Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեա կուլպա-2»-ում կաթողիկոսը հավատացյալ է, պաշտոնյաներին էլ պատժում են` որդիներին բանակ չտանելով

Հոկտեմբեր 28,2017 14:30

«Մեա կուլպան» 15 տարեկան է:

2002-ին այն առաջին անգամ ներկայացվեց հանդիսատեսին, եւ գործողությունը ծավալվում էր 2015-ին: «Մեա կուլպա-1»-ն իսկապես տպավորիչ էր, հեղափոխական, ինչն էլ նրա երկարակեցության գրավականը դարձավ: Առաջին «Մեա կուլպայի» հերոսը (Սամսոն Ստեփանյան) ելույթի տեքստ է պատրաստում միջազգային համաժողովում հանդես գալու համար ու անընդհատ չի կարողանում տարբեր պատճառներով այն ավարտին հասցնել: Իսկ առջեւով կարեւոր մարտահրավեր կա. միջազգային հանրությունը որոշել է Հայաստանին վերադարձնել Թուրքիայի կողմից զավթված հողերը: Սրա շուրջն է ամեն ինչ պտտվում: Հրանտ Թոխատյանն էլ ներկայացման մեջ վագր է, կրկեսի ծաղրածու, Նոստրադամուս, Գյոթե, Նապոլեոն, Չերչիլ, Հիտլեր, Արա Գեղեցիկ եւ անգամ Տիգրան Մեծ:

«Սիրով ապագայից» կամ «Մեա կուլպա-2»-ում 15 տարի անց ոչինչ չի փոխվել, համարյա կոսմետիկ փոփոխություններ են: Այստեղ ընդամենը Վահագն Սիմոնյանի փոխարեն Ջուլիետա Ստեփանյանն է, գործողություններն էլ ինչ-որ դրվագում 2091 թ.-ին են ծավալվում: Երկրի ղեկավարը ասուլիս է տալիս, պատասխանում Հայ կույս կանանց պաշտոնաթերթ «Այծեմնիկ պլյուսի», «Հայ եմ ես, հայ ես դու հեռուստաընկերության», «Ինտեգրված լանջեր թերթի» եւ այլոց հարցերին: Դրանք անգրագետ եւ չհիմնավորված հարցեր են, այդպիսին է տեսնում հայաստանյան ԶԼՄ-ներին ներկայացման ստեղծագործական կազմը: Սակայն սարկազմ կա ոչ միայն լրագրողների վերաբերյալ, բոլորն են քննադատության արժանի:

2091 թ. Հայաստանն ունի կաթողիկոս, որը հավատացյալ է, իսկ պաշտոնյաների ամենակարեւոր պատիժն այն է, որ նրանց զավակները զրկված են բանակում ծառայելու հնարավորությունից:

Երեք ժամ ձգվող «Մեա կուլպա-2»-ը, թերեւս, ավելի թույլ է, ասելիքն ավելի ծամծմված, հումորը մեծ մասամբ անհամ, քննադատությունները ճակատային են, հատկապես ժողովրդին ուղղված հատվածը: Թոխատյանի հերոսը երազում է, որ Նժդեհը, Սիամանթոն, մյուս մեծերը գան ու մաքրեն ժողովրդի միջի «ոչխարայնություն»-ը, ստրկամտությունը: Ըստ ներկայացման, ժողովուրդը 1000 դրամի համար պատրաստ է հերթական օլիգարխին (Ջուլիետա Ստեփանյան) պանծացնել, ժողովուրդը կամակատար է: Այս միտքը շեշտադրելու համար, ներկայացման ժամանակ «ժողովուրդը» ոչխարի նման մայում է:

«Մեա կուլպա-2»- ի հերոսը (Սամսոն Ստեփանյան) ազգային իղձերի փաթեթը ձեռքին օդանավով Երեւան է ժամանել: Սակայն էլի խոչընդոտների է հանդիպել, ինչպես նախկինում: Նա ոչ մի կերպ չի կարողանում հատել սահմանը: Մաքսավորը նրան խորհուրդ է տալիս` եթե գոնե բանան բերեիր կամ ուրիշ մի բան, ավելի հեշտ կանցներ ու չէր ծնգա, իսկ սահմանված ցանկում ազգային իղձ կոչվածը չկա: Ամբողջ ներկայացման ընթացքում հերոսը փորձում է հաղթահարել ազգային իղձերի Հայաստան վերադարձնելու դժվարությունները, սակայն անընդհատ բյուրոկրատական քաշքշուկներ, օլիգարխական նկրտումներ, «մեկը մեկից փոքր» Մասիսները լավ գնով առնելու ցանկություն եւ այլն… Այս անգամ էլ հանդիպում ենք այլ պատմական անձանց` սկսած Ստալինից, ավարտած Րաֆֆու Սամվելով: Հատկապես Չարենցի կերպարը վուլգար է, անհարկի շահարկված: Իսկ դահլիճի հետ միասին նրա «Ես իմ անուշ Հայաստանին» արտասանելու կտորը «թխած» է Վարդան Պետրոսյանի «Ամեն երկուշաբթի» ներկայացումից, որտեղ դահլիճը երգում էր «Երազ իմ երկիրը»: Դեռեւս 2013-ին Վարդանի ներկայացման մեջ կոչ էր արվում սիրել քաղաքը, հայրենիքը, միմյանց, դրա դեղատոմսերն էր առաջարկվում:
Նույնն ավելի պրիմիտիվ ձեւով «Մեա կուլպա-2»-ում է: Հրանտ Թոխատյանը, օրերս կայացած ասուլիսում, այդ ընդհանրությունները պատճառաբանել է Վարդանի եւ իր իղձերի նմանությամբ:

«Սրանից մի հազար տարի առաջ, էն փոքր Մհերին հիշո՞ւմ եք` Դավթի որդուն, էն Մեծ Մհերի թոռանը…Սրա պես նեղացել, մտել էր իրենց տան չուլանը, զանգում եմ, պատասխանում է` բաժանորդն անհասանելի է, էլ չփորձեք էս համարով զանգել»,-այս որակի հումոր ողջ ներկայացման մեջ, հումոր, որ ծիծաղ է կորզում դահլիճից, հանդիսատեսին դա դուր է գալիս: Բայց մի՞թե ամեն դուրեկան բան, որ պահանջված է, նաեւ բարձրորակ է:

Ի դեպ, կրկնվելու մասին… «Մեա կուլպա-2»-ում էլ Հրանտ Թոխատյանը դարձել է Ռոբին Հուդ, Ստալին, Չարենց: Էլի նույն խրատական տոնը` թե հայերդ վատն եք, լիքը սխալներ եք թույլ տվել ու շարունակում եք թույլ տալ:

Հիշեցնենք, որ մտահղացման հեղինակն ու պրոդյուսերը Արմեն Համբարձումյանն է, հեղինակը՝ Վահրամ Սահակյանը, բեմադրող ռեժիսորը՝ Արթուր Սահակյանը, բեմադրող նկարիչը՝ Գարեգին Եվանգուլյանը, զգեստների նկարիչը՝ Ինեսա Սեւոնցը, բեմադրիչի օգնականը Անահիտ Այվազյանն է, իսկ ներկայացման մեջ, բացի Հրանտ Թոխատյանից, Ջուլիետա Ստեփանյանից եւ Սամսոն Ստեփանյանից, ներգրաված են նաեւ Արա Կարագյանը, Արա Սարգսյանը, Իրինա Դանիելյանը, Լեւոն Հարությունյանը, Գեւորգ Մինասյանը:

 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

27.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մանիկ says:

    Ժողովուրդը խնդում է, բայց բարձր մակարդակի արվեստ չէ նրանց ներկայացրածը:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031