Լրահոս
Օրվա լրահոսը

Հանգուցյալի վերջին թոշակը գրպանո՞ւմ են

Հոկտեմբեր 27,2017 15:00
toshak

Հանգուցյալ ամուսնուս՝ Գարեգին Ստեփանի Անանյանի մահվան առիթով առնչվեցինք սոցիալական ապահովության պետական ծառայության կառույցի աշխատանքներին։ Սեպտեմբերի 4-ին երեխաներս դիմեցին ՀՀ սոցապահովության պետական ծառայության Քանաքեռ-Զեյթուն տարածքային ստորաբաժանմանը՝ ամուսնուս թաղման միանվագ 200 000 դրամ նպաստը ստանալու համար։ Դիմումն ընդունել էին հարգալից եւ ասել՝ սպասեք, կզանգենք, բանկին հարցում կանեն՝ պարզելու համար, թե սեպտեմբեր ամսվա թոշակն արդյոք նստե՞լ էր ամուսնուս հաշվին, թե՞ ոչ, նոր միայն կզանգեն, կասեն՝ ինչ անել։ Մնացինք սպասող այդ զանգին։ Ստիպված սեպտեմբերի 30-ին, վաղ առավոտյան՝ ժամը 9-ն անց 15-ին, ինքս զանգահարեցի տարածքային սոցապ բաժին, խնդրեցի բաժնի պետին։ Վերջինս ներկայացավ Խաչատրյան անուն-ազգանունով։

«Ինչո՞ւ ձեր տարածքային բաժինը չի կարողանում բանկի հետ ճշտել, թե սեպտեմբերի թոշակը նստե՞լ էր ամուսնուս հաշվին, թե՞ ոչ, ինչի արդյունքում թաղման համար հասանելիք 200 000 դրամ միանվագ նպաստը չենք կարող ստանալ: Ինտերնետի դարում ձեզ որքա՞ն ժամանակ է պետք, որպեսզի ճշտեք»,- ասացի ես։

Խնդիրս լսելուց հետո տիկինն ասաց, որ՝ այո, ստացել են բանկի պատասխանը, իսկ թե ե՞րբ էին ստացել՝ հարցիս չպատասխանեց եւ հորդորեց, որ եթե ես որեւէ բանկում թոշակի հետվճար անեմ ու կտրոնով ներկայանամ իրենց բաժին, ապա ինքը նույն օրն էլ 200 հազար դրամը կփոխանցի մեզ։ Ես ամեն ինչ արեցի տիկնոջ հորդորով եւ ժամը 11-ը չեղած՝ տաքսիով գնացի սոցապ բաժին։ Բաժնի աշխատակից Աշխենն էլ լսացրեց, թե փոխանցումը կանեն չորեքշաբթի։ Հասկացա, որ այդ օրը կլրանա մեր դիմումի 1 ամիսը։ Հոկտեմբերի 3-ին երեխաներս կրկին սոցապ բաժին գնացին, ասացին, որ դեռ լուր չունեն, կզանգեն։ Երբ համոզվեցի, որ մինչեւ ամուսնուս քառասունքը՝ հոկտեմբերի 8-ն էլ այդ գումարը չեն տալու, ստիպված օր առաջ զանգահարեցի ՀՀ վարչապետի կաբինետի «թեժ գծին», եւ հոկտեմբերի 6-ին՝ ուրբաթ օրը, փոքրիկ հրապարակում եղավ «Առավոտ»-ում։ Այս գործողությունների արդյունքում ուշագրավ բացահայտումներ եղան։ Պարզվեց, որ ՀՀ սոցապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Ս. Սաիյանը թերթի հրապարակման հաջորդ աշխատանքային օրը՝ 09.10.17թ., 1 ամիս 3 օր հետո է պատասխանում Քանաքեռ-Զեյթուն տարածքային ստորաբաժանման 06.09.17թ. հարցմանը՝ կցելով «ՎՏԲ-Հայաստան» բանկի սեպտեմբերի 12-ին հիմնադրամի հաշվին վերադարձրած գումարի կտրոնը։

Մինչդեռ տարածքային ստորաբաժանումը շարունակում էր ինձ ու երեխաներիս ոչ միայն սպասողական վիճակում պահել, այլեւ անհարկի տանել-բերել եւ մուծել ամուսնուս չստացած թոշակը։ Կարծում եմ՝ բոլորին հասկանալի է, թե որտե՞ղ է թաղված շան գլուխը։ Նպաստը ստացանք հոկտեմբերի 18-ին՝ ամուսնուս մահվան 50-րդ օրը, իսկ իմ մուծած 46 հազար 500 դրամը դեռ չեն վերադարձրել, չնայած արդեն հոկտեմբերի 25-ն է։ Ավելին՝ այն, որ պնդում են, թե վերջերս կենսաթոշակների վճարման նոր կարգին անցնելիս թոշակառուն ստանում է ամսվա սկզբին տվյալ ամսվա թոշակը, չի կարող վերաբերվել վաղուցվա թոշակառուներին, քանզի նրանք միշտ էլ իրենց թոշակը ստանում էին հաջորդ ամսվա սկզբներին (իսկ փոստատան միջոցով ստացողները՝ մինչեւ հաջորդ ամսվա 20-ը)։ Հետեւաբար վաղուց թոշակավորվածներն այս կերպ յուրաքանչյուր ամսվա սկզբին ստացել են նախորդ ամսվա թոշակը, քանզի նրանցից ոչ մեկը (ունեմ բազմաթիվ վկայություններ), այդ թվում նաեւ ամուսինս, որեւէ ամսում չի ստացել կրկնակի թոշակ, որպեսզի ստացվեր, թե նա էլ էր տվյալ ամսվա թոշակը ստանում։ Այնպես, որ «ՎՏԲ-Հայաստան» բանկի կողմից սեպտեմբերի 12-ին հիմնադրամի հաշվին վերադարձրած գումարը եղել է ամուսնուս օգոստոս ամսվա թոշակը, ինչի ստանալու իրավունքը մենք ունեինք։ Այսպիսով, ՀՀ սոցապահովության պետական ծառայությունը գրպանում է յուրաքանչյուր մահացողի վերջին թոշակը եւ փաստորեն մի բան էլ ավելի։ Սա հատուկ գործող, վերջին տարիներին ներդրած մեխանիզմ է:

Որպեսզի մերկապարանոց չհնչի ասածս, հոկտեմբերի 12-ին էլեկտրոնային նամակով դիմել եմ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցապահովության պետական ծառայության պետի տեղակալ պարոն Ա. Պարոնյանին, որն ինձ սիրալիր ընդունել եւ ներողություն է խնդրել իրենց կառույցի պատճառած անհանգստությունների համար, որպեսզի ինձ տրամադրեն ամուսնուս ստացած թոշակի էպիկրիզը (հաջորդ օրն էլ զանգել-ասել եմ խնդրանքս եւ մի անգամ էլ 23.10.17-ին հեռախոսով հիշեցրել), սակայն մինչեւ օրս ոչ մի պատասխան չեմ ստացել, հույս էլ չունեմ, թե կտրամադրեն, քանզի այն իրենց դեմ փաստ կլինի, ու շատերը թմբիրից կարթնանան։ Այսպիսով, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցապահովության պետական ծառայությունն իմ ընտանիքին պետք է վերադարձնի 93 հազար դրամ՝ ամուսնուս օգոստոս ամսվա թոշակը՝ 46 505 դրամը եւ իմ վճարած 46 500 դրամը։ Պատրաստ եմ այս գործը վիճարկել դատական ատյանում։

 

ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ

«Առավոտ»

26.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031