Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՀ-ն ամենամսյա կրթաթոշակ է հատկացնում ռազմական համալսարանում ուսանող աղջիկներին

Հոկտեմբեր 27,2017 14:05

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի 28 ուսանողուհիներ այսուհետև Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) կողմից կստանան կրթաթոշակներ։ Կրթաթոշակը դրամական փոխանցման տեսքով ամեն ամիս ուսանողուհիներին կտրվի 2017-2018 ուսումնական տարվա ընթացքում։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, այսօր հավաստագրերի հանձնման արարողության ընթացքում դիմելով ներկա աղջիկ կուրսանտներին, իր շնորհակալությունը հայտնեց նրանց և բոլոր այն մարդկանց, ովքեր ընտրել են ռազմական մասնագիտությունը։ «Իրականում մեր ցանկությունն է, որպեսզի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը դառնա մեր երկրի ամենագրավիչ կրթական հաստատություններից մեկը։ Այն գումարը, որ նախատեսել է հիմնադրամը որպես կրթաթոշակ ձեզ հատկացնելու, համապատասխանում է այսօր բուհերում սովորող ուսանողների կրթաթոշակին։ Սա կգումարվի ձեր կրթաթոշակին, որը հատկացվում է պաշտպանության նախարարության կողմից, և դուք մի փոքր ավելի շատ խնդիրներ կկարողանանք լուծել։ Մենք առաջին անգամ չէ, որ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում ծրագիր ենք իրականացնում։ Երիտասարդական հիմնադրամն այստեղ բացել է համակարգչային լսարան՝ ժամանակակից բոլոր հնարավորություններով։ Այսօր արդեն խոսեցինք համալսարանի պետի հետ, և մեր պատրաստակամությունը հայտնեցինք թարմացնել, արդիականացնել լսարանը։ Մենք պատրաստ ենք նաև բուհում եղած ցանկացած ուսանողական, երիտասարդական խնդիր պահել մեր ուշադրության կենտրոնում և պաշտպանության նախարարության հետ համատեղ լուծում տալ»,- ասաց Կարեն Ավագյանը՝ կոչ անելով աղջիկ կուրսանտներին դարձնել ռազմական մասնագիտությունը վարակիչ իրենց շրջապատում, ընկերների ու հարազատների մոտ։

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանը նշեց, որ ամիսներ առաջ պաշտպանության նախարարությունը, ռազմական համալսարանը և ՀԵՀ-ը պայմանավորվածություն էին ձեռք բերել օժանդակություն իրականացնել համալսարանում։ «Մենք եկանք ընդհանուր հայտարարի, որ կարևորագույն տեղը, որ պետք է կատարվեր այդ աջակցությունը, ներդրումն է կուրսանտների համար։ Ես շնորհավորում եմ մեր կուրսանտներին այս իրադարձության առթիվ և կարծում եմ՝ սա ևս մեկ լրացուցիչ խթան կհանդիսանա, որպեսզի նրանք ավելի լավ սովորեն։ Եվ ես չեմ կասկածում, որ ձեր օրինակով, ռազմական մասնագիտության նկատմամբ ձեր նվիրումով դուք հայ աղջնակների մոտ կառաջացնեք հետաքրքրություն դեպի ռազմական կրթությունը, և ռազմական համալսարանում ուսանող աղջիկների թիվը կբազմապատկվի»,- ասաց փոխնախարարը։

Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանն իր երախտագիտությունը հայտնեց Երիտասարդական հիմնադրամի ներկայացուցիչներին աջակցության համար՝ նշելով, որ դրա կարիքն ունեին, կրթաթոշակը որոշակիորեն կթեթևացնի աղջիկ կուրսանտների խնդիրները։

Ռազմական համալսարանի կուրսանտ Արմինե Գրիգորյանը Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքից է։ Ասում է, որ մասնագիտությունը պատահական չի ընտրել։ Դեռևս դպրոցում մասնակցել է ռազմագիտություն առարկայի օլիմպիադաներին, ռազմամարզական խաղերին, մասամբ առնչվել է զինվորական գործին, ինչն էլ հիմք է դարձել մասնագիտության ընտրության հարցում։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հատկացված կրթաթոշակն Արմինեն նախատեսում է օգտագործել իր հմտությունները զարգացնելու, լրացուցիչ գիտելիքներ ստանալու համար։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031