Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիին պարի պետական է պետք. «Շիրակի էսքիզներ» հեռուստափառատոնի նպատակակետը

Հոկտեմբեր 28,2017 13:00

2016-ի մայիսից Գյումրիում պարային կյանքի աշխուժությունը «Շիրակի էսքիզներ» հեռուստափառատոնի առանցքում է։ Պարարվեստի հարուստ ավանդույթներ ունեցող քաղաքում պարային փառատոների պակաս երբեք չի զգացվել, բայց միանգամից վեց պարուսույցների համախմբումն էլ սովորականներից չէր. մի կողմ թողած ներքին գրված ու չգրված բոլոր կանոններն ու խոչընդոտները՝ Գյումրու 6 պարուսույցներ որոշեցին համախմբվել մեկ գաղափարի շուրջ ու նոր նշաձողի վրա բարձրացնել ե՛ւ քաղաքի, ե՛ւ մարզի պարաշխարհը. առանցքում նաեւ Գյումրիում պարի պետական անսամբլ ունենալու գաղափարն է։

«Շիրակի էսքիզներ» հեռուստափառատոնը վաղուց արդեն ընդգրկման ծավալով դուրս է եկել քաղաքի ու մարզի սահմաններից, բայց պարի պետականի անհրաժեշտությունը շարունակում է մնալ հրամայական ու ստիպում է՝ աշխատել շատ ու պարբերաբար խոսել այս մասին՝ մինչեւ խնդրի վերջնական լուծումը։

Փառատոնի փորձագետ, Գյումրու մանկապատանեկան արվեստի պալատի «Անի» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Սենիկ Խուբեսարյանը Գյումրիում պարի պետական անսամբլի բացակայության հետ է կապում քաղաքում ոչ պրոֆեսիոնալ խմբերի առատությունը. բացատրում է՝ պարող-պարուհիները 10-12 տարի մանկապատանեկան խմբերում պարելուց հետո, գնալու տեղ չունենալով, բայցեւ ոլորտից դուրս գալ չուզենալով, բացում են սեփական խմբակներն ու սկսում աշխատել որպես պարուսույցներ՝ հաճախ սիրողական մակարդակում:

«Ու չնայած այս հանգամանքին, այնուամենայնիվ, նրանց պարային կարիերան ինչ-որ տեղ կանգ է առնում, անգամ եթե պարող-պարուհիները ստանում են բարձրագույն մասնագիտական կրթություն, ամեն դեպքում չկա այն հարթակը, որտեղ իրենք կկարողանան ինքնադրսեւորվել որպես բեմի արտիստներ ու ծառայել պարարվեստին։ Վստահ եմ՝ բոլորն էլ կնախընտրեն լինել անսամբլի պարող, քան պարուսույց։ Թեկուզ նվազագույն աշխատավարձով այդ երիտասարդ ուժերը ի վիճակի են հրաշքներ գործել բեմում։ Գյումրու պարարվեստի ձեռագիրը եզակի է իր կոլորիտով ու այն պահել-զարգացնելու համար պետական համույթ է պետք։ Ինչպե՞ս կարող ենք համարվել մշակութային մայրաքաղաք, երբ չունենք պարի պետական անսամբլ»,-եզրափակում է Սենիկ Խուբեսարյանը։

Խնդրի լուծման բանալին Գյումրու մշակութային կյանքից անբաժան, երկար տարիներ մարզի մշակույթի բաժնի վարիչ աշխատած Հասմիկ Կիրակոսյանը տեսնում է համայնքային ենթակայության կառույց ստեղծելու մեջ։ Որքան էլ զարմանալի է՝ Գյումրին երբեք պարի պետական չի ունեցել: Տիկին Կիրակոսյանն իր բացատրությունն ունի:
«Աղասի Շաբոյանի խումբն այնքան պետական էր, որ այն տարիներին նույնիսկ պետական համույթ ունենալու հարցը չի բարձրացվել։ Խումբը Երկաթգծին էր ենթարկվում, հզոր ֆինանսավորում ուներ,-պատմում է Հասմիկ Կիրակոսյանը,-երկրաշարժն այստեղ էլ իր հետքը թողեց. հիմա խնդրի լուծման ուղին ես տեսնում եմ համայնքային ենթակայության ՊՈԱԿԻ ստեղծման մեջ»։

Համայնքային ենթակայության ՊՈԱԿ Գյումրիում կա. պարարվեստի դպրոցն է, բայց ըստ տիկին Կիրակոսյանի, պարարվեստի դպրոցն իրեն չի կարող արդարացնել պարի պետականի բացը լրացնելու հեռանկարով. սիմվոլիկ աշխատավարձով պարող արտիստներ են պետք, որ կդառնան շարունակողը Գյումրու պարային հարուստ ավանդների։

Տարակուսանքը, թե արդյո՞ք Գյումրին այսօր ունի պարի պետական անսամբլի ներուժ, ոլորտի փորձառու պարուսույցները բանավոր պատասխանի փոխարեն՝ միասնական պարով են այո ասել. դեռեւս «Շիրակի էսքիզներ» հեռուստափառատոնի առաջին եթերաշրջանում բեմադրել ու բեմ են բարձրացրել քաղաքի պարային համույթներից կազմված խումբը. պարային հավաքականը բեմից ապացուցեց՝ քաղաքը կարող է եւ պետք է ունենա պետական անսամբլ։ Իսկ մինչ այդ՝ «Շիրակի էսքիզներ» հեռուստափառատոնը շարունակում է համառորեն քայլել որդեգրած ճանապարհով. ունեցածը պահել ու մտածել նորի մասին։

Հեռուստափառատոնի 4-րդ եթերաշրջանի գալա-համերգը հոկտեմբերի 28-ին Գյումրու դրամատիկականում է. քաղաքն այդ օրը հանրապետության 17 պարային համույթների 17 պարային պրեմիերաներով նշելու է Շերամի 160-ամյակը։

 

ԼԻԼԻԹ ԹՈՎՄԱՍՅԱՆ

«Առավոտ»

27.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031