Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ես այդ ոճրագործների ասած որեւէ խոսքին ոչ հավատում եմ, ոչ հիմք եմ ընդունում, ոչ էլ իրենց մարդ եմ համարում». Արամ Սարգսյան

Հոկտեմբեր 27,2017 23:40

Հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձությունից 18 տարի է անցել: Aravot.am-ը սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբորը՝ Արամ Սարգսյանին հարցրեց՝ այս տարիների ընթացքում չե՞ք ցանկացել որեւէ անգամ հանդիպում ունենալ Նաիրի Հունանյանի հետ, հարցադրումներ անել ու գուցե որոշակի տեղեկատվություն ստանալ նրանից՝ կազմակերպիչների մասին: Արամ Սարգսյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ իմ վիճակում հայտնված որեւէ մեկի մոտ նման ցանկություն կառաջանար»:

Արամ Սարգսյանի խոսքով՝ կասկածները բազմաթիվ են, որոնց դատավարությունը պատասխան չի տվել. «Անգամ Գալուստ Սահակյանն է ասում, որ դա արտաքին քաղաքական հետք է: Եթե դատարանը պատասխանած լիներ այդ հարցերին, այդ հարցերը չէին առաջանա՝ սկսած դահլիճ զենք բերելուց վերջացրած նախագահի ու այդ ոճրագործի հետ հանդիպելը, տեսաժապավենները, որոնք իրական ժամանակի հետ չեն համընկնում: Սրանք բազմաթիվ հարցեր են, որոնք իրենց ենթատեքստում պատասխաններ չունեն, դրա համար  հանրության մոտ կասկածներ կան:

Իսկ այդ հարցը բարձրացնելը այս համակարգի պարագայում համարում եմ ե՛ւ անիմաստ, ե՛ւ անհեթեթ, որովհետեւ այս համակարգը, որը Հոկտեմբերի 27-ով է անցել, Մարտի 1-ով էլ կուրացրել իր դատական, քննչական, իրավական համակարգը, որեւէ ի հայտ եկած հանգամանքի դեպքում ամեն ինչ անելու է կոծկելու, փակելու, որովհետեւ քրգործով այդ ի հայտ եկած հանգամանքները կան, հանրության մոտ այդ հարցերը կան, հետեւաբար այդ խնդիրները կարող են լուծվել միմիայն իշխանության այս համակարգը  փոխելուց հետո, գոյություն ունեցող դատական, գործադիր իշխանության համակարգը փոխելուց հետո»:

Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտված բժշկի՝ Էդուարդ Գրիգորյանը 2014-ին հայտարարել էր, որ պատրաստվում է ողբերգական իրադարձության ողջ հանգամանքները պատմել, պատմել այն ամենը, ինչը «երկար տարիներ համառորեն եւ բավական փնթի ձեւով փորձում են թաքցնել հասարակությունից»: Գրիգորյանն ասել էր, որ ինքը փաստեր եւ փաստաթղթեր է ցույց տալու:

Մենք Արամ Սարգսյանին հարցրեցինք՝ ինչո՞ւ նրա այդ հայտարարության հետքերով չգնացին, գուցե գործը վերաբացվեր նոր ի հայտ եկած հանգամանքները հաշվի առնելով՝ Արամ Սարգսյանը պատասխանեց.

«Ես այդ ոճրագործների ասած որեւէ խոսքին ոչ հավատում եմ, ոչ հիմք եմ ընդունում, ոչ էլ իրենց մարդ եմ համարում, որովհետեւ այն, ինչ իրենց արեցին, ինչին իրենք ընդունակ են, բնորոշ չէ մարդուն, նույնիսկ որոշ կենդանիներին բնորոշ չէ: Հետեւաբար, իրենց ասածը, իրենց ձեւերը իրենց կաշին փրկելու նպատակ են հետապնդում ու պետք չի դրանց լուրջ վերաբերվել: Դրանք մի անգամ արդեն քաղաքականության մեջ ազդեցություն ունեցել են ու երկրորդ նման հնարավորություն չպիտի տրվի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031