Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակի արդիականացման նախագահի տեսլականը

Հոկտեմբեր 27,2017 15:30

Պաշտպանական անվտանգության հետազոտական համալսարանում նախագահ Սարգսյանը հանդես եկավ դասախոսությամբ, որը կարեւորվեց նրանով, որ նա հստակ ամրագրեց առաջիկա տարիներին ՀՀ Զինված ուժերի զարգացման հիմնական ուղենիշները: Նախագահը շեշտեց, որ այսօր Հայաստանի գլխավոր հրամայականներից մեկը բանակի արդիականացումն է, ինչն առավել քան ընկալելի է, եթե հաշվի առնենք վերջին տարիներին տարածաշրջանում լարվածության զգալի աճը:

Զինված ուժերի արդիականացման վերաբերյալ նախագահ Սարգսյանի տեսլականը բավական համարձակ եւ միեւնույն ժամանակ հավակնոտ է, եթե հաշվի առնենք սահմանվող նոր նշաձողերը: Փորձենք անդրադառնալ այդ տեսլականի տարբեր բաղադրիչներին առանձին-առանձին:

Որպես ԶՈՒ արդիականացման առաջին բաղադրիչ նշվեց կառավարման համակարգի բարեփոխումը՝ հիմք ընդունելով առաջին հերթին խորհրդարանական կառավարման համակարգի անցումը: Անհրաժեշտ է գործող համակարգը փոփոխել այնպես, որ այն կարողանա առավել արդյունավետ գործել նոր պայմաններում: Այս ուղղությամբ առաջին քայլերից է «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը, որն արդեն քննարկվում է ԱԺ-ում:

Նախագահի կողմից առանձնացված երկրորդ բաղադրիչը բանակի ռազմատեխնիկական արդիականացումն է: 2018թ.-ին բյուջեում նախատեսված ռազմական ծախսերի կտրուկ աճը, թերեւս, հենց դրան է ուղղված: Թեեւ ՀՀ ԶՈՒ-ն նախորդ տարիներին արդեն ձեռք է բերել մի շարք բավական լուրջ զինատեսակներ, դա բավարար չէ: Այս գործընթացը շարունակական է եւ պահանջում է մշտական աշխատանք տարբեր ձեւաչափերով:

Հատկանշական է, որ ռազմատեխնիկական արդիականացման գործընթացում բավական կարեւոր դերակատարում է նախատեսվում նաեւ հայրենական ռազմարդյունաբերության եւ այդ ոլորտում ներգրավված մեր մասնագետների համար: Ընդ որում, խնդիր է դրվում ժամանակակից եւ մրցունակ արտադրանքով եւ լուծումներով ապահովել ոչ միայն մեր բանակը, այլ նաեւ դառնալ ժամանակակից տեխնոլոգիաներ արտադրող եւ արտահանող երկիր:

ԶՈՒ արդիականացման գործընթացի մյուս կարեւոր բաղադրիչը զինվորական ծառայության պայմանների բարելավումն է (հանդերձանքից մինչեւ բնակարաններ): Այս համատեքստում նախագահի կողմից հատուկ ուշադրություն է դարձվում ժամանակակից չափորոշիչներին համարժեք բուժսպասարկում ապահովելու խնդրին: Այս ուղղությամբ արդեն իսկ իրականացվել են քայլեր, եւ շուտով իր դռները կբացի տարածաշրջանում ամենաարդիական վերականգնողական կենտրոնը զինհաշմանդամների համար: Զգալի առաջընթաց կարող է ապահովել զինվորական նոր կենտրոնական հոսպիտալի կառուցումը, որի վերաբերյալ նախագահն արդեն տվել է համապատասխան ցուցումներ:

Նախագահը արդիական բանակի կարեւոր բաղադրիչ է համարում ամենաբարձր մակարդակի կարգապահությունը: Այս տեսանկյունից բավական կարեւոր է բանակում միջանձնային այնպիսի մթնոլորտի ձեւավորումը, որը լիովին կբացառի ոչ կանոնադրային հարաբերությունները եւ անփութությունը:

Բանակի արդիականացման գործընթացում հատուկ ուշադրություն է դարձվում կրթական բաղադրիչին: Մի կողմից՝ զինվորական կրթության ոլորտում լավ կադրերի պատրաստումը, մյուս կողմից՝ բանակում շարքայինի եւ սպայի կրթվելու հարցերը համարվում են առաջնային: Ունենալով Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի արդիականացման բավական հաջողված փորձը՝ նախատեսվում է նաեւ քայլեր ձեռնարկել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական եւ Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանների արդիականացման ուղղությամբ:

Սոցիալական բաղադրիչը եւս կարեւոր դերակատարում ունի ԶՈՒ արդիականացման գործընթացում: Ըստ նախագահի՝ պետությունը պետք է սպայակազմի համար ապահովի լավագույն պայմաններ ինչպես ծառայության ընթացքում, այնպես էլ ծառայությունից հետո: Սոցիալական խնդիրների լուծման գործընթացում նախատեսվում է բնակարանային հերթագրման ծրագրի փոխարեն անցում կատարել հիպոթեքային վարկավորման ծրագրի, որը մի կողմից՝ կբարձրացնի խնդրի լուծման արդյունավետությունը, մյուս կողմից՝ կնվազեցնի հնարավոր կոռուպցիոն չարաշահումների հավանականությունը: Առանձին է դիտարկվում զոհված զինծառայողների անօթեւան ընտանիքների եւ 1-ին կարգի հաշմանդամների բնակարանային խնդիրը, որը մինչեւ տարեվերջ կլինի արդեն լուծված:

Բացի այդ, նախատեսվում է նաեւ զինվորականներին ընձեռել կամավորության սկզբունքով կուտակային կենսաթոշակային ծրագրին միանալու հնարավորություն, ինչն առավել ապահով ծերության լրացուցիչ երաշխիք կդառնա:

Բանակի արդիականացման այս տեսլականի կյանքի կոչման համար նախագահը հանձնարարել է մշակել նոր յոթամյա ծրագիր՝ 2018-2025 թվականների համար, որը կընդունվի արդեն 2018 թվականի հունվարի 28-ին:

Պետք է նշել, որ բանակի համակողմանի արդիականացման անհրաժեշտությունն արդեն վաղուց հասունացել է, եւ այդ գիտակցումը, ինչպես տեսնում ենք, կիսում է նաեւ երկրի գերագույն գլխավոր հրամանատարը: Որպես բավական երկար ռազմական ուղի անցած եւ այդ համակարգի բոլոր թերի եւ ուժեղ կողմերին տիրապետող գործիչ՝ նախագահն ունի Զինված ուժերի զարգացման հստակ խնդիր՝ Զինված ուժերի ոլորտում թռիչքաձեւ զարգացում ապահովել եւ արդեն յոթ տարի անց ունենալ որակապես նոր, բարձր մակարդակի մարտունակ եւ արդիական բանակ, որն, ըստ էության, Հայաստանի եւ Արցախի անվտանգության միակ երաշխավորն է:

 

ՆԱՐԵԿ ՄԻՆԱՍՅԱՆ
«Հայացք» վերլուծական
կենտրոնի փորձագետ

«Առավոտ»

26.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031