Տարիներ շարունակ, կառավարության որոշմամբ, Գեւորգյան ճեմարան եւ Վազգենյան դպրանոց ընդունվողները չեն ծառայում բանակում։ Ազգային ժողովում «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը նախօրեին այս մասին հիշեցրեց ու հարց ուղղեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, թե ինչպես կարող է դա տեղի ունենալ, եթե նախարարը հայտարարում է, որ բանակում բոլորը պետք է ծառայեն։
Հետաքրքրվեցինք, թե ինչպիսին է վեհափառի կարծիքն այդ հարցի վերաբերյալ։ Հարցին ի պատասխան՝ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանից ստացանք հետեւյալ պատասխանը. «Կանխատեսումներ չենք անելու։ Ժամանակի մեջ ամեն ինչ կհստակեցվի։ Նշենք նաեւ, որ այսօր բոլոր շրջանավարտ հոգեւորականներն իրենց ծառայությունը բերում են Հայոց բանակին հոգեւոր առաջնորդության իբրեւ սպասավորներ։ Նրանց թիվը հիսունից ավելի է։ Իմ երկու օգնականներն արդեն իսկ ծառայել են։ Խոսքը ՀՀ ԶՈւ հոգեւոր առաջնորդության մասին է»։
Նշենք, որ 1997 թվականից պետականորեն հաստատված ծրագրով հոգեւոր սպասավորություն են իրականացնում Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) հոգեւորականները, որոնց առաքելությունը բանակում հոգեւոր դաստիարակության սերմանումն է։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում