանություն են դիմել։ Ոստիկանություն հայտարարություն տալու մասին իմացել է եղբորից։ Վկան, ի դեպ, հայտնել էր, թե չի սպասել, որ ոստիկանությունն իրեն հրավիրի, ինքն է գնացել բաժին:

Հարազատներից մեկը հաստատել էր, որ Գ. Նազարյանը ընկերուհուն ծանոթացնելու նպատակով էլ նրան բերել է իրենց տուն, որտեղ խնջույք են կազմակերպել: Ուշ էր, երբ Շ. Կարապետյանը եւ Գ. Նազարյանը հաջողություն են մաղթել բոլորին եւ հեռացել: Հաջորդ օրը տեղեկացել էին, որ Շ.-ի ծնողները սուտ հաղորդում են տվել այն մասին, որ Գ. Նազարյանը` իր երկու ընկերների հետ, դպրոցի մոտից առեւանգել են Շ. Կարապետյանին։
Դատարանն արձանագրել էր, որ կինը նախկինում դատված, արատավորված չի եղել։

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

27.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031