Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկրորդ որդի չունեմ բանակին տալու». ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածի մայր

Հոկտեմբեր 27,2017 15:51

Զոհված զինվորների ծնողները վրդովված են, որ իրենց խոսքը չի լսվում, պետությունն իրենց չի աջակցում, հավաստիացնում են, որ եթե չլինեին սփյուռքի բարերարները, իրենք չէին կարող գոյատևել:

«Նոյյան տապան» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» ՀԿ նախագահ Մանուշակ Ստեփանյանը մտահոգություն հայտնեց, որ պետական մարմիններն անգամ չեն պատասխանել զոհվածների ծնողների նամակներին: Այնուհետև ցավով հիշեցրեց, թե ինչպես էին ոստիկանները Բաղրամյան փողոցում ասֆալտի վրայով քարշ տալիս զոհվածների մայրերին:

Տիկին Ստեփանյանը նաև կարևորեց այն, որ պետությունը հետևողական լինի պարզելու, թե ինչպես են զոհվածների ընտանիքներին հատկացված գումարները ծախսվում: Օրինակ՝ տիկին Ստեփանյանն ասաց, որ Վրեժ Սարգսյանի ընտանիքին պետությունը բնակարանի գումար է հատկացրել, սակայն գումարը նպատակային չի ծախսվել: Նա մտահոգված է, որ արդյունքում Վրեժ Սարգսյանի որդին տուն չի ունենա: Մանուշակ Ստեփանյանը, անդրադառնալով Զինապարտության մասին օրենքի փոփոխություններին ու պաշտոնյաների հայտարարություններին, ասաց. «Կարդում եմ Գալուստ Սահակյանի խոսքերը, թե իմ թոռնիկներն էլ պիտի ծառայեն: Այո, իհարկե, կծառայեն, բայց ՊՆ-ում կամ շտաբի ներսում՝ որպես հսկիչներ»:

Ռոբերտ Աբրահամյանի հայրը՝ Աբրահամ Աբրահամյանը, նշեց, որ տղան զոհվել է 2016-ի ապրիլի 10-ին՝ Արցախում: Նա վիրավորված է, որ այս մեկ տարվա ընթացքում ոչ մի պաշտոնյա իր տուն չի այցելել. «Այդ 60.000 դրամը, որ կառավարությունը տրամադրում է, պետք է տանեմ, տամ իրենց. տեսնեմ կկարողանա՞ն թեկուզ մեկ ամիս թոռնիկ պահել: Կամ մեզ տրամադրվող 10.000 դրամով ի՞նչ կարող ես անել: Նույնիսկ մեքենայի գազի փողը չի հանում մյուս մարզ գնալու համար, որ այդ գումարը ստանամ»:

Պարոն Աբրահամյանի պահանջն է, որ իր զոհված որդու որդին ստանա անօթևանի կարգավիճակ, որպեսզի պետությունը նրան տուն հատկացնի:

Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Արամայիս Միքայելյանի մայրը՝ Լիլիթ Ավագյանը, հայտարարեց՝ երկրորդ որդի չունի բանակին տալու. «Առաջնային խնդիրն իմ երկրորդ որդու ծառայությունն է: Ես՝ որպես մայր, մեծ մտավախություն ունեմ, որ հանկարծ չսխալվեն պետական մարմինները երկրորդ որդուս հարցում: Ես երկրորդ որդի չունեմ բանակին տալու: Նա իմ միակ ճրագն է: Իր եղբայրն առավելագույնն է արել այս երկրի համար: Զինապարտության մասին օրենքն էլ է դա հստակ ասում»:

2016-ի ապրիլի 2-ին զոհված Ժորա Եսայանի մայրը՝ Մարինե Հակոբյանը, ևս հայտարարեց, թե ոչ մի դեպքում իր երրորդ որդուն բանակ չի ուղարկելու. «Որդուս փակ դագաղով են բերել. դեմքը չեմ տեսել: Երկրորդ որդիս առաջին որդուս զոհվելու օրերին ծառայում էր Քարվաճառում, եղբոր դեպքից հետո տեղափոխեցին Էջմիածին: Երրորդ որդուս ոչ մի դեպքում թույլ չեմ տա մեկնել ծառայության»:

Զոհված Մհեր Երզնկյանի հայրն էլ իր վրդովմունքը հայտնեց, որ թեև որդին 2016-ի ապրիլին զոհվել է Ճամբարակում, սակայն ներկայացրել են, թե զոհվել է Արցախում: Ըստ զոհված զինծառայողի հոր՝ որդու ծառայակիցներն էլ են պնդում, որ հակառակորդն է մուտք գործել զորամաս ու սպանել որդուն, մինչդեռ որդու մահվան հանգամանքների հետ կապված փաստաթղթում նշված է, որ նրան սպանել է անհայտ անձը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031