Լրահոս
Օրվա լրահոսը

Վճռական փոփոխությունների շեմին-1

Հոկտեմբեր 27,2017 13:00

Օպերային թատրոնն այնպիսի բարդ մեխանիզմ է, որի ամենափոքր դետալի խափանման դեպքում այն կանգ է առնում: Օպերային թատրոնի աշխատանքում չկա առաջնային եւ երկրորդական հասկացություն: Բոլոր բաժինների աշխատանքները փոխկապակցված են եւ պետք է աշխատեն մեծ ճշգրտությամբ` ապահովելով թատրոնի ամենօրյա հստակ գործունեությունը: Մեխանիզմը գործի դնելու համար անհրաժեշտ է ստեղծել բաժին, որտեղից գործի է դրվում թատրոնի ամբողջ գեղարվեստական աշխատանքն ու դրա վերահսկումը՝ «Պլանավորման, կոորդինացման եւ վերահսկման բաժին»-ը՝ օրգանիզմի ուղեղը: Այս բաժնում են պլանավորվելու մեներգիչների, բալետի մենակատարների, կոնցերտմայստերների անհատական փորձերը, նվագախմբի, երգչախմբի, կորդե բալետի առանձին խմբերի եւ ընդհանուրի աշխատանքը, ընթացիկ խաղացանկի, նախատեսված նոր ներկայացումների, վերականգնվող ներկայացումների, դահլիճի վարձակալման, որոշ պետական միջոցառումների գրաֆիկը, հաշվի առնելով դիրիժորների, ռեժիսորների, բալետմայստերների, լուսային ռեժիսորների, նկարիչների, բեմադրական մասի ղեկավարի կարծիքն ու առաջարկությունները ներկայացումների իրագործման ժամկետների՝ փորձերի քանակի, արտիստների եւ բեմական հնարավորությունների վերաբերյալ: Տարիներ շարունակ, թատրոնի գեղարվեստական գործունեությունը պլանավորվել է հապճեպ: Դա կվերջանա, երբ կստեղծվի առաջարկածս բաժինը: Հասկանալի է, որ թատրոնին չի հերիքում ստեղծարար էներգիան, որպեսզի դառնա դինամիկ թատրոն, մշտապես փնտրող, փոփոխվող թատրոն: Ուստի անհրաժեշտ է ներգրավել ինտելեկտուալ անձերի, որոնք գիտեն գործը կազմակերպել խելամտորեն:

Թատրոնը վերակառուցման խիստ եւ անհետաձգելի կարիք ունի: Հասկանալի է, որ դա ցավոտ կլինի, բայց դա անհրաժեշտություն է: Անզեն աչքով անգամ դիտելիս, պարզ ու հստակ երեւում է, որ շատերը հայտնվել են թատրոնում, մեղմ ասած, ընկերական, խծբ ճանապարհով եւ նրանց տեղավորման համար թատրոնը լրացուցիչ ֆինանսներ չի ստացել: Նրանց աշխատավարձը վճարել եւ վճարում է թատրոնը իր ունեցած չափավոր բյուջեից, դժվարացնելով գեղարվեստական խնդիրների լիարժեք լուծումը: Ներկայիս ղեկավարությունը՝ Կոնստանդին Օբելյանը եւ նրա առաջին տեղակալ Կարինե Կիրակոսյանը, անցել է թատրոնի աշխատանքի վերակառուցման դժվարագույն խնդրին՝ ազատվել նրանցից, որոնք «աշխատելով» թատրոնում, տարիներ շարունակ չեն եկել աշխատանքի, նրանցից, որոնք եկել-գնացել են, բայց չեն աշխատել, նաեւ նրանցից, որոնց «աշխատանքը» բացարձակապես պետք չէ թատրոնին: Անխտիր, բոլորը պետք է հասկանան, որ օպերային թատրոնը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն չէ, ոչ էլ անկելանոց, ոչ էլ Աշխատանքի տեղավորման գործակալություն: Օպերային թատրոնն ի՛նքը պետք է որոշի իրեն անհրաժեշտ աշխատողներին: Թատրոնին պետք են բարձր կարգապահությամբ, եռանդուն, խստապահանջ մասնագետներ, որոնք գիտեն ինչ է թատրոնը, ինչ է անհրաժեշտ նրա գոյության եւ առաջընթացի համար: Անհրաժեշտ է ուսումնասիրել եւ հասկանալ գեղարվեստական պաշտոն զբաղեցնող որոշ աշխատողների մակարդակը, համապատասխանո՞ւմ է նա՝ իր կուլտուրայով, ինտելեկտով, աշխարհայացքով, իր զբաղեցրած պաշտոնին, ընդունա՞կ է կիրթ ձեւով հարաբերվելու, գեղարվեստորեն օգտակար լինելու, կարճ ասած՝ «իր տեղում» է, թե մեկն է, ով թյուր պատկերացումներ ունի թատրոնի գեղարվեստական կյանքի մասին եւ իր անձն է սիրում թատրոնում եւ ոչ թե թատրոնն իր մեջ: Թատրոնին պետք չեն շենք մտնող-ելնող դերասաններ եւ ծառայողներ, ինչպես նաեւ պետք չեն նարցիսներ, որոնք ունեն փառասիրական նկրտումներ՝ ունենալ «թագավորություն» Թատրոնի Թագավորության մեջ: Թատրոնին պետք են միտք բերող, մտածող, «արվեստի մեռոնով թաթախված արտիստներ եւ ծառայողներ»: Թատրոնը սրբավայր է, Արվեստի Սրբազան Տաճար, որի շեմն անցնելիս յուրաքանչյուրը դրսում պետք է թողնի իր չնչին ու հետին մտքերը եւ ներս մտնելիս ունենա արարման զգացողություն եւ հաստատակամություն:

Թատրոնը պետք է հստակ պատկերացնի իր այսօրն ու վաղը: Իսկ դա պետք է երեւա խաղացանկի ընտրությամբ, ժանրային հարստությամբ, փորձասենյակներում կատարվող մանրակրկիտ, համառ աշխատանքում, մինչեւ բեմադրությունը: Ունենալ խաղացանկում տասը-տասներկու օպերային ներկայացում, որոնցից մի քանիսը ամբողջ թատերաշրջանում չեն ներկայացվում կամ ներկայացվում են մեկ կամ երկու անգամ, հաստիքի վրա ունենալ հիսուներեք երգիչ-երգչուհի, քսան վոկալիստ էլ՝ պայմանագրային հիմունքներով, չլսված, չտեսնված շռայլություն է: Բացի դրանից, ինչպե՞ս կարելի է խաղալ արտիստների, հատկապես երիտասարդ երգիչների արտիստական ճակատագրի հետ՝ ընդունել թատրոն եւ չերգացնել: Անթույլատրելի է այդպիսի ֆինանսական եւ գեղարվեստական շռայլություն, որն անհնար է խելամտորեն հիմնավորել:

Վերջին տարիներին, թատրոնի գեղարվեստական աշխատանքը մեծապես կախված է մի շարք առաջատար մեներգիչներից, որոնք սոցիալական խնդիրների պատճառով, միաժամանակ աշխատում են տարբեր երգչախմբերում, երաժշտական դպրոցներում, կոնսերվատորիայում: Վստահ եմ, որ դա իրենց երազանքը չէ: Աշխատելով այդ երգչախմբերում, որպես պարզ արտիստներ, նրանք հաճախ ավելի բարձր աշխատավարձ են ստանում, քան օպերային թատրոնում` իբրեւ մեներգիչ: Բայց այստեղ կա օպերային մեներգչի համար բացասական մի կողմ: Երգչախմբերում աշխատելու վտանգն այն է, որ «մեներգիչ» եւ «երգչախմբի արտիստ», տարբեր հոգեբանական պահանջներ ու մոտեցումներ ունեն, հատկապես, եթե նկատի ունենանք երգչախմբերի ծրագրերը եւ պահանջվող կատարողական ոճը, թեեւ՝ վոկալ առումով, նույն հիմքն ունեն: Թատրոնը, իրականում, չի ունեցել մեծ եւ հետաքրքիր, բազմաժանր խաղացանկ, հագեցած, ճշգրիտ գրաֆիկ, որի հետեւանքով մեներգիչների կազմը մատնված է անգործության: Սա էլ, իր հերթին, բերում է վհատություն՝ չկա գեղարվեստական, հոգեկան բավարարվածություն, եղածն էլ հետաքրքիր չէ գեղարվեստական առումով: Ուստի, որոշում են ժամանակի «ավելցուկը» օգտագործել լրացնելու ընտանիքի բյուջեն, աշխատելով մի այլ տեղ, երբեմն՝ երեք-չորս, որտեղ կա խիստ կարգապահություն, կամ՝ եւ՛ կարգապահություն, եւ՛ հետաքրքիր աշխատանք: Հասկանալի է, որ դրա հետեւանքով տուժում է օպերային թատրոնի գեղարվեստական աշխատանքը, հիմնական գործոնից վերածվելով կախյալի: Հետեւանքը` կարգապահության խիստ անկում: Հնարավոր չի լինում փորձերի համար ընտրել միասնական օր ու ժամ, երգիչների տարբերօրյա եւ տարբերժամյա զբաղվածության պատճառով: Օպերային թատրոնը, տարբեր արվեստների ընդգրկմամբ` երգարվեստ, պարարվեստ, դերասանական արվեստ, գեղանկարչություն, տարազագիտություն, լուսային, բեմական ձեւավորում, ճարտարապետություն, խոշոր միավորումներ՝ նվագախումբ, երգչախումբ, մեներգիչներ, դիրիժորներ, խմբավարներ, կոնցերտմայստերներ` մոտ երեք հարյուր հոգի, մեքենայական բաժին, բեմական բաժին, վարչական բաժին եւ այլ բաժիններ, ընդհանուր` 566 մարդ, լինելով հանրապետության խոշորագույն գեղարվեստական օջախը՝ բնականաբար, առաջին դեմքը, դժվարությունների մեջ է: Եվ այս հսկա թատրոնի աշխատանքը չի կարգավորվում վերը նշված խնդիրների պատճառով: Որոշ իմաստով, այս խնդիրը առկա է նաեւ նվագախմբում:

Իրենց գեղարվեստական վիճակից արդարացիորեն բողոքող մեներգիչները, որոնց մեծ մասը նշածս խնդիրների պատճառով թատրոն է մտնում շաբաթը մեկ անգամ, երբ առաջարկվում է սովորել նոր դերերգեր, իրավացիորեն մերժում են, պատճառաբանելով, թե այն, եթե չի բեմադրվելու, առնվազն, համերգային ձեւով մի քանի անգամ չի կատարվելու, ինչու իրենք պետք է սովորեն, թեեւ նոր դերերգեր սովորելը հետաքրքիր կդարձներ իրենց՝ եթե ո՛չ արտիստական կյանքը, ապա մասնագիտական կյանքը հաստատապես: Հավանաբար անհրաժեշտ կլինի վերանայել ներկայացումներում ընդգրկվող մեներգիչների ընտրության հարցը՝ թողնելով այն թատրոնի գեղարվեստական ղեկավարի եւ ներկայացումը վարող դիրիժորների վրա, որոնք, չլինելով իրենք իրենց թշնամիները, կընտրեն միայն լավագույններին, կարգապահներին, աշխատասերներին. բնականորեն կկրճատվի մեներգիչների ուռճացած կազմը, մեծ հնարավորություններ կբացվեն երիտասարդ, օժտված վոկալիստների առաջ, որոնք, այսօր, համարյա չունեն հնարավորություն բեմ դուրս գալու: Բնական ճանապարհով կստեղծվի ազնիվ մրցակցային դաշտ: Հույժ անհրաժեշտ է հստակեցնել, թե մեր թատրոնը ինչպիսին պետք է լինի` դիրիժորական, ռեժիսորական, դերասանական, ռեպերտուարային, թե սեզոնային, մշտական որոշակի կազմով, թե՝ հրավիրյալներով: Մշտական կազմի դեպքում հնարավոր է հասնել բարձր անսամբլային մակարդակի:

 

ԶԱՎԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
դիրիժոր

«Առավոտ»

26.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031