Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Իմ երկրում ես ոչնչից չեմ վախենում»` հայտարարում էր Վազգեն Սարգսյանն ու իրոք չէր վախենում. «Իրատես»

Հոկտեմբեր 27,2017 10:57

Երբ կրակում են պետության վրա, իսկ դա հենց պետության ոչնչացման փորձ էր, երկու տարբերակ կա: Առաջին` իշխանության մեջ կան հակասություններ, և մի խմբավորումը վերացնում է մյուսին` ստանալու համար ամբողջ իշխանությունը։ Երկրորդ` որևէ պետություն է միջամտում` պետական հեղաշրջման փորձ անելով վերացնելու պետության առաջին դեմքերին, որ նրանց փոխարինեն իր քաղաքականությունը վարողները:

Պատասխանե՞լ ենք հարցին, թե ո՞ր դեպքն էր Հայաստանում: Մասնավոր զրույցների, առանձին հարցազրույցների ու տեսակետների արտահայտման մակարդակով` մի հազար անգամ: Մինչդեռ սա այն դեպքն է, որ պատասխանը պետք է տրվի պետության մակարդակով: Հրապարակավ։ Հիմնավորումներով։ Ապացույցներով։ ՈՒ` եզրակացությամբ: Պարտադիր գնահատականով: Արժանապատիվ պետությունը չի կարող անպատասխան ու անպատիժ թողնել ահաբեկչությունն ու պետական հեղաշրջումը։

18 տարին այդ մակարդակով պատասխանի հիմքեր չի ապահովել: Ցանկություն։ Կամք: Հանդգնություն: Պատասխանատվություն: Իսկ դա նշանակում է, որ 18 տարի շարունակ ամեն օր կրակում են մեզ վրա, ու մենք չենք պաշտպանվում: 18 տարի առաջ սպանելով Հայաստանի Հանրապետության վարչապետին, Ազգային ժողովի նախագահին ու փոխնախագահներին` 8 զոհով պատանդ վերցվեց ոչ միայն խորհրդարանը (հաջորդ օրը նրանք ազատ արձակվեցին, ու գտնվեցին նույնիսկ մարդիկ, որ ժպիտով ասացին` դե ինչ է եղել որ, մի քանի ռոմանտիկներ մի քիչ կրակել են), այլև Հայաստանը: Խնդիրը կրկնակի էր. առաջին նպատակը ասպարեզից հանելն էր այն մարդկանց, որ անսահման հեղինակություն ունեին ու իրենց խոսքը գործ դարձնելու վճռականություն:

Ինչո՞վ կարելի էր վախեցնել Կարեն Դեմիրճյանին, ի՞նչ կարելի էր նրան խոստանալ, որ հետ կանգնի իր ծրագրերից: Ինչպե՞ս համոզել մեկին, որ իշխանության համն ու հոտը, քաղցրությունն ու դառնությունը բոլորից լավ գիտեր ու կյանքն ապրել էր` բաց ափի պես։ Ի՞նչ չուներ նա, որ կարող էին տալ: Ոչինչ: Վազգեն Սարգսյանին փորձելն իսկ անիմաստ էր: Նա ուներ անցած ճանապարհ, որի ամեն քայլը` ճիշտ, թե սխալ, դարձել էր Հայաստանի երրորդ Հանրապետության պատմություն: Նա Հայաստանն էր` բաց, համարձակ ու վճռական: Մենակ։ Շրջադարձի վրա: Նա գնում էր ու գնալու էր այնտեղ, որտեղ Հայաստանը դառնալու էր տարածաշրջանի ամենաուժեղ պետությունը: Եվս մի քանի ամիս` մինչև տարեվերջ, լուծվելու էր Ղարաբաղի հարցը (Հեյդար Ալիևը համաձայնել էր Ղարաբաղի անկախությանը երեք շրջանի դիմաց), բացվելու էր հայ-թուրքական սահմանը, ուրեմն և վերանալու էր շրջափակումը, ԱՄՆ այցի ընթացքում պայմանավորվածություններ ուներ Հայաստանում արվելիք միլիարդավոր դոլարներով ներդրումների մասին, նույնը` Եվրոպայի միջազգային ֆինանսական կառույցներում: Հայաստանը սլացիկ հեռանում էր երկրաշարժ ապրած, աղքատ, գործազուրկ ու պարտքերի մեջ խրված փոքրիկ երկրի կերպարից: Պայմաններ էլ կային: Այնպես չէր, որ Վազգեն Սարգսյանի գեղեցիկ աչքերը բավական էին ռազմական ու տնտեսական անվտանգություն ապահովելու համար։ Բայց բոլոր նրանք, որ ճանաչել են Վազգեն Սարգսյանին (թեկուզ հետո ուրացել ու դավաճանել են նրան), կվկայեն` Վազգենը իր մտքին դրածը կաներ: Ցանկացած գնով: Ոչնչի առաջ կանգ չառնելով։ Ոչ մեկին անձեռնմխելիության քվոտա չտալով: Ու նա գիտեր թե աշխատել, թե աշխատեցնել: Նա գիտեր ոչ թե հետևանքների վրա ժամանակ կորցնել, այլ պատճառները վերացնել: Ու երբ գույքագրեց-ավարտեց Հայաստանի ամբողջ տնտեսական ներուժը, «Նաիրիտն» ու «Կանազը» վերագործարկելու քաղաքական որոշումներ կայացրեց` արդյունաբերությունը վերականգնելու, որ աշխատատեղեր ստեղծվեն, ու արտագաղթը կանգնի:

Հունիսից հոկտեմբեր` Հայաստանի ամենախելահեղ ամիսներն էին, որ ներսում չէին մատնում վիթխարի լարումն ու շրջադարձի ամբողջ խորքը: Դա փառահեղ ընթացք էր դեպի 21-րդ դար: Եվս մի քանի տարի, ու տարածաշրջանում իրավիճակ էր փոխվելու: Անդառնալի: Հայաստանի Հանրապետության բանակը լինելու էր ոչ միայն ամենակայացածն ու ամենամարտունակը, այլև ամենալավ զինվածը: Հայաստանի Հանրապետության տնտեսությունը ի վիճակի էր լինելու ոչ միայն իր բանակը պահել, այլև պետությունը դարձնել ինքնաբավ ու անկախ: Ո՞րն էր Վազգեն Սարգսյանի թույլ կողմը: Նա միակն էր, բոլոր մյուսները կատարող էին և առանց Վազգենի կատարելու էին` ինչ իրենց ասվեր: Իշխանության, կամքի ու ուժի գերկուտակումը ինքնին նրան դարձնում էր Հայաստանի ամենախոցելի մարդը, որ իր խոցելիության գիտակցությունը բնավ չուներ: Բնավորությունը դժվար էր` չէր ընդունում որևէ կասկած ու թերահավատություն: «Իմ երկրում ես ոչնչից չեմ վախենում»` հայտարարում էր նա ու իրոք չէր վախենում` վստահ, որ կասկածի որդը խեղդում է գաղափարը:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031