Հոկտեմբերի 28-ին «Արամ Խաչատրյան » համերգասրահում տեղի կունենա կոմպոզիտոր, դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանի 10-րդ հոբելյանական համերգը։Այդ առիթով այսօր՝ հոկտեմբերի 27-ին կայացավ համերգին նվիրված մամլո ասուլիսը։ Ներկաների թվում էին բենդի անդամներ Լուիս վան Թեյլորը, Կարլ Վինսենտը , Դոնզել Դեվիսը ինչպես նաև հայ երաժիշտներ Նելլի Մանուկյանը,Ալլա Սահակյանը և Սոնա Ումրոյանը ։
Ասուլիսի սկզբում Գարի Քյոսայանը նշեց, որ այս համերգը ջազի փառատոնի շրջանակներում չի իրականացվում և դրա հետ ոչ մի կապ չունի։ «Համերգի օրը պլանավորված էր դեռ մայիսին, փառատոնի հետ համընկնումը պարզ զուգադիպություն է»։ Նա նաև նշեց, որ համերգին կհնչեն ինչպես արդեն սիրված ստեղծագործություններ, այնպես էլ կլինեն պրեմիերաներ։ «Անակնկալներ շատ են լինելու, անգամ այնպիսին, որոնց նմանը դեռ չեն եղել ջազային համերգներին»,- փակագծերը չցանկանալով բացել՝ նշեց երաժիշտը։
Ասուլիսի բանախոսներից Ալլա Սահակյանն ընդգծեց, որ այս համերգը ավելի քան կարևոր է քանի որ երեք կարևոր իրադարձությունների կիզակետում է. «Գարի Քյոսայանը 50 տարի առաջ հիմնեց իր առաջին տրիո բենդը, ինչպես նաև այս տարի նրա հոբելյանական տարեդարձն է և արդեն 10 տարի է, ինչ նա աշխատում է իր ամերիկյան բենդի հետ։ Այս առումով կարող ենք ասել, որ համերգն իսկապես հոբելյանական է և շատ կարևոր»։
Արտասահմանցի երաժիշտ Լուիս վան Թեյլորը պատասխանեց լրագրողների հարցերին, նշելով որ հայ հանդիսատեսից ակնկալում է այն ջերմ ընդունելությունն ու էներգիան, ինչը ստացել է երկու տարի առաջ Հայաստանում ելույթ ունենալիս։
Aravot-ի այն հարցին, թե ինչով է տարբերվում հայ հանդիսատեսը ամերիկյան հանդիսատեսից, երաժիշտը դժվարացավ պատասխանել: «Ջազի հանդիսատեսը անընդհատ փոխվում է։ Բայց կարծում եմ՝ տարբերությունն այն էր, որ հայ հանդիսատեսը սովոր չի մեզ։ Այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ այստեղի հանդիսատեսն ավելի ճկուն միտք ունի»,-ասաց Լուիս վան Թեյլորը, ինչին կոնտրաբասահար Կարլ Վինսենտը ավելացրեց՝ հայ հանդիսատեսն ավելի խելացի է։
Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ