Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես լինել անփոխարինելի բաս

Հոկտեմբեր 28,2017 13:30

Հայկ Տիգրանյանը  հարցի պատասխանի համար առաջարկում է դիմել մաեստրո Օրբելյանին

Օպերային բաս Հայկ Տիգրանյանը բեմական ստեղծագործական գործունեության շուրջ 10 տարիների ընթացքում հանդես է եկել համաշխարհային գրականության ընտիր նմուշներում, այդ թվում՝ Վերդիի, Ռոսինիի, Պուչինիի, Բելինիի, Չայկովսկու եւ այլն, ավելի քան 15 դերերգերով: Ընթացիկ թատերաշրջանի սկզբում արվեստագետը ներկայացավ 2 նոր դերերգերով՝ Մսրա Մելիքի՝ Հ. Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» եւ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ, իտալացի  Պաոլո Միչիկեի ռեժիսուրայով Հայաստանում առաջին անգամ բեմականացված Վերդիի «Ռեքվիեմում»:  Հայկ Տիգրանյանը վերջերս է վերադարձել  Գերմանիա հյուրախաղային ուղեւորությունից:

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ երգիչն ասաց, որ ճանաչված դիրիժոր Հերմեն Բրոյերի Թյուրինգի ֆիլհարմոնիկ  նվագախմբի հետ եւ արտասահմանցի գործընկեր երգիչների ընկերակցությամբ մասնակցել է Ռոսինիի 225-ամյակին նվիրված համերգաշարին, որոնք կայացել են Գոթթա, Այզենախ եւ Ֆրանկֆուրտ քաղաքներում. «Յուրաքանչյուրս հանդես էինք գալիս  Ռոսինիի օպերաներից  մեկական արիայով: Իմը Բազիլիոյի արիան էր «Սեւիլյան սափրիչից», իսկ մեներգիչներից կազմված կամերային կազմով ներկայացրինք «Լա Չերենտոլա» եւ «Իտալուհին Ալժիրում» օպերաների ֆինալը:

Հայկ Տիգրանյանը Կոնստանտին Օրբելյանի եւ իր ագենտի հետ:

Կուզեի նշել օպերային երգիչներին, որոնցից մի քանիսը հասցրել են հանդես գալ հեղինակավոր մեկ-երկու թատրոններում: Նրանք են՝ իտալացի տենոր Էրիկո Իվիլիսը, բուլղարուհի մեցցո սոպրանո Կրեմենա Դիլչեւան, Ռուսաստանից սոպրանո Տատյանա Չարալգինան, Ճապոնիայից սոպրանո Մանամի Օկազակին, բաս-բարիտոն Յոշիակի Մուրան եւ կորեացի բարիտոն Տաե Յունգ Յանգը: Համերգաշարի փակման երեկոն Ֆրանկֆուրտի հեղինակավոր Alte Opera-ում էր»: Մեր զրուցակիցը հավելեց, որ Գերմանիայում մեծ շուքով է նշվում Ռոսինիի հոբելյանը, եւ իր մասնակցությամբ կայացած համերգաշարն էլ գտնվում էր ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Հայ երգիչը միայն զարմացած էր, որ հանդիսատեսի ծափերը, բրավոներն ու բիսերը շատ հաճախ ուղեկցվում էին նաեւ ոտքերի դոփյուններով: «Գործընկերուհիս՝ Կրեմենա Դիլչեւան այդ առիթով ասաց, որ Գերմանիայում եթե հանդիսատեսը ծափահարում է նաեւ ոտքերով, դա նշանակում է, որ կատարումը ցնցել է իրեն»,- նշեց երգիչը:

Հետաքրքրությանը, թե գերմանական հրավերը ում կողմից էր ստացել, Հայկ Տիգրանյանն ասաց. «Մինչ Գերմանիայում բեմելս ընդամենը օրեր առաջ մասնակցում էի Ֆրանսիայում կազմակերպված լսումներին, որտեղ տեղացի եւ այլազգի ագենտները ընտրում էին երգիչներ՝ վերջիններիս հետ համագործակցելու նպատակով»: Ժպտալով էլ հավելեց. «Իմ արվեստը գրավեց գերմանացի ագենտին՝ Ռաֆայել Զագովենցին, որն էլ, ի դեպ, լսումներից հետո ինձ հրավիրեց Ռոսինիի հոբելյանին նվիրված փառատոնին: Փաստորեն, սա իմ եւ ագենտիս առաջին համագործակցությունն էր»:

Կեսկատակ-կեսլուրջ հարցին՝ ընդգրկված եք թատրոնի խաղացանկային բոլոր ներկայացումներում, կարելի՞ է ենթադրել, որ անփոխարինելի բաս եք, Հայկ Տիգրանյանը նույնպես կեսկատակ-կեսլուրջ պատասխանեց. «Այդ հարցը կարող եք ուղղել թատրոնի գեղարվեստական ղեկավարին՝ Կոնստանտին Օրբելյանին: Ասեմ նաեւ, որ նյույորքաբնակ մի ագենտ, որը անծանոթ էր  արվեստիս եւ ֆեյսբուքյան իմ էջում հանդիպել էր մաեստրո Օրբելյանի հետ լուսանկարիս՝ «Ռեքվիեմի» բեմականացումից հետո, զարմանքը չթաքցնելով ասաց՝ Օրբելյանի հե՞տ ես նույն բեմում… Այս պահին պատրաստում եմ Կալիստենի դերերգը Դոնիցետիի «Պողիկտոսում», որը թեեւ վերականգնվում է, բայց ինձ համար պրեմիերա է»:Իմիջիայլոց, ըստ մեզ հասած տեղեկությունների, Հայկ Տիգրանյանը խնդրել էր գերմանացի ագենտին՝ Ռաֆայել Զագովենցին, որ նոյեմբերի 7-ին Գերմանիայում կայանալիք ելույթը տեղափոխվի, որպեսզի կարողանա հանդես գալ երեւանյան «Պողիկտոսի» պրեմիերային:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

27.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031