Կատալոնիայի խորհրդարանը քվեարկել է Իսպանիայից անկախություն հռչակելու օգտին, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Բանաձևին, որը խորհրդարան էին մտցրել ձախ ծայրահեղական «Ազգային միասնության թեկնածություն» կուսակցությունը և «Միասին հանուն «այո»-ի» կոալիցիան, աջակցել է 72 պատգամավոր, դեմ են քվեարկել 10-ը, 2 պատգամավոր ձեռնպահ է մնացել:
Ընդդիմադիր խմբակցության պատգամավորները նիստը սկսելուց առաջ լքել են դահլիճը, քանի որ քվեարկությունը համարում են անօրինական:
«Կատալոնիան վերածվում է անկախ պետության՝ հանրապետության տեսքով»,- ասվում է բանաձևում: Փաստաթուղթը նաև հռչակում է «Կատալոնյան հանրապետության՝ որպես անկախ, ինքնիշխան, իրավական, ժողովրդավարական և սոցիալական պետության շինարարության» գործընթացը:
Ընդհանուր առմամբ բանաձևը բաղկացած է 17 կետից, այդ թվում «Իսպանիայի հետ երկքաղաքացիության պայմանագիր կնքելու հարցում համագործակցություն», «Բոլոր պետությունների առաջ Կատալոնիայի Հանրապետության ճանաչման առաջ քաշում» և այլն:
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյն արդեն հայտարարել է, որ իրավական պետությունը կվերականգնի օրինականությունը Կատալոնիայում:
Կատալոնիայի անկախության հանրաքվեն տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ին: Անկախության օգտին քվեարկել է ընտրողների 90.18 տոկոսը, հանրաքվեին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցողների 43.03 տոկոսը: Հանրաքվեի արդյունքները Իսպանիայի կենտրոնական իշխանությունները չեն ճանաչում: Իսպանիայի կառավարությունը որոշել է Կատալոնիայի նկատմամբ կիրառել Սահմանադրության 155-րդ հոդվածը՝ տարածաշրջանը զրկելով ինքնավարությունից և մտցնելով ուղիղ կառավարում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ