Լրահոս
Օրվա լրահոսը

ԶՈՒ Հոգեւոր առաջնորդը` հոգեւորականների ծախսերի եւ բանակում նրանց` «քաղաքակրթությունից կտրված» լինելու մասին

Հոկտեմբեր 27,2017 16:16

Սոցցանցերում բուռն քննարկումների տեղիք են տվել ՀՀ զինված ուժերում ըստ կատեգորիաների հոգեւոր ծառայություն իրականացնող Հայ առաքելական եկեղեցու սպասավորների կենսաապահովման ամսական ծախսերի չափերը: Մասնավորապես, որոշ դժգոհություններ վերաբերում էին նրան, թե ինչու պետք է սահմանին կանգնած պայմանագրային զինծառայողի աշխատավարձը լինի 150000 դրամ, կամ ասենք՝ զինվորական բժիշկ սպայինը՝ 250 000 դրամ, իսկ հոգեւորականներինը` մինչեւ 300000 դրամ:

Թեմայի վերաբերյալ Aravot.am-ը մեկնաբանություն խնդրեց ՀՀ ԶՈՒ Հոգեւոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանից: Սրբազանը տարակուսանք հայտնեց, ասելով, որ դա կառավարության որոշում է:

«Մեր հոգեւորականներն իրենց ծառայությունը բերում են ոչ թե 14 օր, ինչպես պայմանագրայինները, այլ ամբողջ ամիս` առավոտից իրիկուն: Իրենք գնում են հենակետեր, զինվորների հետ առանձնազրույցներ են ունենում, ինչպես հոգեբաններն ու իրավաբանները, հոգեւորականն էլ որպես հոգեւոր հովիվ իր ծխի հետ է անցկացնում ամբողջ օրը` անկախ այն արարողակարգերից, որ իրականացնում է` ժամերգություններ, մկրտություններ, դժբախտ դեպքերի արդյունքում հոգեհանգստյան արարողություններ եւ այլն: Նաեւ առանձնազրույցներ են լինում զինվորների հետ, որ տարակուսանքները, վախը, սթրեսները զինվորների միջից հանվի: Այդ գործառույթներն է իրականացնում հոգեւոր սպասավորը: Թվում է` ինքը շոշափելի բան չի կատարում, բայց հոգեւոր իմաստով ահռելի աշխատանք է անում: Ընդ որում, ոչ թե արդեն այսօր, այլ վաղուց` շուրջ 20 տարի: Եվ եթե ժամանակին հոգեւորականները դրա համար չէին վճարվում, այդ ծառայությունը ձրիաբար էին մատուցում, այսօր բողոքողներն ինչո՞ւ այն ժամանակ չէին խոսում: Հոգեւոր ծառայություն իրականացնող Հայ առաքելական եկեղեցու սպասավորների կենսաապահովման համար են այդ գումարները տրվում, որովհետեւ իրենք եւս ապրում են` հեռու քաղաքակրթությունից: Օրինակ, Եղնիկներում այսօր հոգեւորական է ապրում եւ ծառայում է: Դա էլ է ծառայություն: Հոգեւորականը լիարժեք ծառայություն է մատուցում: Եվ եթե հարցազրույց արվի զինվորականների շրջանում, անշուշտ նրանք կվկայեն, որ գնդերեցի աշխատանքը ծավալուն է եւ կարեւոր»,-ասաց ԶՈՒ Հոգեւոր առաջնորդը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի լուսանկարը` www.armchaplain.org կայքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031