Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս-ադրբեջանական կուռ «դաշինք»՝ ընդդեմ ՀՀ ինքնիշխանության եւ հանուն եվրասիական ճահճի

Հոկտեմբեր 27,2017 12:00

Գիտակցո՞ւմ են այդ մարդիկ, որ նույն «նավի» վրա են Իլհամ Ալիեւի հետ

Բավական ուշագրավ իրավիճակ է ստեղծվել Հայաստան-ԵՄ նախաստորագրված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման շուրջ: Ներսում դրա դեմ «հիմնավորումներ» են բերում Պուտինին «հոգեւոր հայր» համարող ինչ-որ խմբեր՝ «Հայաստանի ինքնիշխանության» կորստից հանկարծակի բոցավառված, իսկ դրսում՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման ամենաուժգին հակառակորդը Ալիեւի ռեժիմն է: Արդյունքում մենք հերթական անգամ դարձյալ ականատես ենք դառնում ռուս-ադրբեջանական կուռ «դաշինքի»՝ ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության պահպանման եւ հանուն Եվրասիական ճահճում Հայաստանի մեկուսացման:

ԵԱՏՄ-ական Հայաստանի «ինքնիշխանության» կողմնակիցներն այս օրերին մամլո մի ակումբից մյուս ակումբն են վազում, ՀՀ-ԵՄ համաձայնագրից ներկայացնում են ինչ-որ «մեջբերումներ», որոնք ուղղակի գոյություն չունեն (նրանց գործն էլ այդքանն է՝ կեղծել, մեկնաբանել բաներ, որոնք միայն իրենց են հայտնի): Բայց այս ամենում ամենազավեշտալին այն է, որ հենց այս մարդիկ սկսել են Հայաստանի «ինքնիշխանության կորստի» մասին «մտահոգվել», մարդիկ, որոնց միակ երազանքը անդեմ, ռուսական «սապոգի» տակ ընկճված Հայաստանի գոյությունն է: «Ինքնիշխանության» յուրօրինակ ընկալում է, ինչ խոսք:

Միակ մխիթարականը, թերեւս, այն է, որ այդ մարդկանց հետ հավասար, նույնքան ուժգին Հայաստանի ու Արցախի հակառակորդ Ադրբեջանի ղեկավարի երազանքն է, որպեսզի Հայաստանը ԵՄ-ի հետ համաձայնագիրը չստորագրի: Ու այստեղ հարց է ծագում՝ գիտակցո՞ւմ են այդ մարդիկ, որ նույն «նավի» վրա են այդ առումով Իլհամ Ալիեւի հետ, որն ուժերը կենտրոնացրել է ոչ միայն ԼՂ խնդրի ուղղությամբ աջակիցներ ձեռք բերելու հարցում, եւ ԵՄ անդամ երկրներից ընդդեմ Հայաստանի կոնկրետ քայլեր է ակնկալում:

Իսկ իրականությունն այն է, որ Հայաստանը, ԵՄ-ի հետ նոր համաձայնագիրը ստորագրելով, տարածաշրջանում կայունության հաստատման ուղղությամբ նոր լուրջ հնարավորություններ է ստանալու: Այստեղ որքան կարեւոր են Հայաստան-ԵՄ փոխհարաբերությունների խորացումը, իրական փոփոխությունները Հայաստանում, այնքան էլ ԼՂ հակամարտության վերաբերյալ ԵՄ անդամ երկրների դիրքորոշումը:

Հայաստան-ԵՄ նախաստորագրված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրում ԼՂ հակամարտությանն առնչվող դրույթները հայկական կողմի համար ընդունելի են, եւ դրանք ուժի մեջ մտնելուց հետո դառնալու են ԵՄ անդամ բոլոր պետությունների համար առանցքային, ինչը չի բխում ալիեւյան ռեժիմի շահերից, եւ մինչ օրս բոլորը գիտեն, թե Ադրբեջանն ինչ հսկայական ռեսուրսներ ու ջանքեր է ծախսում ադրբեջանանպաստ հայտարարություններ ստանալու ԵՄ երկրներից ու ընդհանրապես` կեղծիքի ու ստի տարածման համար:

Այսինքն` ՀՀ-ԵՄ համաձայնագիրը լրացուցիչ գործիք է դառնալու ԵՄ անդամ պետություններից ԼՂ հարցում հավասարակշռված դիրքորոշում ակնկալելու եւ ադրբեջանական ջրաղացին ջուր չլցնելու քաղաքականությունը քայլ առ քայլ չեզոքացնելու ուղղությամբ:

Այստեղ հարկ է նշել, որ Հայաստան-ԵՄ նախաստորագրված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հրապարակումը Եվրահանձնաժողովի եւ Հայաստանի կողմից խիստ կարեւոր քայլ էր: Ինչ-որ առումով այս գործընթացը կապվում է նաեւ Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում ադրբեջանական ջանքերը եւս չեզոքացնելու ուղղությամբ:

Արդեն մի քանի առիթներով նշվել է, որ երկու տարի առաջ Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովում ընդունված համընդհանուր հռչակագրում ամրագրվել էր, որ գագաթնաժողովի մասնակիցները աջակցում են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների ջանքերը։ Այս փաստը խիստ զայրացրել էր Ադրբեջանի բարձրագույն իշխանությանը, եւ նրանք ձգտում են նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում ադրբեջանանպաստ հայտարարություններ մտցնել՝ ի պաշտպանություն տարածքային ամբողջականության սկզբունքի:

Եվ այստեղ է, որ կարելի է միանշանակ պնդել, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման տապալման թիվ մեկ կողմնակիցը Ադրբեջանի իշխանությունն է: Հաջորդը՝ Հայաստանը, ԵՄ-ի հետ ստորագրելով համաձայնագիրը, կառանձնանա Ադրբեջան-Բելառուս տանդեմից` մի քանի քայլ առաջ անցնելով այս երկրների եւ ԵՄ-ի փոխհարաբերությունների միջեւ առկա մակարդակից, ինչը եւս դրական ձեռքբերում կլինի:

Հիմա ճիշտ ժամանակն է, որպեսզի բոլոր նրանք, որոնք կա՛մ միամտաբար, կա՛մ մտածված ջուր են լցնում Ալիեւի ջրաղացին՝ երազելով, որպեսզի Հայաստանն ու ԵՄ-ն համաձայնագիր չստորագրեն, փորձեն ավելի լրջորեն մտորել իրենց արարքների ու դրանց հետեւանքների շուրջ:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

26.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031