«Քաղաքական ահաբեկչությունը ցանկացած պետության համար հսկայական հարված է, մեր երիտասարդ պետությունը եւս զերծ չմնաց այդ փորձությունից, որը իրենց նորագույն պատմության մեջ տեսել են ամենատարբեր երկրներ»,- այսօր Եռաբլուրում լրագրողներին ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նա եկել էր Եռաբլուր հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հարգելու:
«Ես վստահ եմ, որ Վազգեն սպարապետն այսօր լիներ, հպարտ կլիներ այն առաջընթացի համար, որ տարիների ընթացքում ապրել է Հայաստանի հանրապետությունը, հպարտ կլիներ՝ մեր բանակն ու զինված ուժերը տեսնելով: Մենք էլ ավելի ամուր կզգայինք մեզ՝ ունենալով ազգային այդպիսի գործչի մասնակցությունն ու տեսլականը մեր երկրի կայացման գործում, բայց պատմությունը «եթե»-ներ չի սիրում, պատմությունն այնպիսին է, ինչպիսին եղել է»,- հավելեց նախարարը:
Հարցին, թե ում էր ձեռնտու հոկտեմբերի 27-ը, շրջանառվում են ՀՀ երկրորդ նախագահի, ՌԴ-ի տարբերակները. «Դուք անում եք այն, ինչը երբեք չեմ անում, կանխորոշում եք գնահատականով ու ակնկալում պատասխան, ես վարկած երբեք չեմ մեկնաբանում: Ես կարծում եմ՝ ցանկացած հանցագործություն պետք է պարզաբանեն համապատասխան մարմինները, հոկտեմբերի 27-ն ունեցել է այդպիսի փուլ, ես առիթ չունեմ չվստահելու մեր դատական համակարգի գնահատականներին»:
Մանրամասները` տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ