Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ձեր հարևանն իր կնոջը պարբերաբար ծեծում է, կարող եք զանգել ոստիկանություն». փաստաբան

Հոկտեմբեր 27,2017 17:40

Փաստաբան Գևորգ Գյոզալյանը ՀՀ-ում «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության» օրենքի ներդրումը անհրաժեշտություն է համարում:

«Հայացք» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը փաստաբանն ասաց, որ այսպիսի եզրակացության է եկել՝ հենվելով այն ակնհայտ փաստի վրա, որ ընտանեկան բռնությունների դեպքերը շատ են Հայաստանում. «Ով պրակտիկ առնչվում է այդ խնդիրներին, չի կարող չտեսնել այս օրենքի անհրաժեշտությունը»:

Գևորգ Գյոզալյանը նշեց այն երաշխիքները, որն օրենքը տալիս է. «Օրենքը սահմանում է նախազգուշացում, երկրորդն արտակարգ միջոցառման ռեժիմի կիրառում է, երրորդը պաշտպանական ռեժիմի կիրառումն է: Այսինքն, եթե տեսնում եք, որ ձեր հարևանն իր կնոջը պարբերաբար ծեծում է, ու ձայները լսում եք, Դուք կարող եք զանգել ոստիկանություն: Ոստիկանությունն օրենքի ուժով պարտավոր է ներկայանալ դեպքի վայր և ճշտել՝ արդյոք ընտանեկան բռնություն կա՞, թե՞ ոչ: Առաջին անգամ նախազգուշացում կարող է հայտարարել, եթե դա արդյունք չի տալիս, կարող են կիրառել արտակարգ միջոցառման մեխանիզմը և մինչև 72 ժամ որոշակի սանկցիաներ կիրառել: Եթե դա էլ չի աշխատում, իրավիճակը կարող է քննել դատարանը»:

Այն պնդումներին, թե ներկայիս օրենսդրությունը, օրինակ՝ քրեական օրենսգիրքը ևս թույլ է տալիս կանխարգելել ընտանեկան բռնության դեպքերը, պարոն Գյոզալյանն արձագանքեց. «Քրեական օրենսգիրքը չի տալիս այդ երաշխիքները: Օրինակ, եթե ամուսինն ապտակում է կնոջը, նրան սպառնում, թե ոտքդ կջարդեմ, ձեռքդ կջարդեմ, ոստիկանությունը ոչինչ անել չի կարող, քանի որ չկա հետևանք: Քրեական գործ չի հարուցվի անգամ եթե ամուսինը զրկում է կնոջը համակարգչից, հեռախոսից, ամեն ինչից, կամ ապտակում է: Այդպիսի մի գործ ունեի. ամուսինն ապտակել էր կնոջը, դատարանը նախադեպային որոշմամբ հայտարարեց, որ մի ապտակը դեռ ծեծ չէ: Ինչպե՞ս պաշտպանել այս կնոջը, քրեական օրենսգիրքը չտվեց դրա պատասխանը»:

Այն, որ մի ամբողջ թիմ պետք է աշխատի ընտանիքի հետ՝ հոգեբաններ, սոցաշխատողներ, հետևաբար այդ ֆինանսական միջոցները որտեղի՞ց պետք է հատկացվեն, փաստաբանն այս առիթով նկատեց. «Պետությունը չէ, պարզ է, որ Ստամբուլյան միջազգային պայմանագրին, որ ուզում են միանալ, հող են նախապատրաստում: Ենթադրում եմ, որ կառավարությունը շատ ավելի շահագրգռված է գրանտային միջոցները բերել, քան ինքն այստեղ այդ օրենքի անհրաժեշտությունը տեսնում է»:

ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը ևս կողմ է օրենքի ներդրմանը: Նա որպես հիմնավորում ներկայացրեց որոշ վիճակագրական տվյալներ. «ՀՀ-ում կատարված սպանությունների 17 տոկոսը բաժին է ընկնում ընտանեկան դեպքերին: Սա բավականին լուրջ տոկոս է: 2017-ի առաջին ամիսներին՝ ըստ վիճակագրության, բռնության 600-ից ավելի դեպք է քննվել դատարաններում և 142-ի կապակցությամբ հարուցվել քրեական գործ: Նշանակում է, որ քննարկված ընտանեկան բռնության դեպքերի 30 տոկոսը վերածվում է քրեական գործերի: Կարծում եմ՝ դրանք ճչացող դեպքեր են, և հավանաբար ինչ- որ բաներ վերանայել է պետք»:

Հոգեբանի հավաստմամբ՝ ընտանեկան բռնության մասին օրենքը կարող է կանխարգելել ընտանեկան բռնությունները. «Ընդդիմախոսները խոսում են ընտանեկան արժեքների, ընտանիքի ավանդույթների խախտման մասին: 21-րդ դարում շատ բան է փոխվել, բայց մեր ընտանեկան հարաբերություները հին են: Օրենքի կիրառման դեպքում ենթաօրենսդրական ակտերով պիտի անդրադառնալ հուզական չարաշահումներին, հուզական բռնության տարատեսակներին: Հոգեբանական վերքերն ավելի խորն են: Այնպես որ, օրենքի ընդունումը կարևոր նախաձեռնություն է, բայց պետք է շարունակվի աշխատանքը ենթաօրենսդրական մեխանիզմների հարցում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Հայացք» ակումբի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «Քրեական օրենսգիրքը չի տալիս այդ երաշխիքները: » !!!??

    եւ խօսողը իրբեւ թէ փաստաբան է…

    մնացեալ ըսածներէն կը հասկնանք թէ այժմ իսկ որդեգրուած, լիովին ի զօրու եւ ուժի մէ] Օրէնքը… չի գործադրվում, ոստիկանութեան եւ նոյնիսկ դատաւորին կողմէ

    իսկ նոր անունի տակ որ նոյն Օրէնքը որդեգրուի, ճիշդ նոյն ուղղութեամբ, յանկարծ հրաշքով կիրարկուելո՞ւ է…

    եղածը ձեւականութիւն է,
    եւ զուտ գաղափարաբանական (ideological) բանավէճ

    մի քանի հատուածներ գոյութիւն ունեցող Օրէնքից՝

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
    ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

    ԳԼՈՒԽ 16.

    ԿՅԱՆՔԻ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    Հոդված 104. Սպանությունը

    1. Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝
    պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:

    Հոդված 112. Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը

    1. Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաեւ կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում՝
    պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

    Հոդված 113. Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը

    1. Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանը որեւէ այլ վնաս պատճառելը, որը վտանգավոր չէ կյանքի համար եւ չի առաջացրել սույն օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հետեւանքներ, բայց առաջացրել է առողջության տեւական քայքայում կամ ընդհանուր աշխատունակության մեկ երրորդից պակաս զգալի կայուն կորուստ՝
    պատժվում է կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

    Հոդված 114. Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելը

    1. Մեկ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, որը կատարվել է տուժողի կողմից գործադրված բռնության, ծաղրուծանակի, ծանր վիրավորանքի կամ հակաիրավական, հակաբարոյական այլ գործողության (անգործության) հետեւանքով հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կամ տուժողի կողմից դրսեւորված հակաիրավական կամ հակաբարոյական պարբերական վարքագծի կապակցությամբ առաջացած երկարատեւ հոգեճնշող վիճակում՝
    պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
    2. Մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է սույն հոդվածի առաջին մասում նշված հանգամանքներում՝
    պատժվում է կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

    Հոդված 118. Ծեծը

    Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը չի առաջացրել սույն օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հետեւանքներ՝
    պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

    Հոդված 119. Խոշտանգումը

    1. Խոշտանգումը՝ ցանկացած այնպիսի գործողությունը, որի միջոցով դիտավորյալ կերպով անձին պատճառվում է ուժեղ ցավ կամ մարմնական կամ հոգեկան տառապանք, եթե դա չի առաջացրել սույն օրենսգրքի 112-րդ եւ 113-րդ հոդվածներով նախատեսված հետեւանքներ՝
    պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

    Հոդված 128. Վտանգի մեջ թողնելը

    1. Կյանքի համար վտանգավոր դրության մեջ գտնվող անձին անհրաժեշտ եւ ակնհայտ անհետաձգելի օգնություն ցույց չտալը կամ օգնություն ցույց տալու անհրաժեշտության մասին համապատասխան մարմիններին չհաղորդելը, եթե հանցավորը պարտավոր չի եղել հոգ տանելու տուժողի մասին եւ ինքը նրան չի դրել կյանքի համար վտանգավոր դրության մեջ՝
    պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

    Հոդված 133. Ազատությունից ապօրինի զրկելը

    1. Մարդուն ազատությունից ապօրինի զրկելը, որն առեւանգելու հետ կապված չէ՝
    պատժվում է ուղղիչ աշխատանքներով` առավելագույնը երկու տարի ժամկետով կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

    Հոդված 137. Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը

    1. Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել՝
    պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031