Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Որտեղի՞ց է սկսվում երջանկությունը…

Հոկտեմբեր 27,2017 23:50

Եթե վերնագիրը քեզ «ստիպել» է բացել հղումը, ուրեմն ես պատասխանատվություն եմ վերցնում քո կյանքում ինչ-որ բան փոխելու, եթե, միայն, ինքդ ցանկանաս…նայիր լուսանկարին՝ կմտածես՝ ի՞նչ կապ ունի այն երջանկության հետ: Առաջին հայացքից՝ ոչ մի, մինչդեռ լուսանկարը հենց ինքը՝ երջանկությունն է՝ բարձր, մաքուր, գունեղ, արեւահամ…գիտեմ, գիտեմ՝ հիմա մտածում ես՝ «էս ի՞նչ հեքիաթ ա պատմում», բայց արի փորձենք իրական հեքիաթ զգալ(առանց իրականության հեքիաթ չկա): Ուղղակի փակիր աչքերդ ու փորձիր «մտնել» լուսանկարի մեջ, ինչպես մանկության սիրելի հեքիաթ-մուլտֆիլմում: Զգա բարձրությունը՝ դժվար հաղթահարելի, բայց հոգի կոփող բարձրությունը, որտեղից քոնն է աշխարհը…Զգա մայր հողի ամրությունը. իզուր չեն նրան «մայր» անվանում…զգա քամու թեւերը, թող քեզ էլ թեւեր տան ու միտքդ տանեն հանդիպակաց լեռների արեւագույն գագաթներին:

Զգա երկնքի կապույտը, ու թող որ այդ կապույտը լինի բարի մտադրությունների առավելագույն սահմանը…զգա բնության ներկապնակի մյուս գույներն ու համերը՝ հորիզոնի մուգ կանաչը, ուրցի անուշաբույրը, մայր մտնող արեւի ջերմությունը. մենք ոչինչ ենք առանց այդ ջերմության: Զգացի՞ր…եթե ոչ, ուրեմն ուղղակի դադարի կարդալ. քո ենթագիտակցությունը դեռ պատրաստ չէ ինքնաճանաչողության: Բայց, վստահ եմ, շարունակում ես կարդալ: Եվ ուրեմն, այն, ինչ տեսար եւ զգացիր լեռան գագաթից, աղբյուրն է ներդաշնակության: Ընդունես, թե ոչ, բայց լեռների գահից քեզ առաջինն աչքով անող լույսի շողն ամենաթանկ բանն է աշխարհում: Հենց այստեղից՝ լեռան գագաթից է սկսվում երջանկությունը, այստեղ է կյանքի ու բնության ճանփաբաժանը, այստեղ է կենարար արեւի առաջին եւ վերջին համբույրը…ոչ-ոչ, իմ քրիստոնյա ընթերցող, ամենեւին միտք չունեմ սասանել քո քրիստոնեահիմք հավատքը, պարզապես իմացիր՝ անկախ նրանից, թե ինչ կրոն ենք դավանում, մենք ոչինչ ենք առանց բնության ուժերի…

Դառնանք բուն երջանկությանը: Ինչեր ասես, որ չենք կարդացել ու լսել նրա մասին, բայց մի պահ մոռացիր այդ ամենը: Ես չեմ  քո ուսուցիչը, բայց որպես երջանիկ էակ եմ ասում՝ երջանկությունը սկսվում է բնության հետ ներդաշնակությունից: Ինչպե՞ս, դա արդեն ինքդ կազմակերպիր: Իրականում մեզ շատ քիչ բան է խանգարում բնության հետ հաղորդակցվել, միայն ցանկություն ու կամք է պետք: Մենք բնության մի փոքրիկ պատառիկ ենք, իսկ բնությունն ինքն է տիեզերք…

Երջանկությունը մտածելակերպ է՝ մտքի կարգավիճակ, որը բարձր է իրենց երջանկության նախապայման համարող տղամարդկային շատ տեսակներից: Միայն բնության հետ ներդաշնակ միտքը կարող է բարին արարել, հետեւաբար՝ երջանիկ լինել առանց նախապայմանների: Մենք այն ենք, ինչ մտածում ենք, եւ դա տիեզերաստեղծ հիմնական օրենքներից է: Մենք զգում եւ ապրում ենք այն, ինչ արարում է մեր միտքը: Իսկ ինչպե՞ս ճիշտ արարել, դա էլ չեմ ասելու՝ ճանաչիր ինքդ քեզ: Փառք աստծո, համապատասխան գրականությունն ու հնարավորությունները շատ են: Ինձ էլ են օգնել գրքերը՝ ավելին, քան մարդիկ: Գիրք կա՝ մի ամբողջ կյանք արժի:

Իսկ հիմա մտածիր՝ արժի՞ ինքնախաբեությամբ զբաղվել ու մտածել, որ սիրահարվածությունը երջանկության նախապայման է: Չկա այդպիսի հեքիաթ: Ուղղակի պետք է կրկին խնդրեմ կարդաս, այս անգամ…հորմոնների մասին: Այո, հորմոնների,  որովհետեւ իրականում մենք ոչ թե սիրում ենք, այլ կառավարվում հորմոններով, անունն էլ սեր դնում: Իսկ մի օր…մի օր սիրահարվածությունն անցնում է, ու բարեւ դժբախտություն, ամուսնալուծություն, արցունքներ, դեպրեսիա…չէ, մենք ախր դրան չենք արժանի: Սիրահարվածությունը քիմիա է, որից թունավորվում ես ու թունավորում…Հիշիր՝ ամեն անգամ, երբ սիրահարվածությունը շփոթում ես սիրելու հետ եւ դիմացինին ասում՝ սիրում եմ, տիեզերքի մի անկյունում ծիծաղից թուլանում են Վահագն ու Աստղիկը…Չմտածես, թե ժխտում եմ սիրո գոյությունն ու էությունը: Ամենեւին, սերը հենց ինքը՝ երջանկությունն է:

Իսկական սերը տարածություն է՝ պարզ, մաքուր, աստղային…իսկ երկնաքարերն այդ տարածության մեջ պարզապես փոշիանում են: Իսկական սերը տարածություն է, որտեղ սիրո ոգին ծիծաղում է «սրտին չես հրամայի» «սկզբունքի» վրա եւ հաստատում ամենամնայուն օրենքը՝ սերը վեր է բոլոր սրտերից ու ուղեղներից…Ով քեզ կասի՝ «սրտին չես հրամայի», ուղղակի Հադեսի թագավորություն ուղարկի նրան…այդպիսի տղամարդիկ ունակ չեն ճանաչել իրենց անձը, ունակ չեն կառավարել իրենց եւ դիմացինի զգացմունքներն ու ցանկությունները: Նրանք ունակ չեն սիրելու, միայն կարող են սիրահարվել՝ անկեղծ, ջերմ, խենթ, ինքնամոռաց, բայց՝ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ…Հադեսը սիրում է այդպիսիններին…

Իսկական սերը տիեզերքում է. այն քո մտքի ուժն է եւ կյանքիդ արարիչը: Ինչպիսին որ միտքդ է, այնպիսինն էլ քո ընտրությունն է՝ քո երջանիկ տղամարդը կամ քեզ ցավ պատճառող զուգընկերը…

Ճանաչիր ինքդ քեզ այնքան եւ զգացմունքներիդ տիրապետիր այնպես, որ առաջին հերթին սիրես սերը, հետո՝ մարդուն: Երջանկությունը միայն սիրող հոգիներին է այցելում: Եւ հիշիր՝ եթե այդ մարդը քեզ ամեն օր ցավ է պատճառում, ուղղակի դադարիր ինքնախաբեությամբ զբաղվել: Սիրահարությունը եւ կապվածությունը կանցնեն, հետո նորից կսիրահարվես, իսկ Սերն այդպես էլ կմնա քեզ սպասելով…

Ոնց որ շատ խոսեցի…ուղղակի ուզում էի քեզ մտածելու տեղիք տալ եւ կիսվել սեփական երջանկության գաղտնիքով: Իրականում այն միայն իմը չէ, այն մեր կյանքի հիմքում է: Հիշիր՝ ամեն ինչ մտքերի փոխազդեցության արդյունք է կամ հետեւանք: Ճանաչիր ու վերահսկիր միտքդ ու թույլ մի տուր, որ այն հետեւանքներ ծնի, մենք արժանի չենք դրան…Դրական մարդու համար կյանքը կառավարելի է դրական մտքով, ցանկությամբ եւ գործողությամբ…այդպես վերջապես զինաթափ արա այդ ճակատագրին:

Հյուսիր բարի երազանքներ ու վստահ եղիր, որ դրանք նպատակ են դառնալու: Կյանքիցդ բացառիր նրանց, ովքեր քեզ ցավ են պատճառում ու մի վախեցիր փոփոխություններից: Երջանկությունը փոքր բաների մեջ է՝ երաժշտության ալիքներում, պարի տատանումներում, շան ժպիտի, երեխայի ծիծաղի, ձյան փաթիլի ու…շարունակիր ինքդ ու չմոռանաս, որ ղեկը քո ձեռքում է…Եղիր լուսավոր, որպեսզի լույսը միշտ դեպի իր աղբյուրը ձգտի: Չմոռանաս ժպտալ՝ ոչ թե նրա համար, որ ինչ-որ մեկը կարող է սիրահարվել քո ժպիտին, այլ ուղղակի ուժ գտի ժպտալու ու  լուսավորի քեզ ներսից, որ աշխարհն էլ ջերմանա:

Մեկ էլ՝ նայիր «Գտնված երազ» մուլտֆիլմը: Ինչպես աղջիկն է ասում, իրեն նկարի մեջ մտնել օգնեցին թիթեռնիկները…թույլ տուր թիթեռնիկներին քեզ էլ օգնել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Շատ ճիշդ, խորուկ ու առողջ, յստակատես եւ օգտակար վերլուծումներ կան այս գեղեցիկ գրութեան մէջ: Տպաւորիչ է:

    Դժբախտաբար, «սիրահարուած» անձը, կամ յաճախ սիրահարուելու հակում ունեցող անձը, բան պիտի չհասկանայ…

    Մի նրբութիւն կայ նաեւ, որոշ պարագաներու, «սիրահարութիւնը» կարող է հանդիսանալ նախահիմքը՝ սիրոյ: Այսինքն, մէյ մը որ այդ հիւանդագին ու վատառողջ վիճակը անցնի – եւ անպայման որ կ’անցնի, բարեբախտաբար -, կարող է որ անոր յաջորդէ իսկական սէրը՝ յարգանք, գուրգուրանք, հաւատարմութիւն, կեանքի միացեալ եւ իմաստալից նպատակներ, ընտանիքի ըմբռնողութիւն… Սակայն այս -հազուադէպ- հոլովոյթը աշխատանքի կը կարօտի… Ինքնաբերաբար չի գոյանար: Ժամանակ եւ ջանքեր հարկաւոր են: Քանզի աւելի շուտ, մի ծայրայեղութիւնից միւսը՝ սիրահարութիւնը հակում ունի վերածուելու ատելութեան… Եւ արդէն նախկին սիրահարները կը սկսին վայրագօրէն զիրար բզկտել… Կամ ել հեռուից հեռու, զիրար անիծել…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031