18 տարի է անցել խորհրդարանում տեղի ունեցած ոճրագործությունից եւ ԱԺ-ն այսօր աշխատանքները սկսեց՝ մեկ րոպե լռությամբ հարգելով զոհվածների հիշատակը:
ԱԺ-ում քվեարկության դրվեցից մի շարք նախագծեր, որոնք քննարկվել էին երեկ, այդ թվում՝ բավականին աղմկահարույց եւ քննարկված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Վիգեն Սարգսյանի ներկայացրած նախագիծը:
Այն առաջին ընթերցմամբ ընդունվեց 89 կողմ, 9 դեմ ձայներով:
Մինչ քվեարկությունը «Ելք» խմբակցության պատգամավորները, ի պատասխան երեկ պաշտպանության նախարարի ելույթում իրենց հասցեին ասված դիտարկումների, պարզաբանումներ ներկայացրեցին:
Էդմոն Մարուքյանն ասաց. «Երեկ ՊՆ նախարարը ինձ իր ելույթում հարց է ուղղել: Հարցին պետք է պատասխանեմ: Այո, ծառայության ընթացքում ես օրենքով սահմանված կարգով արձակուրդներ եմ ստացել, հանձնել եմ քննությունները: Իսկ վերին արտի ցորենի հետ կապված ասեմ՝ եթե վերին արտի ցորեն լինեի, ես Սոյուղում, Հաջիբաջում, Գեղիգարդում եւ Ծիրանիձորում չէի ծառայի, հուսով եմ տեղը գիտեք»:
Մանե Թանդիլյանի խոսքով՝ «Վիգեն Սարգսյանը երեկ իր ելույթում նենգափոխել է իմ հնչեցրած միտքը եւ անձնական դաշտ է տարել հնչեցրած քննադատությանը, ինչը ՊՆ նախարարին անհարիր տոնով է արել: Մենք գտնում ենք, որ տարկետումը չպետք է վերացվի եւ օրենքի լավ դրույթները կարող են համատեղել տարկետման իրավունքի հետ»:
Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ ի հեճուկս ՊՆ նախարարի, ներկայացման, ներկայացված օրենքը իր թեւերն է փռում պճեղի մենինգիտով բանակից ազատվողների վրա եւ այս օրենքը այդ պրոբլեմը չի կարգավորում, առաջիկայում ավելի է խորանալու: Մենք այդ հիմնավորմամբ դեմ ենք օրենքին:
Արարատ Միրզոյանն էլ ասաց. «Ես բոլորովին չէի ցանկանա, բայց ստիպված եմ հանրության համար ասել, որ ես, ի թիվս Քաղաքացիական պայմանագիր կուսակցության այլ ներկայացուցիչների ՊՆ նախարարությունից պատվոգիր եմ ստացել, որովհետեւ որպես կամավոր մեկնել եմ ապրիլի 2-ից հետո առաջնագիծ»: Նա նշեց՝ ցավում եմ, որ ՊՆ նախարարը շեղեց հարցի քննարկումը մեր ներկայացրած լուրջ հիմնավորումից դեպի անձնական խնդիրներ:
Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագծին կողմ քվեարկեց 63 պատգամավոր, 10-ը դեմ էր, 25-ը՝ ձեռնպահ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ