Լրահոս
Օրվա լրահոսը

Կարմիր դիպլոմ, բայց դատարկ CV` անգործություն

Հոկտեմբեր 27,2017 13:30

Ո՞րն է պատճառը, որ անգամ կարմիր դիպլոմով բուհ ավարտածներն աշխատանք չեն գտնում

Աշխատանք գտնելը շատ դժվար է. արտահայտություն, որ կարող ենք լսել ՀՀ գրեթե յուրաքանչյուր վայրում եւ յուրաքանչյուրից: Ո՞րն է պատճառը: Դասական պատասխանն է. չկա կրթական բարձր մակարդակ, հետեւաբար չկա որակյալ մասնագետ:

Մինչդեռ բուհերի վարկանիշային սանդղակներն էլ են ցույց տալիս, որ Հայաստանում կան կրթօջախներ, որոնք կրթության որակով չեն զիջում միջազգային որոշ բուհերի:

Փորձեցինք նշված խնդրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալ կրթության փորձագետ, ԵՊՀ դասախոս Սերոբ Խաչատրյանից: Նա նշեց, որ հայաստանյան բուհերում մի շարք խնդիրներ կան, որոնք գործազրկության պատճառ են դառնում. «Կարեւորագույններից է դասախոսի գործոնը: ԵՊՀ-ում կան շատ մասնագետներ, ովքեր առարկային տիրապետում են միայն տեսական մասով: Ուստի ուսանողին չեն կարող տալ այն, ինչ ներկայում է պահանջվում: Միայն դասախոսություն թելադրելով ու հետո այն պահանջելով՝ մասնագետ չեն կերտում»: Շարունակելով թեման՝ պարոն Խաչատրյանը նկատեց. «Մեր կրթօջախներում հետեւյալ կերպ է. նայում են՝ ինչ մասնագիտություն է ու որոշում` ինչ առարկաներ են դասավանդելու: Չեն մտածում, որ ուսանողին, բացի ակադեմիական կրթությունից, ոլորտում աշխատելու հմտություն է հարկավոր»:

ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայի շրջանավարտ Լիլիթ Սիմոնյանը բուհն ավարտել է կարմիր դիպլոմով, սակայն մեկ տարի է՝ աշխատանք չի կարողանում գտնել. «Համալսարանում ոչ պետքական առարկաներ ենք անցել. օրինակ՝ «Փ» տառի արտասանությունը սովորելու փոխարեն կարող էինք անգլերենի եւ ռուսերենի իմացությունը բարելավել, այսինքն՝ անեինք այն, ինչ աշխատաշուկան է պահանջում: Ուր գնում ենք՝ լեզուների իմացություն է պահանջվում: Բայց չէ, ո՞նց կլինի՝ Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողը բազում անկարեւոր առարկաների փոխարեն սովորի այն, ինչ հարկավոր է: Մենք բանասեր ենք, ուրեմն պիտի միայն բանասիրություն ուսումնասիրենք»:

Բարձրացված խնդրի վերաբերյալ պարզաբանումներ ստացանք ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանից: Տեղեկացրինք, որ կան դժգոհություններ օտար լեզուների համար տրամադրված դասաժամերի սղության վերաբերյալ: Դեկանը հավաստիացրեց, որ ֆակուլտետում որոշակի ժամաքանակով անցնում են տվյալ առարկաները, իսկ պնդմանը՝ դա չի բավարարում աշխատաշուկայի պահանջներին համապատասխանելու համար, արձագանքեց. «Եթե իրենց դա չի բավարարում, թող գնան Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ: Մենք ի՞նչ անենք: Մենք մանկավարժ ենք պատրաստում: Նրանք մասնագիտական առարկաներ պիտի անցնեն»:

Ամեն տարի համալսարանն ավարտում են 3000-ից ավելի ուսանողներ տարբեր մասնագիտություններով: Գրեթե բոլորն էլ կանգնած են հետեւյալ խնդրի առջեւ՝ իսկ աշխատանք գտնելո՞ւ եմ: Երկար որոնումներից, փորձաշրջաններից հետո նրանք համոզվում են` ոչ:

ԵՊՀ Կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանը ուսանողներին խորհուրդ է տալիս լինել աչքաբաց, նպատակասլաց. «Լավ մասնագետը միշտ էլ գործ գտնում է: Ուղղակի պետք է տիրապետել մի քանի նրբությունների, որոնք համեմատաբար հեշտացնում են աշխատանք գտնելու գործընթացը: Կարեւորագույն պայմաններից հարուստ CV ունենալն է: Ուսանողը հնարավորինս շատ պետք է մասնակցի տարբեր միջոցառումների, թրեյնինգների, որոնց մասին կկարողանա գրել իր CV-ում: Բացի այս, ուսանողներին պակասում է իրենց անձնային աճում ներդրումը: Նրանցից շատերի խնդիրն էլ այն է, որ չեն ընդունում կամ գիտակցում իրենց թույլ եւ ուժեղ կողմերը: Երբ կանեն դա, ապա մի քայլով եւս կմոտենան լավ մասնագետի աթոռին եւ համապատասխան աշխատանք գտնելուն: Այն, ինչ հիմա պահանջում է աշխատաշուկան, բուհն ամբողջությամբ չի կարող տալ` կրեատիվություն, թիմում աշխատելու հմտություններ եւ այլն: Ակադեմիական կրթությունը պարտադիր, բայց ոչ բավարար պայման է մեր ժամանակներում աշխատանք գտնելու համար: Կարմիր դիպլոմով ու դատարկ CV-ով գործ գտնելը հավասարազոր է անգործության»:

ԵՊՀ Փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողուհի Նարինե Եսայանը համամիտ է Լիլիթ Հակոբյանի հետ` ավելացնելով, որ ոչ ճոխ CV-ն գործատուին վստահություն չի ներշնչում, սակայն չի էլ ողջունում CV-ին «լցնելու» մերօրյա մեթոդները. «Ինչո՞ւ իմ ժամանակն ու ռեսուրսները պիտի վատնեմ լրացուցիչ ծախսերի, թրեյնինգների ու նման բաների վրա: Ես, ավարտելով բուհը, պետք է արդեն մասնագետ լինեմ, ով կարող է աշխատել, իսկ ես ու իմ համակուրսեցիները, 4-րդ կուրսն ավարտելով՝ ինքներս մեզ հարց էինք տալիս` հիմա մենք հոգեբա՞ն ենք, բայց ո՞նց ենք աշխատելու: Ու 4 տարուց հետո ընդունվելով մագիստրատուրա՝ մտածում ես, որ դա քեզ կտա գիտելիքներդ կիրառելու հմտություններ, ու …ես արդեն ավարտում եմ ու չեմ ստացել դա»:

ՍՈՆԱ ՄԿՐՏՉՅԱՆ

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ

«Առավոտ»

26.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031