Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքեր են դասալիք՝ ըստ Շարմազանովի. «Ա՛յ մարդ, ի՞նչ եք ուզում պաշտոնյաների որդիներից» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 27,2017 14:45

Երեկ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը բանակում իր ծառայության մասին խոսելիս ասել էր, որ մի քանի անգամ պարտաճանաչ գնացել է զինկոմիսարիատ, հետո չեն կանչել, գտել են, որ իր զինծառայությունը պետք չի:

Սա սոցցանցերում շահարկումների տեղիք է տվել, թե ինչո՞ւ իր զինծառայությունը պետք չի եկել բանակին: Այդ առնչությամբ լրագրողների հետ զրույցում մեր հարցին այսօր Շարմազանովը պատասխանեց. «Պարզաբանումը կարող եք ստանալ ՊՆ-ից, ես շատ հստակ ասել եմ՝ օրենքով սահմանված կարգով ես ներկայացել եմ զինկոմիսարիատի բոլոր կանչերին: Հետո չեն կանչել, դրա համար կան պատճառներ, պատճառները կարող եք իմանալ զինկոմիսարիատից, ՊՆ-ից: Խոսքը գնում է՝ ես խուսափե՞լ եմ, թե՞ ոչ, ես չեմ խուսափել, տարկետման իրավունքից չեմ օգտվել, օգտվել եմ այն ժամանակ, երբ ընդունվել եմ բուհ, բուհն ավարտելուց հետո ես պաշտպանել եմ, գիտությունների թեկնածու եմ, գործող դասախոս եմ, բայց իմ պաշտպանությունը չի եղել ստացիոնար ասպիրանտուրայի հաշվին, պետությունից տարկետում չեմ ստացել, չեմ արժանացել այդ արտոնությանը, ունեցել եմ այլ պատճառ, որը զինկոմիսարիատն ու համապատասխան կառույցներն են որոշել: Ես ոչ մի օր, ոչ մի վայրկյան, ոչ մի րոպե մինչեւ 27 տարեկանը ՀՀ-ից չեմ բացակայել: ինչքան ինձ հրավիրել են՝ պարտաճանաչ ներկայացել եմ, այսօր էլ ունեմ զինգրքույկ՝ պահեստազորի շարքային եմ»:

Հարցին՝ նախկինում դուք ասել եք, որ առողջական խնդիրների համար չեք ծառայել, հակասություն չկա՞՝ նա պատասխանեց, որ ոչ:

Հարցին՝ ո՞ւմ եք դուք համարում դասալիք՝ Շարմազանովը պատասխանեց. «Եթե պետք է այդպես նայենք, ընդդիմության շարքերում էլ մարդիկ կան, որ օրենքով սահմանված կարգով չեն ծառայել: Մեկը 2 եղբայր ունի, 3-րդն է եւ չի ծառայել, մյուսը պաշտպանել է՝ չի ծառայել: Հիմա պիտի կողմնորոշվեն՝ եթե դասալիք են, բոլորն են դասալիք: Բայց իմ համար ով օրենքով սահմանված կարգով չի ծառայել, դասալիք չէ: Պետք է հարգենք այդ ամեն ինչը, ոչ թե միայն ստվերը գցենք իշխանության մեջ: Ով օրենքը շրջանցել է՝ դասալիք է, եթե որեւէ մեկը առողջության պատճառով չի ծառայել՝ դժվար չի ճշտել, եթե մեկի ոտքը կարճ է, կամ ձեռքը կարճ է, կամ սրտի արատ ունի, այդ մարդը մեղավոր չի, չէ՞»:

Հարցին՝ ինչո՞ւ են չծառայածները մեծ թիվ կազմում իշխանության մեջ, Շարմազանովը պատասխանեց, որ իշխանությունը մեծամասնություն է, ընդդիմության մեջ էլ կան չծառայածներ:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ առաջնագիծը նայեք, այսուհետ պաշտոնյաների որդիները կտարվե՞ն առաջնագիծ, Շարմազանովը պատասխանեց. «Ա՛յ մարդ, ի՞նչ եք ուզում պաշտոնյաների որդիներից: Առաջնագիծը ի՞նչ կապ ունի պաշտոնյայի որդի է, թե՞ պաշտոնյայի որդի չի: Եթե պաշտոնյայի որդին լավ ֆիզիկոս է, կամ ավարտել է ու սպա է, գնում է առաջնագիծ, որ ի՞նչ անի, կարող է ինքը լավ տանկ է քշում»:

Լուրեր կան, որ չծառայած պաշտոնյաների ցուցակները պետք է վերանայվեն եւ նրանց կարող է պաշտոնների իջեցում անեն: Էդուարդ Շարմազանովն այս առնչությամբ ասաց, որ նման հարց չկա. «Ինչո՞ւ պետք է վերանայվի: Այն, ինչ օրինական է, բարոյական է, այն ինչ օրինական չէ՝ անբարոյական է, օրենքը շրջանցածը կրկնակի անբարոյական է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031