Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ փառաբանում, ոչ խարազանում

Հոկտեմբեր 27,2017 10:12

Երբ քաղցկեղից մահացավ ԱԱԾ նախկին պետ Գորիկ Հակոբյանը, ակտիվ հասարակության մեծամասնությունը չդիմացավ գայթակղությանը եւ բազմաթիվ դառը խոսքեր ասաց մահացողի հետեւից: Ինչ խոսք, այն հիմնարկը, որտեղ աշխատում էր Գորիկ Հակոբյանը, ավանդաբար հակակրանք է առաջացրել խորհրդային շրջանում եւ հիմա էլ ոչ մեկի աչքի լույսը չէ: Դրան հավանաբար նաեւ պետք է ավելացնել այն, որ նման հիմնարկները ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում հաճախ ծառայում են ոչ այնքան պետությանը, որքան իշխանությանը:

Երբ երկարատեւ հիվանդությունից հետո մահացավ ռուսաստանցի գործարար Լեւոն Հայրապետյանը, հասարակության նույն ակտիվ մասը գրեթե դասեց նրան սրբերի շարքին եւ սկսեց գլխին մոխիր լցնել, թե մենք ամեն ինչ չարեցինք նրա կյանքը փրկելու համար: Իհարկե, մահացու հիվանդությամբ մարդուն անազատության մեջ պահելը անմարդկային էր, ստալինիզմին հատուկ դաժանության դրսեւորում: Որպես դրական օրինակ հիշենք թեկուզ Հայաստանում ցմահ դատապարտված Սողոմոն Քոչարյանին, որին թույլ տվեցին մահանալ բանտի պատերից դուրս: Նման տարրական մարդասիրության դրսեւորումը պուտինյան իշխանությանը հատուկ չէ: Քննադատությունը Հայաստանի իշխանությունների հասցեին, ինձ թվում է, արդար է. կարելի էր ներկայանալ Լեւոն Հայրապետյանի թաղմանը ինչ-որ մի պաշտոնական մակարդակով, ասենք՝ նախարարի: Հավանաբար Պուտինը մեզ դրա համար չէր ուտի:

Սակայն խոսքը տվյալ դեպքում այլ բանի մասին է. եթե Ռուսաստանում կամ Հայաստանում հնարավոր չէ միլիոնատեր դառնալ առանց օրենքը խախտելու եւ իշխանության որոշակի օղակների հետ կապ ունենալու, ապա դա տարածվում է բոլորի վրա: Եվ այդ առումով հնարավոր չէ օլիգարխներին բաժանել լավերի եւ վատերի, ազնիվների եւ անպարկեշտների: Այո, Լեւոն Հայրապետյանը զբաղվում էր բարեգործությամբ: Փառք ու պատիվ, հավերժ հիշատակ նրան: Բայց բարեգործությամբ են զբաղվում նաեւ Արա Աբրահամյանը, Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը, Ռուբեն Հայրապետյանը: Եթե, Աստված մի արասցե, այդ մարդկանց հետ որեւէ բան պատահի, նրանց մասին ի՞նչ են խոսելու` այն, ինչ խոսվում է Գորիկ Հակոբյանի մասի՞ն, թե՞ այն, ինչ ասվում է Լեւոն Հայրապետյանի հասցեին:

Ընդհանուր սխեման հետեւյալն է. եթե մարդը հարստացել է Հայաստանից դուրս, մեր հասարակությունը նրան չի ընկալում որպես թալանչի: Եթե մարդը որեւէ կապ ունի իշխանությունների հետ` նրա մասին վատը կխոսեն թե՛ կյանքի օրոք եւ թե՛ մահանալուց հետո: Առավել եւս` եթե նա պաշտոնյա է եղել: (Իհարկե, կան եւ կլինեն որոշ բացառություններ): Այդ պարզունակ սխեմայի եւ չափազանց սուբյեկտիվ ընկալումների պայմաններում բնական է, որ որոշ հանգուցյալների սրբադասում են, իսկ որոշների վրա նույնիսկ հետմահու շարունակում են ցեխ շպրտել:

Բոլոր դեպքերում ես կգերադասեի ավելի զուսպ լինել այս աշխարհից հեռանալուց հետո մարդու հասցեին ինչպես փառաբանումների, այնպես էլ խարազանումների հարցում: Նրանց արդեն ոչ այդ փառքն է պետք, ոչ էլ հայհոյանքները տեղ կհասնեն:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. joradzadza says:

    Մահացածի մասին կամ լավը, կամ ոչինչ: Այս պարզը ճշմարտությունը տարբեր լեզուներով կարող եք գտնել: Էսքան գրել եք, որ ի՞նչ:

  2. Ruben says:

    Պետությունը ծառայում են սրբերը, իսկ իշխանությանը՝ սրիկաները:

      • Ռուդիկ says:

        Հենց հերթը հասնում է հայ ազգային նշանավոր մարդկանց փառաբանմանը սկսում են զսպվածության կոչեր հնչել, կասկածելի վարկաբեկման ակնարկներ անել ինչու`?
        Լեվոն Հայրապետյանը լինելով Գ Նժդեհի քրոջ թոռը ազգադավ ուժերը Նրան արժանացրին Գ Նծդեհի ճակատագրին։ ՀԿՉ

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031