Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մեծանուն արվեստագետները խոցելի են»

Հոկտեմբեր 27,2017 14:00

Միայն ֆիլհարմոնիկը կնշի Օհան Դուրյանի հոբելյանը

«Առավոտը» Օհան Դուրյանի 90-ամյա հոբելյանի առիթով նրա տիկնոջից հետաքրքրվել էր (12.20.2012թ.)՝ ինչու պետական որեւէ միջոցառում չկայացավ, դիրիժորի այրին՝ տիկին Ալիսը, ընդամենը պատասխանել էր, որ ամուսնու հոբելյանը նշել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Ազգային գրադարանը եւ էլի մի քանի դպրոցներ ու քոլեջներ:

Այսօր, հինգ տարի անց, փաստորեն, մաեստրոյի հոբելյանի հետ կապված պատմությունը կրկնվում է: Այս տարի արվեստագետը կդառնար 95 տարեկան եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում հոկտեմբերի 27-ին կայանալիք համերգով առայժմ միակն է, որ կնշի դիրիժորի հոբելյանը:

Ժամանակին մենք քանիցս տարբեր առիթներով զրուցել ենք, ներկայացրել Օհան Դուրյանի ոչ միայն ստեղծագործական ուղին, այլեւ նրա տարեկից ու երիտասարդ գործընկերներից ստացել մաեստրոյի անվան շուրջ պտտվող տարաբնույթ խոսակցությունների պատասխանները: Օրինակ, ի պատասխան մեր հարցի (04.11.2001թ.), թե, այնուամենայնիվ, կոնֆլիկտներ եղե՞լ են իր եւ դիրիժորի միջեւ, Գոհար Գասպարյանը պատասխանել էր. «Իրավացի եք, եղել են: Տարիների բարձունքից այժմ ես դա դիտում եմ որպես հրեշտակների երկխոսություն՝ եթե համեմատենք օպերային թատրոնում այսօր տեղի ունեցող կոնֆլիկտների հետ…»: Կամ՝ հաճախ չէ, որ մեծանուն արվեստագետը իր երիտասարդ կոլեգային ընծա է անում, այն էլ ընտանեկան «գանձարանից»: Մեզ հետ զրույցում օպերային երգչուհի Մագդա Մկրտչյանը հայտնել էր, որ մաեստրոյի այրին եւ Դուրյան ընտանիքի բարեկամ՝ մասնագիտությամբ բժիշկ Վահան Վարդապետյանը իրեն նվիրել են Դուրյաններին պատկանող հնաոճ շքեղ զարդ՝ թանկարժեք քարերով (12.20.2012թ.): Այս առիթով տիկին Ալիսն էլ պարզաբանել էր, թե այդ զարդը երգչական կարիերայի սկզբից եղել է թալիսման եւ ուղեկցել իրեն յուրաքանչյուր բեմելիս, սակայն «Մագդան արժանացել է ոչ միայն օպերային դիվա Ելենա Օբրազցովայի, այլեւ դիրիժորներ Մարիո Մերիգոյի, Ջուզեպպե Սաբատինի, նույնիսկ Պավարոտիի բարձր գնահատականին: Եվ թող որ այս զարդը նրան բերի նաեւ անձնական երջանկություն…»:

Վերջերս էլ մի երաժիշտ (հարգելով նրա արվեստը՝ անունը չենք նշում) որոշ լրատվամիջոցներում ու Ֆեյսբուքում գրում է՝ իբր այլ մեծանուն երաժիշտների թվում Դուրյանին, մինչ 2011թ. մահկանացուն կնքելը, «վռնդել են Հայաստանից»: Այս առիթով մեզ հետ զրույցում Էդուարդ Թոփչյանը, որը կարճ ժամանակահատված ուսանելով Դուրյանի ղեկավարությամբ, այնուամենայնիվ, համարում է նրան իր պրոֆեսորներից մեկը, ասաց. «Արվեստագետները, մանավանդ մեծանուն, խոցելի են: Նրանց հետ անհրաժեշտ է նուրբ վարվել: Ես Դուրյանի դեպքում «վռնդել» բառը չէի գործածի, բայց, անկասկած, մաեստրոյի անվան շուրջ ժամանակին եղան անհեթեթ ոչ միայն խոսակցություններ, այլեւ որոշումներ: Օրինակ, հայտարարվեց, թե Օհան Դուրյանը նշանակվում է օպերային թատրոնի ցմահ գլխավոր դիրիժոր, եւ այլն, եւ այլն: Այո, նրան մեկուսացրին, սխալ է նման երաժիշտների հետ նման վարվելաոճը: Ի վերջո՝ Դուրյանը Դուրյան էր»: Ապա հավելեց. «Նրա ղեկավարությամբ ես սովորել եմ ամենակարեւորը՝ երաժշտությանը մոտենալ գերագույն լրջությամբ»: Դիտարկմանը, թե ի վերջո գալիս է տարիք, երբ նույնիսկ աշխարհահռչակ արտիստը պետք է հեռանա բեմից, Թոփչյանը պատասխանեց. «Դիրիժորը մտածող է, փիլիսոփա: Եվ ինչքան էլ նա հասունանում է, տարիքն առնում է, այնքան իմաստնանում է: Դուրյանի հոբելյանին նվիրված համերգում ընդգրկել եմ Բեռլիոզի «Ֆանտաստիկական սիմֆոնիան»: Եթե չեմ սխալվում, առաջին անգամ, հայրենիք վերադառնալուն պես, Դուրյանը այդ սիմֆոնիան է ղեկավարել»:

Մեր զրուցակիցը նշեց, որ 1922թ. Երուսաղեմում ծնված պատանին երիտասարդ տարիքում մեկնում է Եվրոպա, զարմացնում իր ֆենոմենալ հիշողությամբ, խոր ու զգայուն երաժշտականությամբ: Վերադառնալով հայրենիք, մինչեւ 1950-ականները մոտ 5 տարի Դուրյանը ղեկավարել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը, ապա մեկնել Եվրոպա, 1962-67թթ. հանդես է եկել Լայպցիգի հռչակավոր Gewandhaus նվագախմբի հետ. «Կայացած 15 համերգները, որոնց ժամանակ դիրիժորը չի օգտագործել ոչ պարտիտուր, ոչ դիրիժորական փայտիկ, դառնում են գերմանական երաժշտական կյանքի բարձրակետը՝ հանդիսատեսի մեջ կենդանի թողնելով խոսուն ձեռքերի երաժշտության լեզուն: Մամուլում նրան համեմատում են Բերնշտայնի, Կարայանի, Տոսկանինիի, Նիկիշի եւ մյուս հանճարների հետ: Հակիրճ չեմ կարող խոսել, նա աշխատել է աշխարհի 110 նվագախմբերի հետ, իբրեւ օպերային դիրիժոր էլ, ասում են՝ Դուրյանի գլուխգործոցն էր նրա ղեկավարությամբ 60-ականներին Լայպցիգի օպերային թատրոնում ընթացող «Դոն Կառլոս» օպերան: Չմոռանամ, որ 1998-2001թթ. մաեստրոն հանդիսացել է Ազգային օպերային թատրոնի գլխավոր դիրիժորը: Այո, նա վիրավորված հեռացավ Ռուսաստան, Մոսկվայում հանդես եկավ մի շարք համերգներով, ավելի ուշ վերադարձավ Հայաստան…»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Իրինա Զաքյանը (ձախից), Էդուարդ Թոփչյանը,
Օհան Դուրյանը Եւ Ռուզաննա Սիրունյանը 2001թ:

«Առավոտ»

26.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031