Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարօրինակ են ՀՀ-ԵՄ համաձայնագրի «ստորագրման ձգձգման» մասին եզրահանգումները»

Հոկտեմբեր 27,2017 16:00

Ըստ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանի՝ նոյեմբերի 24-ին համաձայնագրի ստորագրման հարցում հայկական կողմից այս պահին խոչընդոտներ չկան, Ռուսաստանի հետ կապված հարցերն էլ արհեստածին են:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը տարօրինակ է համարում այն, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախատեսված ստորագրումից դեռեւս մեկ ամիս առաջ եզրահանգում է արվում «ստորագրման ձգձգման» մասին։

Վերջին շրջանում փորձագիտական շրջանակներում լուրջ մտահոգություններ են տարածվել, որ հնարավոր է՝ փաստաթուղթն ընդհանրապես չստորագրվի: Նաեւ խոսվում է գործընթացի ձգձգման պատճառների մասին: Օրինակ՝ այն, որ համաձայնագրի տեքստը երեք երկրներ չեն թարգմանել: Սակայն Եվրամիության լրատվական ծառայությունից հերքել են, թե երեք երկրներ դեռ չեն թարգմանել համաձայնագրի տեքստը:

«Առավոտը» պարոն Նազարյանից հետաքրքրվեց՝ եթե թարգմանության հետ կապված խանգարող հանգամանք չկա, հետեւաբար ո՞րն է փաստաթղթի ստորագրման ձգձգման պատճառը:

Պարոն Նազարյանը մեր ուղարկած գրավոր հարցմանը գրավոր պատասխանեց. «Նախ՝ տարօրինակ է, որ նախատեսված ստորագրումից դեռեւս մեկ ամիս առաջ եզրահանգում է արվում «ստորագրման ձգձգման» մասին։ Թե կողմերից յուրաքանչյուրը ինչ ներպետական միջոցառումներ պետք է իրականացնի՝ դա արդեն տեխնիկական հարց է, եւ շահարկումները դրանց շուրջ անտեղի են։ Ինչ վերաբերում է թարգմանության հարցին, ապա ինչպես նշված է Ձեր հարցում, «Եվրամիության լրատվական ծառայությունից հերքել են, թե երեք երկրներ դեռ չեն թարգմանել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստը»։

Հիշեցրինք՝ մամուլում տեղեկություններ հրապարակվեցին այն մասին, որ օրեր առաջ Եվրոպական խորհուրդը քաղաքական երեք կարեւոր որոշում է կայացրել, որոնք նշանակում են՝ ԵՄ-ն քաղաքականապես պատրաստ է համաձայնագրի ստորագրմանը: Հավելենք, որ մամուլում հրապարակվել է համատեղ հայտարարության այն նախագիծը, որը Եվրամիության անդամներն ու Արեւելյան գործընկերության երկրները պատրաստվում են ընդունել նոյեմբերին կայանալիք գագաթնաժողովում. հենց այդ հավաքին էլ ակնկալվում է, որ կստորագրվի Հայաստանի հետ Եվրամիության նոր համաձայնագիրը:

Հայտարարության մեջ Եվրոպական ընտանիքի անդամ 28 պետությունները ողջունում են Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիրը, միաժամանակ ընդգծում՝ հարաբերությունների հետագա սերտացումը կախված է կայուն բարեփոխումների ընթացքից:

Կարեն Նազարյանից հետաքրքրվեցինք՝ այս համատեքստում հնարավո՞ր է՝ արդարացված լինեն այն մտահոգությունները, որ համաձայնագրի ստորագրման համար, բացի երկու կողմերի՝ ՀՀ-ԵՄ-ի գործոնից, նաեւ խոչընդոտող այլ հանգամանքներ կան, մասնավորապես՝ Ռուսաստանի դերակատարությունը, պարոն Նազարյանը պատասխանեց. «Եվրոպական կողմը կայացրել է այն որոշումները, որոնք պահանջում են իր ներքին ընթացակարգերը, եւ քաղաքական մակարդակով հայտարարել է, որ գործադրվում են բոլոր ջանքերը նոյեմբերին կայանալիք բրյուսելյան գագաթնաժողովին նոր համաձայնագիրը ստորագրելու ուղղությամբ»։

Անդրադառնալով Ռուսաստանի դերակատարությանը՝ պարոն Նազարյանը հարցի այդ հատվածը արհեստածին համարեց:

Մեր այն դիտարկմանը՝ փորձագիտական շրջանակներում մտահոգություններ կան, որ համաձայնագիրը հնարավոր է չստորագրվի էլ, եւ խնդրանքին՝ կարո՞ղ եք հստակ ասել՝ համաձայնագիրը նոյեմբերի 24-ին կստորագրվի՞, կամ եթե չստորագրվի, հետեւաբար ե՞րբ այն կստորագրվի, ԱԳ նախարարի տեղակալն այսպես պատասխանեց. «Հայաստանը՝ ի դեմս նախագահ Սարգսյանի ու ԱԳ նախարարի, ամենաբարձր ամբիոններից եւ պատեհ առիթներով հայտարարել է իր պատրաստակամությունը՝ նոյեմբերի 24-ին ստորագրելու համաձայնագիրը, հետեւաբար այս պահի դրությամբ հայկական կողմից որեւիցե խոչընդոտ չկա»։

 

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

26.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031