Լրահոս
Օրվա լրահոսը

Հագուստեղեն ներկրող օտարերկրացի տնօրենը մաքսայինի դեմ դատական վեճի մեջ է

Հոկտեմբեր 27,2017 14:30

Կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի «Իրավախախտումների հայտնաբերման եւ վարչական վարույթների իրականացման» վարչության պետ Գ.Ներսիսյանի 2014թ. մայիսի 7-ի որոշմամբ «Մասթեռիթեյլ» ՓԲԸ տնօրեն Աբդուլմաջիդ Աբդուլազիզ Ֆավազ Ալհոկաիրը ճանաչվել է զանցառու ՀՀ մաքսային օրենսգրքով: Նրա նկատմամբ նշանակվել է տուգանք 7 մլն 780.513 ՀՀ դրամի չափով։ ՊԵԿ նախագահի հրամանի համաձայն՝ հետբացթողումային հսկողության վարչության աշխատակիցներն ստուգումներ են իրականացրել՝ պարզելու «Մասթեռիթեյլ» ՓԲ ընկերության կողմից 2012 թվականի հոկտեմբերի 1-ից մինչեւ 2014 թվականի մարտի 24-ը մաքսային ռեժիմով ՀՀ ներմուծված ապրանքների մաքսային սահմանով տեղափոխման օրինականությունը, մաքսային վճարների հաշվարկման եւ վճարման ճշտությունը, հայտարարագրված տեղեկությունների արժանահավատությունը։ Նրանք արձանագրել էին, որ «Մասթեռիթեյլ» ընկերությունը նշված ժամանակահատվածում թվով 176 մաքսային հայտարարագրերով «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ձեւակերպել է իսպանական «Grupo Massimo Dutti S.A.» եւ «TEMPE S.A.» ընկերությունների կողմից մատակարարված հագուստներ, կոշիկներ եւ այլ պարագաներ՝ 1.896.206 եվրո ընդհանուր հաշիվ-ապրանքագրային արժեքով եւ 1.030.570.400 ՀՀ դրամ ընդհանուր հայտարարագրված մաքսային արժեքով ապրանքներ։

Ընկերության եւ Հոլանդիայում գրանցված «ITX MERKEN B.V.» -ի միջեւ կնքվել է պայմանագիր, որի համաձայն «Մասթեռիթեյլը» «MASSIMO DUTTI» ապրանքային նշանի իրավատիրոջը` «ITX MERKEN B.V.» ընկերությանը պարբերաբար վեցամսյա ժամանակաշրջանի համար պարտավոր էր վճարել «MASSIMO DUTTI» ապրանքային նշանի ներքո գործող խանութի ապրանքաշրջանառության (առանց հարկատեսակների) 3 տոկոսի չափով վճար` որպես ապրանքի վաճառքի համար առաջացող ռոյալթիի գումար։

«Մասթեռիթեյլը» «ITX MERKEN B.V.» ընկերությանը վճարել է որպես ռոյալթիի գումար երեք փուլերով՝ 20.371,00 եվրո, ապա՝ 23.763.23 եվրո եւ՝ 40.672.83 եվրո: Իսկ հետբացթողումային հսկողության արդյունքներով «Մասթեռիթեյլ» ՓԲ ընկերության տնօրեն Աբդուլմաջիդ Աբդուլազիզ Ֆավազ Ալհոկաիրի նկատմամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն եւ թիվ 100 ակտի համաձայն հաշվարկվել ընդհանուր 19 մլն 781.330 ՀՀ դրամ թերի վճարված մաքսային վճարներ, այդ թվում՝ 4,220,304 ՀՀ դրամի չափով տույժեր։

Թվով 176 բեռնամաքսային հայտարարագրի մաքսային արժեքներում ներառված ռոյալթիների գումարից առաջացած պակաս վճարված մաքսային վճարների գումարը կազմել է 15.561.026 ՀՀ դրամ։

Ըստ պատասխանող ՊԵԿ-ի որոշման, պարզվել էր, որ ընկերության տնօրեն Աբդուլմաջիդ Աբդուլազիզ Ֆավազ Ալհոկաիրն ընկերության անվամբ հայտարարագրված ապրանքների մաքսային արժեքներում ռոյալթիների դիմաց մատակարարին վճարված կամ վճարման ենթակա վճարները չի ներառել մաքսային արժեքներում, որը կատարվել է ոչ թե դիտավորությամբ, այլ անզգուշությամբ:

Օտարերկրացի հայցվորի դիտարկմամբ, պատասխանողի կողմից հաշվի չի առնվել կիրառված նորմերի անհամապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը եւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի պահանջներին։ Հայտարարագրման ժամկետները սահմանվում են օրենսգրքի 130-րդ հոդվածով, որի 1-ին մասի համաձայն. «Ապրանքների եւ տրանսպորտային միջոցների համար մաքսային հայտարարագիրը մաքսային մարմին է ներկայացվում մինչեւ ապրանքների եւ տրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային հսկողության միջոցների իրականացումը եւ այդ ապրանքների եւ տրանսպորտային միջոցների բաց թողումը. ա) ապրանքներ եւ դրանք տեղափոխող տրանսպորտային միջոցներ ներմուծելիս ներմուծելուն հաջորդող 10-օրյա ժամկետում»։

ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչության ստուգումների բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Հայկ Միրզոյանի կողմից կազմված մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրության մեջ նշված է, որ վճարման ենթակա ռոյալթիների գումարների վերաբերյալ տեղեկությունները չեն ներկայացվել «հայտնի դառնալու պահից»։ Ակնհայտ է, որ արձանագրությունը նույնպես հաստատում է, որ նման տեղեկությունը հասանելի չի եղել եւ ոչ էլ կարող էր հասանելի լինել ապրանքների հայտարարագրման պահին:

Ըստ հայցվորի. «Նշված իրավահարաբերությունները կարգավորող նորմերում առկա է օրենքի բաց, քանի որ սահմանված չէ ռոյալթիների՝ դրանց հետագա ձեւավորման արդյունքում հաջորդող հայտարարագրման մեխանիզմ, ինչի արդյունքում շահագրգիռ անձը չի ենթարկվի հավելյալ պատասխանատվության տույժեր եւ տուգանքներ վճարելու պարտավորությամբ։ Դրա արդյունքում ակնհայտ է, որ խախտվում են հայցվորի իրավունքները»։ ՀՀ Սահմանադրական դատարանի 2006 թվականի ապրիլի 18-ի ՍԴՈ-630 որոշման մեջ նմանօրինակ վեճի հետ կապված առկա է լուծում. «Որեւէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք», եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության (res judicata) սկզբունքին, այսինքն՝ ձեւակերպված չէ հստակ, որը թույլ տա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը»։

Սահմանադրական դատարանի վերոնշյալ գնահատականը կառուցված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն մոտեցման վրա, համաձայն որի՝ «օրենքները պետք է ձեւակերպված լինեն բավարար հստակությամբ, որպեսզի հնարավորություն տան անձանց կանխատեսել իրենց գործողությունների հետեւանքները եւ կարգավորել իրենց վարքագիծը»։

Պատասխանող ՊԵԿ-ը կարծում է, որ հայցադիմումում հայցվորի ներկայացուցիչը «եկել է ոչ ճիշտ եզրահանգման»։ Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով եւ չափով մուծել հարկեր, տուքեր, կատարել պարտադիր այլ վճարումներ։ Հայտարարագրումն իրականացվում է վերադաս մաքսային մարմնի սահմանած ձեւով՝ գրավոր, բանավոր կամ էլեկտրոնային եղանակով՝ նշելով ճշգրիտ տեղեկություններ՝ ապրանքների եւ տրանսպորտային միջոցների, դրանց տեղափոխման նպատակի մասին։ Օրենսգրքով մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքի մաքսային արժեքը գործարքի գինն է, այսինքն՝ այն գումարը, որը փաստացի վճարվել է, ենթակա է վճարման կամ պետք է վճարվեր ապրանքը ներմուծման երկիր արտահանելու նպատակով ձեռք բերելու եւ մինչեւ Հայաստանի մաքսային սահմանը տեղափոխելու համար։

Պատասխանող կողմի առարկության համաձայն՝ իրավական նորմերի տառացի մեկնաբանությունից հետեւում է, որ ապրանքներ տեղափոխող անձը՝ «Մասթեռիթեյլ» ՓԲ ընկերությունն ուներ օրենքով սահմանված պարտականություն «MASSIMO DUTTI» ապրանքային նշանով մակնշված ապրանքների յուրաքանչյուր ներկրման դեպքում «Ներմուծում՝ ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով հայտարարագիր ներկայացնելիս ճշգրիտ տեղեկություններ ներկայացնելու ապրանքների մաքսային արժեքի՝ այդ թվում վերջինիս բաղկացուցիչ տարր հանդիսացող եւ պայմանագրով նախատեսված ապրանքային նշանի օգտագործման դիմաց վճարվող ռոյալթիների գումարի մասին»։ Պատասխանողը խնդրել էր հայցը մերժել։

Դատարանը Աբդուլմաջիդ Աբդուլազիզ Ֆավազ Ալհոկաիրի հայցը` ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման եւ վարչական վարույթների իրացման վարչության պետ Գ. Ներսիսյանի 2014 թ. որոշումն ամբողջությամբ անվավեր ճանաչելու եւ վերացնելու պահանջի մասին մերժել է, իսկ վարչական վերաքննիչ դատարանը որոշումը կհրապարակի հոկտեմբերի 31-ին:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

26.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031